Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մանկական գրքի տոն էր։ Բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի «Գունդուչիկն ու հայելին» մանկական բանաստեղծությունների գունազարդ ժողովածուն («Վան Արյան» հրատ.) հրաշալի առիթ էր մանուկների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, փոքրիկ ընթերցողների և հեղինակի հանդիպման։ Բեմը մանուկներինն էր, նաև՝ հեղինակի փոքրիկ զարմիկներինը, թոռնիկներինը, և հենց նրանց շուրթերից հնչեցին Գոհար Գալստյանի նաև անտիպ մանկական բանաստեղծություններից, ինչպես նաև նրա հեղինակած «Նռան հատիկ» երգը, որը մանկական թատերական փառատոնի համար գրվելով 2004 թ.՝ հնչել է որպես փառատոնի առաջին հիմն։
Հանդիսությանը հատուկ հրավիրված Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաները՝ ուսուցչուհի Թամարա Միրզոյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին օրեր առաջ դպրոցում բեմադրված «Գունդուչիկն ու հայելին» գրքի բանաստեղծությունների շարքը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից։ Մանուկների կողմից արդեն սիրված փոքրիկ հերոս Գունդուչիկը գրքում ներկայանում է հեղինակի նկարազարդումներով, և այդ կերպարով դպրոցականների գունանկարները ևս առանձնահատուկ երանգ էին հաղորդել սրահին։
Գրքի հրատարակիչ Վան Արյանը ջերմորեն շնորհավորեց հեղինակին և ողջունեց մանուկներին՝ կարևորելով մանկական գրականությունը։ Ամփոփիչ խոսքում Գոհար Գալստյանն իր երախտագիտությունը հայտնեց հրատարակչին, բոլոր մանուկներին և ուսուցչուհի Թամարա Միրզոյանին, Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցներին և հյուրերին՝ իր գրչակից ընկերներին անուն առ անուն ողջունելով։ Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Սեփ. թղթակից