ՇՈՂԻԿ ՍԱՀԱԿԵԱՆ-ՄԻՆԱՍԵԱՆ

ՇՈՂԻԿ
ՍԱՀԱԿԵԱՆ-ՄԻՆԱՍԵԱՆ
(Լոնդոն)
ՉԳԻՏԵՄ՝ Ո՞Վ ԵՄ
Չգիտեմ ես՝ ո՞վ եմ կամ ի՞նչ,
Մի շշո՞ւկ, թէ՞ կանչ,
Խտացած մի մո՞ւթ,
Ժպի՞տ գլորւած,
Վերջալո՞յս չոքած,
Մի քա՞ր առանց լաց,
Իջնող արեգա՞կ,
Լուսի՞ն նորածին,
Ջերմ, ճերմակ մի սէ՞ր,
Անմութ, լոյս գիշե՞ր,
Ծո՞վ մի ծարաւած,
Վազող զուլալ ջո՞ւր,
Թէժ սիրոյ կաթի՞լ,
Հրաժէշտի խօ՞սք,
Կամ սիրոյ խօստո՞ւմ,
Անմոռաց անո՞ւն,
Մի խո՞ւնկ եմ անծուխ,
Կամ մի բա՞խտ քնած,
Կամ արդար յանցա՞նք,
Ուշացած մի լո՞ւր,
Աղաղա՞կ մի լուռ,
Խորհուրդների լոյս մառա՞ն՝
Ապրումներով իգական,
Սիրոյ ցնորքն ու վկան…

Ինչքան որ թւեմ,
Իմ ո՛վ լինելը
Ինքս էլ չգիտե՜մ…

Մի մէնութի՞ւն,
Հազար գումարո՞ւմ,
Այլազան ձուլո՞ւմ,
Խոյանք ու յուզո՞ւմ…

Պարզ և պարզապէս՝
Սրտիս եկածը
Գրե՛լ եմ ուզում։

ԴԻՏԱՐԿՈՒՄ
Նայում եմ ծառերին
Հիացած,
Եւ որքան քիչ են,
Այնքան շատ եմ տեսնում
Նրանց…

ՊՏՏՒՈՒՄ ԵՆՔ…
Դու երկիր,
Ես՝ մոլորակ,
Երկուսս էլ պտտւում ենք
Մեր սիրոյ շուրջ
Շարունակ,
Նոյն ճամբի վրայ,
Բայց հեռու ընկած,
Ու մնում անհաս՝
Իրարով գերւած։

Ժամանակների ոլորումի մէջ
Պտտւում ենք, պտտւում
Իրար շուրջ անվերջ,
Ու մեր վերջը
Չունի վերջ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։