Նարինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, դոցենտ
Սասունում և Սասունից անդին. Ռոլանդ Շառոյանի
«Էրգրի աստվածները» գիրքը
Դեպի էրգիր ձգվող հոգևոր ճանապարհը վիպական անկաշկանդ տարածության մեջ արձանագրում է Սասնա ոգու ասքը՝ ընթերցողի դիմաց միանգամից բացելով այդ աշխարհի փակ դռները: Հիշողությունների շղթա՝ ժառանգված տոհմից ու էրգրից, ներզգացողություններ՝ ջղով ու արյամբ փոխներթափանցված, երևակայություն, որ բնավ անհող չէ, այլ մտքի ճառագայթով Մհերի դուռը ճեղքող ու անդին հայտնաբերող ոգեղեն աչք:
Կյանքն ու գրականությունը այս պարագայում ոչ միայն կողք կողքի են, այլև միևնույն երևույթի դարձերեսները: Գրողն ինքը ավանդական ու նորագույն վիպասքերից սերած Սասնա մի ճյուղ է՝ տոհմածառի արմատներով խոր կառչած էրգրին, միտքը՝ «էրգրի աստվածներով» առլեցուն, որ կտրում-անցնում է ժամանակային ու տարածական շրջաբաժանները, վերագտնում ենթագիտակցորեն իրեն հայտնի կորուսյալ մասունքները:
Սասնա բնավորություն ունի նաև Շառոյանի գրականությունը. ամուր ու ջլապինդ, ինչպես էրգրի քարակոփ ժայռերը, զուսպ ու լրջախոս, որպես լեռնաշխարհիկ բարոյականությունը, սրընթաց ու խորահայաց, ինչպես երկինքներին մոտ ճախրող Սասնա արծիվները, առնական ու հպարտ, որպես էրգրի աստվածները:
Էրգրի իրական աստվածները մշտառկա գոյություն են Շառոյանի կյանքում և գրականության մեջ, որոնք ժամանակ ու տարածություն չեն ճանաչում, տարրալուծում են անցյալը, ներկան ու ապագան, դառնում կյանքի վերտառություն և գրքի խորագիր:
Ռ. Շառոյանի «Էրգրի աստվածները» գիրքը լույս է տեսել 2017 թ. Երևանում: Գիրքը Սասնա վիպասանությունը համալրող նորօրինակ դրսևորում է, ուր ի մի է բերված գրողի արձակ ստեղծագործությունների վիպասքային տեսակը, որոնք, առանձին և ինքնակա արժեք լինելով հանդերձ, միավորվում են ընդհանուր մի լարով: Դա Սասնա ներքին լարն է, որ հոսանքի պես անցնում է ստեղծագործությունից ստեղծագործություն, ուր խառնվում են երևակայականն ու առարկայականը, ուր առասպելը դառնում է իրականություն, իրականությունը՝ առասպել: Դա այն աշխարհն է, ուր արու ժառանգի ծնունդն օրհնաբանվում է հրացանի պայթյունով՝ ռազմի գիրը ճակատին դրոշմելով՝ որպես անշրջանցելի գոյապայման, որովհետև «Կռիվների քմահաճ Աստվածը միայն հերոսներին է լսում և զորավիգ դառնում»[1], որովհետև «մեր երկրի աստվածները» պատգամում են մեզ «մահ կամ ազատություն»[2], ու մարդկանց համար անպատիվ ստրկության փոխարեն նախընտրելի է արժանապատիվ մահը՝ որպես մի այլ ազատություն: Այդպես են ինքնադաստիարակվել Սասնա սերունդները՝ այր թե կին՝ գաղափարատիպ ունենալով էրգրի կենդանի աստվածներին, որոնցից Շառոյանի վիպական աշխարհում կենտրոնական ու գերագույն է դառնում Գևորգ Չաուշը:
Գևորգ Չաուշի ասքը Շառոյանի ստեղծագործական համակարգում բազմադեմ է ու բազմաժանր՝ ուսումնասիրություն, մանրապատում, վիպասք: Հայդուկապետի կերպարը մշտապես գրողի ստեղծագործական ճանապարհին ոգեղեն ներկայություն է, ում հանդեպ գիտական հետաքրքրությունն ու գեղարվեստական ոգեշնչվածությունը ավարտ չունեն, ու «Էրգրի աստվածները» վիպասքը՝ շարունակություն ենթադրող իր ավարտով, բազմախոսուն է և բազմախորհուրդ:
«Էրգրի աստվածները» վիպասք է բոլոր առումներով՝ բովանդակային ու կառուցաբանական, ոճական ու գաղափարական, ինչպես՝ Սասնա հերոսների ազատապաշտ ոգին, կոփածո կամքը, հանդուգն վարքն ու մտածողությունը, պատումի ուղիղ, անկաշկանդ եղանակը, վիպական անխառն ասքը՝ առանց քնարական բաղադրիչի, խորհրդաշատ ու անավարտ կառուցվածքը: Գործողությունների անընդհատական հոսքը, գեղարվեստական փոքր տարածության մեջ դեպքերի գերխիտ վիպականացումը նույնպես «Էրգրի աստվածները» վիպասքի հատկորոշ տարրերից են: Առանձնանշելի են նաև ֆիդայիներին կերպագծող տարերային պատկերները, երգ ու պարի և կռվի համադրությունը, ֆիդայիների շուրջ թշնամու կողմից հյուսվող ահասաստ պատմությունները և այլն: Սուլթան Համիդը նմանօրինակ զրույցներից «սկսել էր տառապել տեսլախտով»[3], կամ՝ «Սասունցիները պարով ու երգով սրտապնդում էին մեկմեկու, ասես իրենց մահ չէր սպասվում, այլ մի նոր, ազատ կյանք»[4]: Ահավասիկ նաև հայդուկներին տիպավորող մի քանի պատկերներ. «Նրանց կրծքերը ուր որ է կպայթեին անհանգիստ շնչառությունից», «Ֆիդայիների դեմքերին ընդգծված ցասումն էր միայն խոսում»[5]:
Սասնա դիմագծի ցայտուն հատկությունը Շառոյանի վիպասքում հանդգնությունն է, ինչպես Սասնա ծռերի խենթ քաջությունը էպոսում: Երբ հայրը տասնվեցամյա Գևորգին տանում է Առաքելոց վանք՝ ուսումնառության, Հովհաննես վարդապետի հարցին՝ ինչ կարող է անել, պատանի Գևորգը անշփոթ պատասխանում է.
– Լավ նշանառու եմ, ավելի լավ, քան մեր գյուղի տարեցները, կարող եմ քուրդ ու թուրք լամուկների գլուխները ջարդել իրենց պես:
Հովհաննես վարդապետը թույլ ժպտաց… Ժպիտից զգացվում էր, որ հանդուգն տղայի պատասխանը նրա սրտով էր: Նա հայացքն ուղղեց Ադամի կողմը:
- Տղադ գայլի սիրտ է կերել, նրանից ավելի շուտ ֆիդայի դուրս կգա, քան քահանա: Խունկ ծխելը վախենամ թե նրա փեշակը չլինի, խոսքերից վառոդի հոտ է փչում: Ես հոժարակամ կվերցնեմ մեր դպրոցը, բայց կխորհիմ, թե նրա հանդուգն հոգին չկարենանք զսպել[6]:
Շառոյանական Սասնա աշխարհում վարդապետ ու ֆիդայի, կին և տղամարդ նույն առաքելությունն ունեն: Զինապարտ են բոլորը՝ հանուն մի ուխտի. «Պատրաստ եմ անձս զոհել, միայն թե ծագի Հայաստանի անկախության արևը»[7],- ասում է Գևորգը: «Պետք է անտեսենք մահը, իսպառ մոռանանք մահվան վախի մասին, մեր հույսն ու ապավենը այժմ զենքն է՝ դարիս աստվածը»[8],- կոչ է անում Գաբրիել քահանան:
«Էրգրի աստվածները» գրքի երկրորդ դուռը, որ տանում է Բսանք գավառի Գոմք գյուղը՝ «Հիշողության դարձ» խորագրով, ծագումնաբանորեն թեև կապված է նախորդին, բայց գեղարվեստական խոսքի ուրիշ որակ է: Նախորդ վիպասքից եկող պարզ ու հստակ, սեղմ ու տարողունակ պատումն այստեղ համալրում են զուսպ հուզականությունը, Սասնա լեզվամտածողությամբ ու բառագանձով թեթև թև առնող խոսքի պատկերավորությունը, վերհուշի մեղմաթախիծ եղանակը կամ, ինչպես հեղինակն է պատկերավոր խորագրում, «հիշողության դարձը»:
Հարյուր տարեկան սասունցի Ավոյի հիշողության դարձը ուրվագծում ու կերպավորում է անցյալի դեպքերն ու դեմքերը: Պաշարման մեջ գտնվող վանքի հերոսների հոգեբանությունը, կենսահայացքը գրողը պատկերում է այնպես, որ անմիջապես զգում ես Սասնա տեսակի յուրահատկությունը: Տպավորիչ է իշխան Շառոյի՝ ակնթարթի մեջ մանրաքանդակվող կերպարը՝ որպես Սասնա պատվական մի զարմ: Կոփածո կերպարներ են նաև որդին՝ Արթենը, տեր Ստեփանը, Աղջեն.
Չգիտես ինչու, Շառոն ոգևորվել էր, թեև նրա անհանգիստ սիրտը զգում էր, որ սա իր վերջին կռիվն էր լինելու….
- Ժողովո՛ւրդ,- ասաց,- մեզանից յուրաքանչյուրը երբեք էնքան շատ հարկավոր չի եղել հայրենիքին, որքան հիմա: Մահ՝ կնշանակե հայրենիքի կորուստ, էլ զոհվելու տեղ չունենք, մենք վերջին սերունդներն ենք, ուրեմն պահպանեք ձեզ: Մեզանից առաջ շա՜տ-շատերն են փառավոր մահով, դավաճանությամբ, նենգ գնդակից ընկել՝ կյանքը ձեզ,- Շառոն գավաթը տարավ շուրթերին ու մի ումպ առավ….
Ծղրտաց զուռնան, ու թնդաց դհոլը: Համբարձումը զուռնայի շրթունքն ուղղել էր թուրքերի կողմն ու ինքնամոռաց նվագում էր, ինքն էլ էր կարոտել զուռնային և իր կարոտի վրեժն առնելու չափ թոքերն ուռցրած՝ փչում էր, Սիմոնը դհոլի զարկին համաչափ խաղացնում իր մարմինը: Ի՞նչ շոգ, ի՞նչ մահ: Վանքի բակը թնդում էր պարողների ոտքերի տակ[9]:
Վիպասքից վիպասք Շառոյանի ստեղծագործության պատկերային համակարգը գեղարվեստական նոր հատկանիշներ է ձեռք բերում, միաժամանակ ավելի է բացվում սասնա հերոսների հոգեբանությունը: Երրորդ դուռը՝ «Ամպշող արև» վերնագրով, արդեն Սասնա վերապրողների աշխարհն է: Աստիճանաբար որոշակիանում է սասունցիների երկրորդ եզերքի՝ Աշնակ գյուղի պատկերը, ուր հաստատվել են ցեղասպանությունից փրկված և բռնագաղթի ճանապարհը մաքառումներով հաղթահարած Սասնա վերջին բեկորները: Հոգեբանական միակ սփոփանքը մնում է այն, որ ինչպես գրողն է պատկերում, էրգրի ու տոհմի ջիղը չի փոխվել, Սասնա մնացորդաց սերունդը ծննդավայրից հեռու էլ իր էրգրի ու տոհմի շառավիղն է:
«Ամպշող արև» վիպասքում ի մի են բերվում ժամանակային երկու փուլերը. ներկան միջարկվում է անցյալի դրվագներով՝ կամուրջ կապելով Աշնակից մինչև Սասուն: Դա մահվան ու Գողգոթայի ճանապարհից մինչև փրկության ափ ու վերածնություն ձգվող կամրջակապն է, որով անցել են Սասնա բեկորները.
․․․Մեր տուն ու տեղ շան բաժին դարձավ,- մերթընդմերթ կրկնում էր Օսանը՝ լացը կոկորդում չորացնելով, և պահ գտնում՝ մեջքին շալով խաչկապ արած գեղգեղացող երեխային խրատելու:
- Քո ոսկորներն էլ, Գևո՛րգ տղա, վրեժով թող սնվեն ու ամրանան, վրեժով զորանաս[10]:
Միաժամանակ շարունակվում է նախորդ վիպասքի հետ հոգևոր կապը՝ երևան բերելով ֆիդայիներ Արթենի ու Աղջենի առաքելությունը:
Հոգեբանական տիպավորմամբ, պատկերակերտման արվեստով, կյանքին ուղղված խորհրդածություններով, որ հաճախ գաղափարի արժեկշիռ ունեն, առանձնանում է նաև «Մառախուղ» վիպակը: Այստեղ ներկան, որ Քարուտ գյուղի առօրյան է, սասունցիների՝ քարից ծաղիկ ստեղծելու կենսակերպը, խորանում է բացվող անցյալով, ավելի բազմաշերտ է դառնում գեղարվեստական տարածությունը: Ծննդավայրից զրկված սասունցիներ, Հայրենական պատերազմ, կորստի ցավ ու վերապրում, հետպատերազմյան առօրյա ու այդ ամենի մեջ, թվում է, անվերադարձ կորցրած, բայց վերագտած աներկրորդ սեր:
Քարուտ գյուղը հիսունութ զոհ է տվել պատերազմում, հետո պարզվում է, որ Սերոբի «սև թուղթը» թյուրիմացություն է եղել, և տասնհինգ տարի հետո Սերոբը վերադառնում է գյուղ՝ ասես մահից հարություն առած.
- Չէ՛, դավաճանություն չի եղել: Վիրավոր, անուշք գերի ընկա, էնտեղ էլ կռվեցի, շներից էլ փախա, հասա մինչև Փարիզ, էլի կռվեցի, հետո էլ… երևի պիտի մեռած գերի ընկնեի, չէ՛, դավաճանություն չի եղել,- Սերոբը ձախ ձեռքի մատները խրեց մազերի մեջ, սանրեց: Ձեռքը երեսին թեթև հով անելով՝ թույլ թրմփաց ծնկին,- քո ուզածի պես կռվել եմ, բաբո՛, հանգիստ քնի: Էս սադափե մուշտուկն էլ Փարիզից նվեր եմ բերել, մի պարտիզպան տվեց: Հանգիստ քնի:
Վերջին բառերն ասելիս Սերոբը չդիմացավ, և կոկորդը մրմռաց: Գլուխը փոքր-ինչ շարժելով՝ նա կուլ տվեց կոկորդում կուտակված մրմուռը, բերանքսիվայր ընկավ թախտին: Գլուխը խրվեց բմբուլե փափուկ բարձի մեջ, լացը խեղդվեց…. Այդտեղ պառկում էր նրա հայրը, հենց գլուխը դիպչում էր բարձին, նա ննջում էր՝ վառված ծխախոտը բերանին[11]:
Շառոյանի գեղարվեստական խոսքը համարժեք է իր էրգրին ու էրգրից անդին երկրորդ ծննդավայր դարձած լեռնաշխարհին, հայի սասնա տեսակին. «Մարդու որդին որ զինվոր չլինի, ո՞ւմ է պետք, ամեն մարդու մեջ որ զինվորություն չլինի, ի՞նչ մարդ, էլ ինչի՛ վրա հպարտանաս»[12],- մտածում է սասնա հերոսներից մեկը՝ Ղուկասը («Սելավ»): Սեղմ ու դիպուկ ոճ, խոսքի ընթացքի հավասարակշռություն, կուռ կառուցվածք ու առնական ոգի:
Սասունցիների աշխարհը բացող ինքնատիպ պատումներ են նաև գրքի վերջին երեք գործերը՝ «Հարյուր կռունկ», «Հովն ընկավ», «Սելավ»: Էրգրի մարդկանցից ու նրանց կյանքից կուտակված տպավորություններն ու հիշողությունները Շառոյանը գրական աշխարհ է բերում անմիջականորեն՝ բոլոր դեպքերում պահպանելով բնականն ու իրականը: Կարելի է ասել, որ սասունցին Շառոյանի գրական աշխարհում նախևառաջ իրական բնորդ է, հետո միայն՝ գեղարվեստական կերպար: Իրական կերպարը, իրական պատկերը, իրական պատմությունը չգունազարդված արվեստով գեղարվեստական տարածություն բերելը Շառոյանի գրքում դառնում է գեղագիտական սկզբունք և զարգացման միտում: Այդ անմիջականությունն ու վավերականությունը նա իր ստեղծագործական ճանապարհին նախ վերածեց ակնարկների, որոնց նախադրյալի վրա հետո վերաճեցին մանրապատումները, պատմվածքները, վիպակները: Այդ անմիջականությունն ու անկաշկանդ բնականությունը նա պահպանեց նաև չափածո գրվածքներում, որ հետո ի մի բերեց «Բառերի խրխինջը» խորագրի ներքո:
«Էրգրի աստվածները» գիրքը այդպես էջ առ էջ բացում է հին ու նոր սասունցիների աշխարհը: Սասնա հին սերնդի մահով հեռանում է նաև էրգրի առարկայական հիշողությունը, վերանում՝ հոգևոր երկփեղկվածությունը՝ Սասունից անդին և Սասունում: Սասնա վերապրող սերունդների երակներում շարունակվում է տոհմիկ արյան եռքը, տոհմի ջիղն անփոփոխ է մնում, բայց էրգրի հիշողությունն այլևս չկա: Հիշողությունը ժամանակի հետ դառնում է ավանդություն, ավանդությունն էլ՝ առասպել՝ երազանքի ու վերացական կարոտախտի երանգներով:
[1]․ Ռ. Շառոյան, Էրգրի աստվածները, Ե., 2017, էջ 36:
[2]․ Նույն տեղում:
[3]․ Նույն տեղում, էջ 16:
[4]․ Նույն տեղում, էջ 28:
[5]․ Նույն տեղում, էջ 11:
[6]․ Նույն տեղում, էջ 7:
[7]․ Նույն տեղում, էջ 36:
[8]․ Նույն տեղում, էջ 11:
[9]․ Նույն տեղում, էջ 61:
[10]․ Նույն տեղում, էջ 80:
[11]․ Նույն տեղում, էջ 111:
[12]․ Նույն տեղում, էջ 229: