***
Իբրև զորեղ նվագարան
Հնչում է մեծ Նիագարան։
Երգեհոն է մի վիթխարի՝
Հնչյուններով իր անսպառ՝
Ունկերի մեջ ողջ աշխարհի։
Բայց իմ հոգին կուրախանա ու կբերկրի
Նախ և առաջ հենց իմ երկրի
Հրճվաճախրանք ջրվեժներով՝
Ջերմուկ, Բերկրի…
Անուշ են ու քաղցրահնչուն
Իմ տավիղն ու իմ քնարը։
Չեմ տենչում ես մեծի՜ն, շատի՜ն,
Չքնաղ է ու շքեղաշուք
Եվ իմ Շաքին։
ԴԱՇՆԱՄՈՒՐ
Կյանքը նման է մի դաշնամուրի՝
Գիշեր ու ցերեկ ստեղնաշարով,
Թախիծն է, իբրև ներդաշն ամուրի,
Նվագում՝ դյութված աստեղնաշխարհով։
Մեղմ ժպիտով քո կարոտն է այրի
Ինձ առաջնորդում այն թավուտը խուլ,
Ուր բացվում սիրո վարդերը վայրի
Ու ներանձնացած բուրում են տխուր։
Մատներդ հպում քո դաշնամուրի
Սպիտակ ու սև ստեղներին լուռ,
Ստիպում ես, որ քնքուշ համբույրի
Ջրաշուշաններ բոցկլտան մաքուր։
Երազն է հալվում շուրթերիդ հրից
Ու կոնյակ դարձած օրորում անուշ,
Դուրս գալիս հոգին առօրյա ծիրից
Ու իր աստղային ցնորքն է մանում։
Անորոշ հույզեր՝ նուրբ ու նվագուն,
Իրիկնամուտի տխրությամբ կարմիր
Սև դաշնամուրն են համրաձայն փակում՝
Ժամանակի հետ՝ անտես, անմարմին։
Լոկ հուշն է ժպտում կապույտում անծիր,
Մենավոր աստղի շողշողուն տեսքով…
Ա՜հ, եկ, սիրելի՛ս, ու կրկին բացիր
Դաշնամուրը քո մատներիդ ոսկով…
ՍԱՐԵՐՈՒՄ
Սարերն էի ես աշնանը գնում,
Այնտեղ էր մայրս, տնակում մեր հին,
Ծառերը ծանոթ ինձ ձեռքով անում,
Ժպիտներն էին օրորում դեղին։
Քայլում էի մեր հին կածաններով,
Ժայռն էր ողջունում էն մամռած ու ծեր,
Նրա թոռ մասրին՝ ոսկյա ծամերով,
Պարում էր՝ ձեռքին կաս-կարմիր կայծեր։
Քարկտիկ էին խաղում, հիշում եմ,
Կարմիր կղմինդրից գնդիկներ սարքած,
Աղջիկները մեր, երբ տաք աշուն էր,
Ու դեղին շունն էր նայում՝ լուռ պառկած։
Եվ հին-հին օրեր հիշում ես հանկարծ,
Անցած, մոռացված խաղեր եմ հիշում,
Որոնք թվում են հեքիաթ ու արկած՝
Մոռացումների կապույտ մշուշում…
Ու քայլում էի թել-կածաններով՝
Մտքիս թելերով հյուսելով գորգեր՝
Կարոտի նախշուն ծիածաններով
Զարդարելով սեգ լեռնաշխարհը մեր։
Սարվորներն էին ընդառաջ գալիս,
Հարցուփորձ անում գյուղից, աշխարհից,
Մայրս իր անուշ համբույրն էր տալիս՝
Տուն եկ, հոգնած ես դու ճանապարհից։
Իր հին սրճեփով սուրճ էր եփում նա,
Եվ ըմպում էինք մեղմիկ զրույցով,
Շուրջը հրաշեկ շուքն էր տաք աշնան,
Անտառը ոսկե՝ ծիրանի մի ծով։
Ու երբ գյուղ էի ես վերադառնում՝
Ինձնից սարերի բույրն երանելի,
Ուրցի ու դաղձի հոտն էի առնում՝
Մտորելով, թե երբ գնամ էլի…
ԷԼԵԳԻԱ
Ձյուն է, մայրամուտն է
Ոսկեղենիկ վառվում,
Շրջանակված կապույտ՝
Փայլ է տալիս առվում։
Ոսկի հավքեր անցան
Ու մնացին հեռվում,
Տխրահար ու անձայն
Մայրամուտն է վառվում…
ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Քրոջս որդուն՝ Արարատին
Քայլում ես էն վայրերում,
Ուր միասին շրջել ենք մենք,
Անձրևներից թրջվել ենք մենք
Ու հրճվել ենք՝ գտնելով սունկ…
Տխրություն կա իմ քայլերում,
Կարոտիս մեջ՝ վճիտ արցունք…
Դու զոհվեցիր, դարձար բարձունք,
Մենակ եմ ես այս վայրերում…
***
Ծղրիդը լռում, երգում է նորից,
Ու դաշտն է նիրհում նրա օրորից։
Մշուշն է կաթե բարձրանում ձորից,
Ցողն է արծաթե կախվում խոտերից։
Հոգնած հոգսաշատ, եռուն օրերից՝
Ես էլ եմ հանդարտ նիրհում օրորից։
Ու թիկնած կաղնու մամռապատ բնին՝
Աչքերս գոցում, տրվում եմ քնին։
Երազի մեջ էլ անսկիզբ-անվերջ
Երգն է ծղրիդի իմ ունկերի մեջ։
Տերևներ դեղին ուսերիս գցում՝
Չի ուզում կաղնին, որ նիրհեմ ցրտում։
Քամին էլ թեթև, զգույշ է անցնում՝
Ետ քաշելով և մշուշին տրտում։
Եվ կաղնուն թիկնած՝ քնում եմ խաղաղ,
Ջերմանում է թաց աշնան օրը պաղ։
ՔԱՐԸ
Մի մեծ քար նստած է մեր դաշտում,
Ո՜վ գիտե՝ երբվանից է այստեղ,
Քամիներն ու հավքերն են պաշտում,
Կարծես թե լինի նա մի աստըղ։
Ո՞վ գիտե իրական իմաստը,
Խորհում եմ ես էլ՝ մի բանաստեղծ,
Ծեր գետն է ասմունքում հին ասքը,
Լուռ նայում՝ երկինքը բազմաստեղ։
Եվ ուրի՜շ խորհուրդներ կան այստեղ…
Երբ մենք էլ չենք լինի աշխարհում,
Այս քարը կլինի՝ բազմած դեռ
Հողին այս՝ խորհրդով իր անհուն…