***
Եղերերգության բանաստեղծ չեղա,
Եղա երգիչը ռազմակոչության,
Խաչի հետ զենք եմ տալիս իմ որդուն
Եվ հաղթ ոգի եմ ներարկում նրան.
Ներքնապայքարը չի առնում դադար
Ինքնաորոնման ամբողջ ընթացքում,
Կարծում եմ՝ մենք դեռ զորանանք պիտի
Ու ահ ներշնչենք մեր հին թշնամուն.
Մենք պարտքեր ունենք մեր զոհվածների՝
Ոսոխին թողած հողերի հանդեպ,
Դավաճանին պիտ պատժել սովորենք,
Ունենանք մեզ հետ ամրակուռ շերեփ…
Չէ՛, ես ողբասաց ողբերգու չեղա,
Ըմբոստ երգիչը դարձա հայրենյաց,
Խաչի հետ զենք եմ տալիս տղերքին
Եվ հաղթ ոգի եմ ներարկում նրանց:
***
Հայաստան երկրում զինվորի պակաս
Եվ ավելցուկ կա բանաստեղծների,
Սրանից է, որ որոշ պոետներ
Ընկերանում են ինքնաձիգներին.
Գրելու ձիրքը անթեղած հոգում,
Զենքով են շարում տողերը իրենց,
Եվ ճանաչվում են նախ՝ որպես զինվոր
Ու հետո միայն՝ որպես բանաստեղծ…
Իսկ թե զինվորի պակաս չլիներ
Ու միշտ ելնեինք սրտանց կռվելու,
Հայաստան երկիրն ու երգը հայոց
Ծովից ծով էին հավետ լինելու:
***
Ինչպես տեսնում եմ՝ ամեն հայ չէ հայ,
Նույնիսկ պատիվն են հանում վաճառքի,
Գող ու սրիկա պաշտոններ գնել,
Գոհության մեջ են ու խրախճանքի.
Թալանում են ու լափում անկշտում,
Ներսից ավերում թշվառ երկիրս,
Սուրբ հայերենով կեղտեր են շաղում
Եվ բեկել ուզում մշտական ծիրս.
Նրանց երեսից գնչուներն անգամ
Փախան՝ մնալով առանց լումայի…
Ասացե՛ք, խնդրեմ, ճշտախո՛ս այրեր,
Թե սրանց կյանքում էլ ի՞նչն է հայի…
***
Մարդ խոցելի է ամեն աստծո օր
Եվ ասղտում են տագնապներն անվերջ,
Պրկված նյարդերս ճչում են խելառ,
Բոռերն ինչքա՜ն են շատացել մեր մեջ.
Զոհված տղերքի արյամբ ներծծված
Հողը հայրենի մռնչում է խուլ,
Խաչագողերը խուսանավում են,
Նոր ճաք է տալիս տնակը խարխուլ.
Կանգնել եմ շշմած ու չեմ իմանում,
Թե ինչ կփոխվի ասել-չասելուց…
Մոլոր մնալու մտքից սարսում եմ
Եվ սարսափում եմ խաբված ապրելուց:
***
Գունեղ տողերն ինձ չեն խաբի երբեք,
Ես իրատես եմ ամենից առաջ,
Արյուն-արցունքով հոգիս լվացել,
Ապրում եմ անչար ու պարտաճանաչ.
Մարդու ամեն հոգս իմ հոգսն է դառնում,
Արտհաստիքային բարերար եմ մի.
Ու ոչինչ անել չեմ ուզում կյանքում
Խղճի դաշտից դուրս կամ հանիրավի.
Մարդի՛կ, ձեզ հետ եմ,
ձեզ հետ եմ, մարդի՛կ,
Արևկա օրով և թե խավարում,
Մեծամտություն մի՛ փնտրեք իմ մեջ,
Ես ինձ վեր դասել չեմ կարողանում:
***
Այս ի՞նչ մարդիկ են, ի՞նչ ժամանակներ,
Մարդ վախենում է մի անգամ գայթել,
Առերես ցավում, հրճվում են թաքուն
Եվ պահ են որսում, որպեսզի խայթեն:
ԵԼԻՐ…
Չի լինում պարզվել վերջնականորեն,
(Սատանի մատը խառն է երևի),
Դեռ իմ բարձրանուն տաճարի շեմից
Միջակ երգեր են սպրդում էլի.
Ու քրքջում են կարծես թե ջգրու,
Ասես թիկունքս գետնովն են տալիս,
Կասկածանքները ասղտում են ինձ,
Մինչև որ մուսան մեջտեղ է գալիս.
Ելի՛ր, բանաստե՛ղծ, կյանքն է այսպիսին,
Դաշտը ծաղկի հետ փշեր էլ ունի,
Հայնեն էր ասում՝ մեծ է պոետն այն,
Որի յոթ գործից մեկը լավ լինի…
Հարուստ է ճամփան ելևէջներով,
Պոետն էլ մարդ է հողոտ ու չնչին.
Փառք տուր Տիրոջը լավ երգի համար,
Ելիր ու թափ տուր թիկունքիդ փոշին:
***
Հա մատուցում է գալիքն ինքն իրեն,
Վայրկյան առ վայրկյան այն քոնն է դառնում,
Ու համոզվում ես, որ տարիքն անշեղ
Քեզ դեպի անհայտ անհունն է տանում.
Իմաստնությունը փորձառու է շատ,
Ամեն աստծո օր պարգև է մարդուն,
Ընտելացել ես մահվան դեսպանին՝
Մնալով կյանքի ջերմ երկրպագուն.
Գալիքն ինքն իրեն շռայլում է հա
Ու քոնն է դառնում վայրկյան առ վայրկյան.
Եվ ամաչում ես, որ այս տարիքում
Դեռ աչք ես գցում ջահել աղջկան:
***
Խոչ ու խութեր կան դեռ ճանապարհիդ,
Հին վերքը կրկին իր գործն է անում,
Ինչի՞դ է նվալն հրապարակավ,
Երբ քեզ քո ցավը քո ներսն է տանում.
Անցնող օրերը քոնը չեն արդեն,
Քոնը տարիքն է՝ օրեցօր աճող.
Ե՛լ, տեղաշարժվի՛ր, որ չճահճանաս,
Ե՛լ, որ չմնաս միայն անրջող.
Փոշի է նստում հոգուդ անկյունում,
Եվ ծուլությունը պատում է անվերջ,
Հիշի՛ր, դիեր կան ողջերի շարքում
Եվ ապրողներ կան մեռածների մեջ.
Կյանքը շարժում է, անընդհատ ընթացք,
Ինչպես արյունը քո երակներում…
Ինչի՞դ է նվալն հրապարակավ,
Երբ քեզ քո ցավը քո ներսն է տանում:
***
Հեռաստանները կանչում են անվերջ,
Եվ դու զգում ես թևերի կարիք,
Հոգեվարում է մեկը իր մահճում,
Ծարավ հայացքով նայում է երկինք.
Նեղ պատուհանից հայում խեղճացած
Եվ անուղղակի շտապել է տալիս…
Տե՛ր իմ, տենչերի ու երազների
Ի՜նչ պաշարով ենք մենք աշխարհ գալիս.
Հետո աննկատ ցնդում են նրանք
Կամ էլ ներծծվում իրենք իրենց մեջ,
Արժևորվում է օրը ըստինքյան,
Եվ կարոտները մխում են անվերջ:
***
Վառ հրդեհվել է հորիզոնն, ահա,
Ինչ անես-չանես՝ օրը կհալվի,
Մաքրամաքուրը չես գտնի երբեք
Դղյակների մեջ ու պալատների.
Հուշերն ապրում են թափառիկ կյանքով,
Ու այսօր նրանց չենք անդրադառնա,
Լիանանք արի սիրո տվածով,
Գունախաղերով արևոտ օրվա.
Ճակատագիրը ուղղորդում է լուռ,
Անօգնական է ծաղիկը վայրի,
Մի՛ փորձիր պահել ժամանակն անցնող,
Ինչ անես-չանես՝ օրը կհալվի:
***
Աշուն է խոր, անձրև ու թաց,
Մառախուղը՝ ձորին տեր,
Մի անտերունչ, թրջված շուն է
Մայթի վրա ծվարել.
Խեղճ ու սոված և կարեվեր,
Կյանք ասվածի հատակում,
Ասես հաշտ է իր բախտի հետ
Ու ոչ մի տեղ չի շտապում.
Տե՛ր իմ աստված, ախր նման,
Շա՜տ եմ նման ես նրան,
Անձրևածեծ, դյուրահավատ,
Ինքնադժգոհ, ձեռնունայն.
Կուչ են եկել համակերպված
Երկու մարդ կամ երկու շուն,
Ամենեցին անտարբեր է,
Լռությունը՝ զրնգուն…
Խոր աշուն է, անձրև ու ցեխ,
Մառախուղը՝ ձորին տեր,
Մեկը կանչեր ինձ ու շանը
Ու մեր հաչը գեթ լսեր:
***
Երկունքը տոն է,
Մեծագույն հրաշք,
Կյանքը՝ անքնին
Օրերի մի շարք.
Արփին ընծա է,
Մութը՝ վարագույր,
Հույսը համեմ է,
Կեղծիքը՝ փրփուր.
Աստղերն աչքեր են,
Անհունը՝ երազ,
Ես-ը աշխարհ է,
Խիղճը՝ դատախազ.
Շնորհը գանձ է,
Ագահը՝ ստրուկ,
Սերն արբեցում է,
Կարոտը՝ կռունկ…
Լույսը ցրիվ է,
Մտքերս՝ ցրիվ,
Խոսքը՝ կցկտուր,
Հոգսերը՝ լրիվ:
***
Արնածարավ ռումբի կողքին
սիրո մասին ի՞նչ ասեմ,
Ինձ տանջում է բախտն աշխարհի,
խելքի մասին ի՞նչ ասեմ.
Սուրբ հույզի մոտ շունչը մահի
հալածում է մեզ անվերջ,
Ես այս վիճակն արարողին
ետ դառնամ ու ի՞նչ ասեմ:
***
Երկրորդանում է առաջնայինը,
Հետաքրքիրը դառնում ձանձրալի,
Ո՛վ ամենեցի՛, անափ շատի մեջ
Քո ինչքի չափը անհայտ է էլի.
Բան է որոնում շանթը գիշերով,
Ու վրնջում է անլկամ քամին,
Քո ներսի ՄԱՐԴԸ նեղվել է նորից,
Քունդ չի տանում գիշերաժամին.
Ու չես իմանում վերջից առաջ էլ՝
Կարելին որն է, ինչ չի կարելի.
Եվ որ կարող ես հենց ինքդ լինել
Ամենահարուստ մարդը աշխարհի…
***
Ի՜նչ հանճարներ հողը տվեց
Եվ կլլեց ի՜նչ աշխարհներ.
Հողը՝ հրաշք արարչանյութ,
Ամենածին, ողջակեր:
***
Ա՛խ, ես հոգնել եմ որոնումներից
Ու բախումներից բարու և չարի.
Կուզեմ արձակուրդ վերցնել կյանքից
Եվ հանգստանալ մի հազա՜ր տարի…