Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ Վահան Տեր-Ղազարյանը:
Վահան Տեր-Ղազարյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 20-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների գլխավոր վարչությունում, կազմակերպել հնագիտական-հետախուզական անձնագրավորող արշավախմբեր Հայաստանի, Արցախի, Ջավախքի տարածքներում։ Աշխատել է «Պիոներ» ամսագրում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում։ Զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ աշխարհագրական ընկերության անձնագիտական արշավախմբի պետի պաշտոնը:
Վ. Տեր-Ղազարյանը արցախյան ազատամարտի փաստավավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա պատմվածքները, վիպակները, հոդվածները, թարգմանությունները տպագրվել են հանրապետության պարբերական և գրական մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Լիտերատուրնայա Արմենիա»)։ Հեղինակ է պիեսների, թարգմանել է նաև պիեսներ, որոնք բեմադրվել են Երևանի և Հայաստանի տարբեր շրջանների թատրոններում։ Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, լիտվերեն։ Նրա սցենարներով և տեքստերով նկարահանվել են «Դիմակայում», «Կապուտաչյա առասպել», «Հայոց պատմություն», «Հայրենիքս Հայաստան», «Վկայություն», «Ցեղի կանչը», «20 օր Արցախում» և այլ ֆիլմեր ու ֆիլմաշարեր:
«Համազգային հայ կրթական և մշակութային միության» մրցանակ է ստացել «Արքայադրամ» վեպի համար:
ՀԳՄ վարչությունը խորապես ցավակցում է Վահան Տեր-Ղազարյանի հարազատներին և գրչընկերներին։