ԵՐԿԻՐ ԱՐՔԵՆԻ
…Ու երբ սահեցի
հիացումների
ծաղկած ջրերի
տաք վտակներով,
երբ գիշերը քեզ
առկայծեց նռնե
իմ հիշողության բաց երակներին,
ես որոտացի
խելահեղումի տեղատարափը,
ու ներսս լցվեց
երանահատիկ բառերի գինով…
ՔԵԶ ՈՐՈՆԵԼԻՍ
ա.
…Ու ես սիրազեղ
ու սիրախոնարհ,
արբեցումների ոտնահետքերով
քայլեցի աննինջ
մինչև Գողգոթա
ու աստղասարսուռ
երկնափեշերիդ
հուշիկ ծփացի
լազուրե մի հևք,
որ բարձրանում էր
ճյուղերովս վեր`
դեպի նոր Տարերք…
բ.
…Ես փոթորկեցի
ԲԱՌԸ անշառաչ,
որ սառն էր, աներգ,
բայց ծիրանենու
հավերժատարազ
կեղև կար հագին,
որ լուռ էր, անհևք,
բայց մաշտոցացեղ
տրոփներ էին
բողբոջում կրծքին…
Որ գեթ մեկ անգամ
չէր քնարոտվել
ներշնչանքներիս
պրկալարերին,
գեթ մի հրաշքով
դեռ չէր սիրոտվել
իմ հավատամքի
նախշուն տաղերից…
գ.
…ԲԱՌԸ, որ Լեռան
նահապետածոփք
շղարշների մեջ
պարուրված էր լուռ,
որ խաչագմբեթ
երկնագահերի
բարձունքի վրա
հեգում էր լույսը`
մինչ կհասնեի
փառաբանության
բառակերտ Մատուռ…
դ.
…Ու ես շունչ առ շունչ
նախաբանեցի
Նրան իմ կրծքին…
Ու Նա բողբոջեց
սեպագրերիդ
քարապատումի
ոգեղեն խազով,
շուրթիս մոտեցրի
ու Նա խոխոջեց
ջրերիդ խորքում
ասեղնագործված
աստղե տարազով…
Դրեցի ունկիս`
վարդապետատաղ
արարումներիդ
հոգերանգներով
զըրնգաց իբրև
օրորոցային,
իբրև երգ մարտի,
իբրև խաչերի
թևերին թառած
շարական բախտի…
ե.
Ես տրոփեցի
ԲԱՌԸ սիրազեղ
ամենասփյուռ լույսի երակին…
Ու մաշտոցացեղ
36 գամ
մեխվեցին նոյան
ոտնահետքերը
ասեղնագործած
լեռան գագաթին`
իբրև գոյության
արմատներ զորեղ,
որ մի օր պիտի
սրբագործվեին
մագաղաթաթագ
ընթացքներն` ի վեր`
ոնց Մատյան-Նարեկ
Աստծոպագության
երկնակամարին…
զ.
Ես ղողանջեցի
ԲԱՌԸ լուսացեղ`
իբրև ինքնության
ոգեղեն պարգև,
որ պիտի սանձեր
սառցե արևներ
աշխարհակործան
Անկարեկցանքի
լուսաբացներին`
որպես
Հոր,
Որդու
ու
Տեսանողի
ապավինության
փառավկա Սեր…
է.
…Ու ազատահաճ
իմ մտքի հանգույն
ես փայփայեցի
ԲԱՌԸ սիրասուն
երկարուբարակ
իմ գիշերներին`
ամենքից թաքուն…
Ու չհաշվեցի
զարկերը հոգուս`
տրոփներն անցեղ,
ու չտրվեցի
վախերին` ի խույզ
մտքիս գմբեթներ…
ը.
…Տողացա`
տող-տող,
հղացա`
հող-հող,
երկնեցի`
տաղ-տաղ,
լռեցի`
խաղաղ
ու արարումի
երակին բոսոր
դարձա խելահեղ
մի երանության
բառեղեն հոտաղ…
թ.
…Ու երբ բուրեցի
երկնքի ճախրե
թևերից կախված
տարփություններով,
ու երբ ծփացի
ինձանից ցայտող
ծաղկաջրերի
տաք երակներով,
ծնվեց իմ սիրո
Զավակն Ամենա…
ժ.
…Գիտեմ, երկի՛ր իմ,
որ սիրահոժար
կորդեգրես
մի օր դու Նրան…
ի.
…Նա խարտյաշ է, ոնց
արտերդ ցորեն
գանգրահեր, ինչպես
քուլա ամպերի
երանությունը՝
թառած ժայռերիդ
ու կապուտաչ է
ծովերիդ ծամին
արևահյուսվող
այն ջրերի պես,
որ տեսել էիր
Վահագնից առաջ`
Աստծո աչքերին…
լ.
…Երբ բռնել էր ուզում
երկնքի երանին,
գնում էր քնելու
հողե տանիքներին`
հարդագողի փոշոտ
հայացքի անկյունում,
դաղձաբույր քամիների
փեշով փաթաթված`
իր հազար անգամ
հաշված աստղերի
խառնաշփոթը
լցրած ջրերին…
խ.
…Իսկ երբ բացում էր
զարդատուփը մթան
ու կախում լուսնի
դեղին պարանոցից
գիշերվա վախերն իր
շարվեշարան,
հանկարծ հատիկ-հատիկ
սրթսրթան երազի
ծոցից թափվում էին
ուլունքները սիրո
կանաչ ու կարմիր…
ծ.
…Հետո երդիկից
ներս էր գլորում
թախիծներ անթև,
որ տատը կախեր
թոնրատան սնից`
ոնց ճրագ-կանթեղ`
ծույլ-ծույլ շոյելու
խոնավ կոնքերը
քնկոտ իրիկվա…
կ.
…Երբ տխրում էր`
հեքիաթներն իր հազարան
զարդարում էր նորից
հուրի-փերիներով
ու ճերմակ ձի հեծած
ասպետների դիմաց
գաղտնի բացում էր
դուռը գիշերով…
Հետո հանվում էր
վարագույրի ծալքում`
շփոթված ու երկչոտ,
որ չծիկրակեր
լուսամուտից նրան
կրքոտ լուսինը`
աչքը թանաքոտ…
հ.
…Ու երբ մոռանում էր
լուսնահաչի ծոցում
անլուր կարոտների
հատիկները կարմիր,
նորից հավաքում էր
կոնքերից իր բոցե
ու գլորում դեպի
հազար ու մի թախիծ …
ձ.
…Մի օր էլ հասկացավ,
որ երազները խենթ
մազերը կարճ կտրել
ու փախել են տնից…
Ու… թանձրացավ հոգին
հեռուների խեժից …
Երկա՜ր, երկար նայեց
ճամփաների փոշուն,
ճաքճքած քարերի
համբերանքը շարեց
ձորերի մատներին
ու առավոտների
նազանքները խարտյաշ
լցրած ծոցն իր ծփուն,
վազեց արտերի մեջ
սիրտը քամիներին
բացած խաշխաշների
բարալիկ կոնքերին
տարփանքներ կապելու…
ղ.
…Անցան օրեր…
Տեսավ`կուրծքը խորոտվել է
արբունքի խուլ տապից,
շուրթը բառոտվել է
կարոտի տարափից,
շրշոտվել է ունկը`
գիշերներում ծաղկող
անանուն տագնապից…
ճ.
…Ու շընկշընկաց հոգին
դաղձե հեռուներում…
Ու թրթռուն սրտի
տրոփներով կանաչ
զարդարեց ճյուղերը
իր նորատունկ կրքի
ու մորեմերկ լուսնին
ծոցի մեջ բարուրած`
գնաց որոնելու
իր այն միակ-մեկին,
ում կարոտից վաղու՜ց
կուրծքը վարդ էր նազում
որոնումին բախտի,
շուրթը երգ էր խազում
սիրո դատարկ թղթին…
մ.
…Անցան օրեր գույն-գույն`
ճամփաների փոշին
թողած տատի աչքում,
համբերանքը ձորի՝
քարերի զարմանքում,
քամու սիրախաղը`
խաշխաշների կոնքին,
խաբկանքները զնգուն`
մթան երազանքին,
եկավ ու իր բախտի
երանիներն հազար
կախեց մեծ քաղաքի
աղմուկներից անզարդ
ու հուշիկ ծածանեց
ջահելությունը խենթ
քմահաճ օրերի
շքամուտքի առջև….
յ.
…Մի օր էլ` գիշերով,
երբ աչքը ջուր կտրեց
երկնքի աստղալույծ
մթնքամի ճամփին
հասկացավ, որ վաղուց
սիրոտվել է բառը…
Բացեց սիրտն ու հուշիկ
քսեց ճերմակ թղթին…
Ու քաղաքը ներկվեց
հեքիաթով այն փոքրիկ`
որ քեզ պիտի պատմեր
իմ մեծ սիրո մասին…