Ցավալի կորուստ ունեցանք: Հունիսի վերջերին Մոսկվայում մահացավ ճանաչված ռուսագիր հայ բանաստեղծ Սերգեյ Մնացականյանը, որը երկար տարիներ Մոսկվայի գրողների կազմակերպության քարտուղարն էր և շատ ակտիվ դեր ուներ ժամանակակից ռուս բանաստեղծության ասպարեզում: Կարող ենք նաև շեշտել նրա կապը մեր գրականության հետ. նա հատկապես թարգմանել է ժամանակակից բանաստեղծներին և Մոսկվայում, կարելի է ասել, մեր գրական դեսպաններից էր: Հաճախ մեր հայերը ժամանակի զգացողության, պայմանավորվածությունների վերաբերյալ շատ ազատ վարմունք ունեն, բայց Սերգեյը կարծես իսկական հստակ ազնվական մի կերպար էր, ամեն առումով շատ ճշգրիտ: Նրա գործունեությունը Մոսկվայում զգալի էր, հատկապես գրական շրջանակներում մեծ հարգանք էր վայելում Սերգեյ Մնացականյանը: Ասեմ, որ մեր հայ գրողներից էր նաև Պյոտր Վեգինը, որը մեր ժամանակակից գրողներին էր թարգմանում: Ես կարդացի Սերգեյ Մնացականյանի մահախոսականը Պյոտր Վեգինի մասին, որում, շեշտելով նաև նրա հայ լինելը, շատ խորը, մեծ ցավ էր ապրել իր ընկերոջ, ռուսագիր հայ գրողի մահվան կապակցությամբ: Հիմա այդ ցավը ես եմ կրում իմ մեջ, որովհետև Սերգեյի հետ հանդիպել ենք և՛ Մոսկվայում, և՛ Պիցունդայում: Երկար զրույցներ ենք ունեցել գրականության շուրջ: Նախանցյալ տարի Սերգեյ Մնացականյանին հրավիրեցինք մասնակցելու Թարգմանական գրականության օրերին: Ցավոք, հիվանդության պատճառով չկարողացավ այդ օրերին ներկա լինել:
Նա կապված էր «Литературная Армения» ամսագրի հետ, բազմաթիվ թարգմանություններ է արել և Մոսկվայում մշտապես հանդիպումների ժամանակ խոսում էր մեր գրականության նորությունների, մեր գրականության մասին:
Ցավալի կորուստ է, կարծում եմ՝ պիտի մտածենք նրա գիրքը հրատարակելու մասին, որովհետև Հայաստանում լավ չեն ճանաչում նրան, բայց նա ապրում էր Հայաստանով: Ալբերտ Նալբանդյանը շատ լավ գիտեր նրա հորը՝ Միլանին, որը Հայաստանից էր գնացել, և նրա դարդ ու ցավն այն էր, որ Սերգեյը հայերեն գրի, հայերեն խոսի, հայերի գրականությունը տարածի Ռուսաստանում: Նա, իհարկե, անում էր դա, բայց հայերեն չգրեց:
Խիստ ցավալի կորուստ է ոչ միայն մեզ համար, այլև գրական հասարակայնության: Սերգեյ Մնացականյանի հետ կապված էին և՛ ղազախները, և՛ Մերձբալթիկայի, տարբեր երկրների գրողները: Համենայն դեպս նշանակալի երևույթ էր Մոսկվայի և ընդհանրապես բանաստեղծական աշխարհի համար: Իմացա, որ նա շատ լավ գիրք է գրել Վալենտին Կատաևի մասին, փնտրված գիրք է Մոսկվայում: Արեց այն, ինչ պիտի աներ, և մենք պիտի հիշենք նրան շատ բարի խոսքերով։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Սերգեյ Մնացականյանը 77 տարեկան հասակում կնքեց մահկանացուն: Ժամանակին եղել է Մոսկվայի գրողների միության քարտուղարը: 25-30 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Ժամանակին շատ է թարգմանել հայ գրողների ստեղծագործությունները, որոնք տպագրվում էին «Литературная Армения» ամսագրում: Շատ էր կապված մեր ամսագրի հետ: Շատ ջերմ ու շատ լավ մարդ էր: Սերգեյն իսկական մտավորական էր: Միշտ կապը պահում էր Հայաստանի հետ:
Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ