Էս անչափելի ողբերգության մեջ ի՞նչ սպասելիք ունենամ, ի՞նչ ընտրեմ, ինչո՞ւ ընտրեմ, ո՞ւմ հավատամ, ո՞ւմ վստահեմ, չգիտեմ, արդեն ոչինչ չգիտեմ: Ո՛չ ուզում եմ խոսել, ո՛չ էլ` կարծիք հայտնել: Ամենաթողությունը, լոպազությունն ու անգրագիտությունը մեր տունը քանդեցին, էլ ասելիք չունեմ, ցավոք: Որևէ մեկի խոսքը մեր երկրում արժեք չունի, ով ինչ ուզում` անում է, ով ինչ չի կարող, էլի անում է, դրա համար էլ մեր երկիրը մեր ձեռքից գնաց, շունը տիրոջը ոչ թե չի ճանաչում, այլ վրա է պրծնում ու գզգզում, էս իրականության մեջ ի՞նչ ընտրությունների մասին խոսեմ: Ինձ թվում է` հիմա մենք ազգովի ավելի կործանարար ընկճախտի մեջ ենք հայտնվել, քան գլխակեր պատերազմում մեր կորուստներն ու ավերումներն էին: Կռվելիս գոնե որևէ ելք ես ակնկալում, հիմա մենք անկամորեն տրված ենք ժամանակի հոսքին ու ո՛չ ապրում ենք, ո՛չ էլ` մեռնում: Չգիտեմ, թե ինչ է լինելու վաղը, էլ ուր մնաց` մինչև ընտրություն կամ հենց ընտրելիս: Չգիտեմ: Իմ գլխով շատ մութ-մութ ամպեր են անցել, ես մեր երկրի վերձիգ թռիչքների ու խոր անկումների ժամանակներում եմ ապրել, բայց այսչափ հուսահատ, անապագա ու տագնապաշատ իրականություն չեմ հիշում, անգամ 88-ի քանդուքարափ երկրաշարժից հետո մեր գոյատևելու կամքն ու ոգին մեզ գործելու մղեցին, մինչդեռ այսօր անիմանալի ապատիկ վիճակ է տիրում ամենուր: Թումանյանն ասում է, գիտեք, ես էլ իր հանգով, անհանգ երկրորդեմ. «Մեր ուզածն ի՞նչ է. մի կենտ հույսի շող, էն էլ հրե՜ն հա, կորչում է անհետ»: Սկզբում ուզում էի հրաժարվել հարցին պատասխանելուց, բայց հետո զգացի, որ ուզում եմ սիրտս բացել, անկեղծանալ, ու եղավ այս խոսքը, որ ո՛չ մեկի մատից փուշ է հանում, ո՛չ էլ մեկին մխիթարում, բայց ինձ տրված առիթ ու իրավունք էր, ես էլ լիուլի օգտվեցի. էլի բան է, եթե մեկնումեկին ելքեր որոնելու մղի: