Ռուս – թուրքական (Մոսկովյան) պայմանագիր -100
«Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին»…
Լենին (1921 թ. մարտ)
2021 թվականի մարտին լրանում է ռուս-թուրքական (մոսկովյան) անօրինական պայմանագրի կնքման 100 տարին։ 100 տարի առաջ Մոսկվայում բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքվեց եղբայրության և բարեկամության պայմանագիր։ Հայաստանի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել բանակցություններին։ Հաշվի չառնելով հայ ժողովրդի կարծիքը, օրինական պահանջները՝ ռուսական կողմը Լենինի և Ստալինի համաձայնությամբ, Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Սուրմալուի գավառը (Իգդիրը, Բայազետը) հանձնում են Թուրքիային, Նախիջևանը, այնուհետև Ղարաբաղը՝ Ադրբեջանին։ Մի Բաթում քաղաք չկորցնելու համար (վրացական Բաթում քաղաքը այն ժամանակ գտնվում էր թուրքերի ձեռքում), Ստալինի գաղտնի համաձայնությամբ, Սուրմալուի ամբողջ գավառը հանձնվում է Թուրքիային։ Մոսկովյան պայմանագրին հաջորդեց Կարսի պայմանագիրը (1921 թ. 13 հոկտեմբեր)։ Կարսի պայմանագիրը մոսկովյան պայմանագրի օրգանական շարունակությունն էր։ Այն հաստատվեց Մոսկվայի պահանջով:
Չկայացավ Լենինի համաշխարհային հեղափոխության մասին կանխատեսումը։ Թուրքիայի հանրապետության նախագահ, բոլշևիկյան գաղափարախոսության սուտ, կեղծ ջատագով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը խաբեց Լենինին՝ Խորհրդային Ռուսաստանից կորզելով մեծ քանակությամբ զենք, ոսկի։ Ի դեպ, այդ տարիներին՝ 1920 – 1921 թթ․, շարունակվում էր հույն-թուրքական պատերազմը։ Հունական բանակը մոտենում էր Կոստանդնուպոլսին։ Լենինը Թուրքիա ուղարկեց զենք, ոսկի և տաղանդավոր զորահրամանատար Ֆրունզեին, որը ծանոթանալով ռազմական իրավիճակին, գրոհի տարավ թուրքական բանակին և կոտորեց հույներին։
100 տարի է անցնում։ Լրանում է այդ խայտառակ պայմանագրի կնքման ժամկետը։ Պայմանագիր, որ ծառայեց ի շահ Թուրքիայի, Ադրբեջանի և Խորհրդային Ռուսաստանի։ Պայմանագիր, որի ծանր հետևանքներից առ այսօր տառապում է հայ ժողովուրդը։
Այսօր հայ ժողովուրդը, եղբայրական Ռուսաստանը լիովին իրավունք ունեն պահանջելու մեր պատմական հայրենիքի այն տարածքները, որ Խորհրդային Ռուսաստանը հանձնեց Թուրքիային ու Ադրբեջանին, առանց հայ ժողովրդի համաձայնության՝ անտեսելով հայ ժողովրդի իրավունքները։
Թուրքերը շատ լավ գիտեն, որ լրանում է պայմանագրի հաստատման 100 տարին։ Նրանք փորձում են սպառնալիքներով, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ահաբեկել հայ ժողովրդին, շեղել աշխարհի ուշադրությունը պատմական անօրինական իրողությունից։ Դար է անցել, դարեր էլ անցնեն՝ ճշմարտությունը կհաղթանակի։