Արցախամուր աշխարհից մարտական խապրիկներ / Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

Ստեփանակերտ, 30.10. 2020 թ.
N նկուղ, խիզախ ժամերին`
Հեքիմնյան 11/60-ից հայացքս հառած դեպի արևավառ, լուսատենչ ու մռայլ` խորին լռության մեջ մարտավորված, արքայատեղիին` 1000-երորդ անգամ քրքրված, բայց վեհորեն կանգուն, հարսանքավորներին համբուրող ու հաղթանակի օրհնանքներ շրշող Սուրբ Ղազանչեցոցին, ՇՈՒՇԻԻՆ, ԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ` ՀԶՈՐԱԶՈՐ, ՄԱՐՏԵՂԵՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ ՊՍԱԿՅԱԼ…

08:39, հինգշաբթի, 29. 10. 2020 թ.
Պատերազմ է… գեհեն ու… տագնապ…
…Երբ գիշատիչների խմբի քիթն ու մռութը արնոտվում է, վայրենի ու հրաբորբ, արնատենչ գալարումներ է արձակում, երկաթե կարկուտ սփռում չորսդին, հոխորտում, փորձում ահաբեկել անվախներին, փորձում փոխ առած այլադեմ ձագերով, վարձկաններով, որկրամոլ բնազդներով, հազարամյա վայրենի ժանիքներով ահասարսուռ դնգդնգալ… ամեհի ցունամի է հիշեցնում, բայց հաստատ դրանից հենց ինքն է սարսափ ապրում, ոչ իմ Ստեփանակերտը, որ լուռ է այդ հոխորտանքների դեմ: Գիշատիչ վարձկանների խումբը արկահեծ լինելով հայոց առյուծներից, գազազում` նորից ու նորից սարսափ է հրաբխում չորսդին…
Քաղաքն իմ` նախշ-նախշքար, խրոխտ ու վիրավոր, բայց դյութական` լուռ է մեծ լռությամբ, իսկ չորսդին անվերջանալի տագնապի սուլոցների, սմերչների զարկերի տարափի տակ դիմակայում է իր անվեհեր ժողովրդի պես…

14:38, 29. 10. 2020 թ.
…Իսկ իմ Արցախամուր ու դարավոր լեռները, անդնդախոր ձորերն, ինչպես միշտ, խրոխտ ու համառ են, հարմար պահին իրենց խորշերը գերեզմաններ կդարձնեն` կլանելու անկոչ վարձկաններին, իրենց համառ մարտիկների հետ մարտ մարտի կելնեն օջախ ու ծուխ կտրողներին, հայրենի սրբությունները պղծողներին, մարդակերպ գազաններին շանսատակ անելու, կլանելու նրանց անհետ իրենց անդնդախոր կիրճերում, գահավեժներում…

* * *
Անիծվե՛ս դու, պատերա՛զմ, անիծվես ու հավիտյանս պարտվես ողջախոհներից, ազատատենչներից, հայրենիք ու օջախ պաշտողներից, արիական ժողովուրդներից, անիծվես` 1.000.000 պորտով էլ անդին գեհենվես…

* * *
Ոխակալ ու զազրելի, երկաթե բնազդներով ոխակալդ` պատերա՛զմ…
Անիծյա՛լդ անիծվածների դնչակալներով… Հոխորտում ու անազգ վարձկաններով հին խաղիդ կանոններն ես փորձում խաղալ այս աստվածաստեղծ հողում, ուր մարդկության նախաժամանակներից ապրել է Արցախն ու արցախցին` հայության անկոտրում կորիզներից մեկը… Քանի դար ու ժամանակներ նույն խաղերն ես փորձում խաղալ` հին ու արնախում խաղամոլի պես… Անիծվե՛ք դուք, պատերազմի մոգեկիրներ, պատերազմի հրձիգներ…
15։38, 29. 10. 2020 թ.
N նկուղ, Ստեփանակերտ
Հայտնի ու անհայտ, ներկա ու նահատակ իմ ՔՐԻՍՏՈՍՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ` Տունդարձի կանչերով՝ ՀԱՅՈՑ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԵՐԻՑ
Տղանե՛ր, իմ ամրակուռ, աներեր, քաջակորով մարտիկներ, տղաներ ի՛մ անզուգական, Հայոց Արցախի սահմաններին զինվորագրված Արցախանախշ մարտիկներ, հողոտ ու հողաբույր մարտիկներ… Ձեր մարտն այլևս ազնվորդիներինն է, հեռուներում, Արցախա կապտակոհակ երկնամերձերում սուրացող սրա­թռիչք արծիվների պես կսուրաք, Կանդ արծիվներս, ձեր հոգուն, ձեր եռքին, ձեր ծորացող վառոդաբույր քրտինքին մատաղ, ձեր ցավից, ցասումից, կարոտից ճաքճքած շուրթերին մատաղ, արծիվնե՜րս, որ չեք երկնչում մահասփյուռ վարձկաններից, այլ պատժում ու ցաքուցրիվ եք անում, ջնջխում նրանց, մարտ մարտի եք ելնում` հանուն հայրենյաց, մարտ մարտի եք ելնում` վախկոտ ու արնատենչ ոսոխներին հողմացրիվ անում… Նրանք` այդ ցմփոր ու խաբված, խփնված վարձկանները, գալիս, հա՜ գալիս են, Դուք` հզորներս, նրանց ջարդում, հա՜ ջարդում եք, ես ձեր ազգածին իմաստությանը, բազկին ու կորովին, քաջությանը մեռնեմ…
Օրո՜ր-օրո՜ր, իմ Նախշ-Նահատակներ, ձեր պաղ ու հայրենանախշ մարմիններին մատաղ…
Օրո՜ր իմ թևաթափ արծիվներ, հայրենյաց աննկուն պաշտպաններ, ամեն մեկդ Հայոց տան անմար ճրագներ… Դուք իմ Քրիստոսի Քրիստոսված ծաղիկներ` սրբասուրբ ու մասունքված անմահ մարտիկներ… Դուք իմ Արցախամուր աշխարհի աներեր, սառամարմին ու ոխակալ զարկերից գնդակահունձ Պաշտպաններ, այժմ և միշտ, հավիտենից ներկա Արցախա ժամանակներում, Հայոց Արցախի սահմաններին որդեգրված մարտեղեն հերոսներ, ազգության նահատակված կերոններ, հավերժաերգ ԱՐՑԱԽՈՐԴԻՆԵՐՍ…
Օրո՜ր-օրո՜ր, իմ Կանդ արծիվներ, անհայտության մեջ պեծկլտացող ձեր կանչերին, ձեր պա՜ղ-պա՜ղ, քրքրված մարմիններին մեռնեմ, ձեր վերջին լուսո բարևին մեռնեմ, կերոննե՜րս…
Օրո՜ր-օրո՜ր, իմ անպարտ Դյուցազուններ…

17:04-18.00, 29. 10. 2020
N նկուղ, Ստեփանակերտ
Գիշերն այս մահ ու ավեր էր հրաբխում, գիշերն այս չորսդին երկաթաշեն հրեշներին դավադիր և ունկնդիր` հարցումներ էր անում հեռուներում դղրդացող ամենակուլ ժամանակին…
Արծիվներս մարտեղեն, ձեր հուժկու հարվածներից այլայլված, անբարո թշնամին փորձում է ոխ հանել զարմանահրաշ, մարտեղեն իմ Ստեփանակերտից, որ անպարտ ոգի ունի, անվեհեր զորավարի պես դիմացկուն է ու մարտահրավերներ է նետում անկոչ ոսոխին… Թշնամին արկահարում է, հա արկահարում` պարտվողի հոգեվարքի վերջին նշաններ արձանագրելով…
Թշնամին արկահարում է դրախտավայր ու ծաղկուն գյուղերս, մարդկային և բազմաբնույթ կորուստներ պատճառում, արնատենչ ոխ թափում ամենուր, հրդեհաբեր կարկուտ թափում թավ անտառներին` այրելու մոլուցքով տարված, բայց… հատուցման ժամերը չեն ուշանում` դնգստվում է հայոց աներեր քաջերից…
05:29, 28. 10. 2020 թ.
N նկուղ, Ստեփանակերտ
Աքլորականչը պարտադիր հնչեց` ազդարարելով մոտալուտ լուսադեմին սպասվող թշնամու նենգության վավերագիրը` հնչած ժամանակի պարույրներում: Արցախում աքլորներն էլ մարտական դիրքերում են, ազդանշան տվող խորհուրդով: Ահավասիկ…
Ցայգ ու այգերիս բարի՜ լույսն այսօր նորից հայտնվեց թշնամու արկահարումների թևերին… Դրսում երևացող հատուկենտ անցորդներ միանգամից հոսեցին բոլորին հյուրընկալող նկուղները…
Այգաբացը ծլվլոցներով համերգող խիզախ ծիտերը ևս, մարդկային հազվագյուտ երևացող հայացքների քնքշանքից ուրախ թռչկոտելով և ակնթարթորեն սթափվելով հուժկու արկահարվածներից, անդին պախկվեցին: Շոյանքով-շորորանքով թափառող կատվազգիները, մեկեն վախվորած ու զարմացած նիրհից արթնացող աշխարհի և երկաթ ու արճիճ հրաբխող ժամանակի սառը, անհյուրընկալ պահվածքից, այլայլված մարմիններով, արագավազ թաքստոցներ հասան ու բնազդորեն մլավում, դողում էին անտերունչ…
Նկուղային գտնվելու իմ վայրը` նկուղ-բնակարանը, մի քիչ ավելի խորքում էր գտնվում… Երկրաբնակները վրա հասնող աղետների դեպքում կարծես բնազդներով էին շարժվում` կենդանակերպվելով: Այդ ակնթարթներին առերեսվեցին վախի մարդկային և կենդանական բնազդները… երկուստեք դժգոհ իրարից` սառը հայացքներով բաժանվեցին՝ երկուստեք տրվելով մահաբեր թնդյունների բութ, անհաղորդ ձայնարկություններին…
Իսկ փողոցներում վախից այլայլված վազվզում էր տերերից անտերունչ դարձած շների խումբը` հաչերի աղեկտուր խմբերգով ձայնակցելով օդային տագնապի անընդմեջ հնչող ազդանշաններին…
Քաղաքն իմ լուռ, ահագնացած ցասումն իր հոգում դիմակայում ու մարտահրավեր է նետում ձեռ ու ոտից ընկած, վայրենի հրաբուխներ փսխող ոսոխի լկտի շարժումներին: Նրանց անընդմեջ արկահարում էին հայոց քաջերը…
Այս առավոտ ևս, ինչպես ամեն Աստծո լույս օր, ժամը 09.00-ին, ամրակուռ ու խրոխտ, արծաթհնչուն, երկար ու համառորեն խփեցին եկեղեցու զանգերը` մարտահրավերի պես ամուր ղողանջելով չորսբոլոր: Առավո՜տ լուսո, տուր երկրիս զորության քո երասաններն անդարձ: Աստծո օրհնանքն ու զորությունը թող իջնի իմ մարտնչող երկրի ուսերին, իմ ժողովրդի այլայլված ժամանակներին… երկնային պատիժ խոստացիր այս անհայրենիք վարձկաններին և պատերազմի հրձիգներին:

18:52
…Մինչև իրիկնամուտ հրետակոծվող քաղաքն իմ լուռ էր մեծ լռությամբ` փորձելով վիրակապել վիրավոր մարմինը` պատերազմի հրձիգներին անպայմանորեն կործանում խոստանալով…
Իրիկնային բոլորանվեր-բոսորափայլ լուսինը դանդաղասահ իր շողերը սփռեց մարտնչող ու գիշերվա անորոշ խորհրդին ընդառաջող Արցախ աշխարհիս թևերին` ժամանակադիր սահանքներով լի հայացքը հառելով հեռուներում մարտի ելած երկրիս չորս ծագերին…
Զորություն-զորություն տուր երկրիս` աննման, մարտեղեն ԱՐՑԱԽ աշխարհիս ու նրա հզորազոր պահապաններին, Տեր երկնային…
19:29, 29.10.2020 թ.
N նկուղ, Ստեփանակերտ
Մեր` արցախցիներիս անձնական կենցաղավարությունը պատերազմի սկզբից էլ` համարյա 1 ամսվա տևողությամբ (24 ժամ ներառյալ), սկսվել է նկուղներից, վերջացել՝ նկուղներով (բացառությամբ առանձին ժամանակահատվածներ դրսի աշխարհի հետ կապված` քաղաքային կարճամասշտաբ երթևեկություններ` բանակին օգնելու նպատակով կամավորական խմբերով աշխատանքներ իրականացնելու հետ կապված` ընդառաջելով ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանի կոչին, կազմակերպված ԱՀ ԿԳՄ նախարարության կողմից):
Նկուղներում հայտնված մարդիկ` բոլոր առումներով հանդերձ, գտնվում են իշխանությունների, հայ ժողովրդի սիրո, ուշադրության, հոգածության կենտրոնում և մասն են կազմում մարտնչող հայրենիքի խնդիրների, կիսում նրա տագնապներն ու հարցադրումները, զուգահեռվում նրա սրտի զարկերին, քայլում նրա հետ համաքայլ` հաղթանակին ընդառաջ:
Քաղաքում մերթընդմերթ հայտնվում են հայրենական և օտարերկրյա լրագրողներ (Ժնևից՝ Վիլյամը, Մոսկվայից` Սերգեյը և ուրիշներ), հարցուփորձում մարտնչող ԱՀ քաղաքական ճակատագրից, նկուղա­բնակներիցս հարցազրույց վերցնելով, ականատեսի աչքերով աշխարհին փոխանցելով մեր քաղաքական տագնապները, ծանոթացնելով արցախցու անհաղթ ոգու ոդիսականին` պատռելու լպիրշ թշնամու դիմակը, եթե նրանց հաջողվի ու եթե ցանկանան, միջազգային դիվանագիտություն կա մեջտեղ` թացը չորից ջոկելու…
Ընդհանրության մեջ մարդկությունը կարող է չորսբոլոր հրաշակերտել, իր հայրենիքի զորավոր բնության հավերժախոս ոգուն ունկնդիր, ամուր ու անսասան պահել իր բաժին հայրենիքը և կարող է հանդգնել նվաճել-սեփականացնել ուրիշի հայրենիքը, հողը, ստեղծածը, մահ ու ավեր սփռել իր անցնելիք ճանապարհներին:
Այսօր այս սրբազան հողում առճակատել են արարողն ու ստրկացնողը, ծաղկեցնողն ու ավերողը, իր հայրենիքի ազատությունը, սրբություններն ու ոգին ամրակուռ, մարտեղեն պահողն ու այս սրբությունները ոչնչացնողը, մահտարաժամ սփռողը: Ժամանակների թոհուբոհում, որերորդ անգամ, բախվում են մարդկության այդ երկու հակադիր ուժերը` արարողն ու սպանողը, ուրիշի հայրենիքը բզկտողն ու լլկողը…
Բայց, իմ բարի, արարչագործ, ազատաբաղձ ու քաջարի ժողովուրդ, գիտեմ` գիտես, մի անգամ էլ վերհիշիր Նժդեհյան պատգամը` «Ուժն է ծնում իրավունքը», ուստի՝ ապավինել միայն ոգու և բազկի զորությանը` շա՜տ քիչ է… Հիշիր` առաջին հերթին, անվերապահորեն քո արարչագործ ոգով ու հանճարի շռայլանքներով, գյուտելու հզոր գենով դուռդ շատ ամուր կողպիր, սահմաններդ անմատչելի դարձրու, զինիր նրան հզորազոր, եզակի զենքերով, անպարտելիությամբ և նոր միայն ծաղկեցրու հողդ, զարգացրու երկիրդ ու անդաստաններդ, տնտեսությունդ, մշակույթդ ու լեզուդ, հավատդ ու գիրդ, արդար դատաստան դիր, բարձրագույն համակարգդ պահիր մաքրամաքուր, ինչպես վայել է քո հնամենի ու արարչագործ երկրին, ժողովրդին ու նրա վարքին, հարահոս ու դաժան ժամանակներում մնա վեհ, ամուր ու կանգուն աշխարհի ուժեղների և համաշխարհային քաղաքակրթության մայրուղում` ինչպիսինը եղել ես, որ նորեն ու նորեն տունդարձով ուրախ ու զվարթ ծլնգան արծաթհնչուն զանգերը մեր հզոր նախնիների սրբավայրերի` Գանձասարի, Ղազանչեցոց, Կանաչ Ժամի, Ամարասի կանչերով` Արցախամուր աշխարհի հաղթազանգերի անլռելի և ծորուն, տաղերգող ղողանջների տակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։