ԲԱԲԵԼՈՆԻ ՍԽԱԼԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տարիներ առաջ, երբ եղբորս մեքենայով սլանում էի Կալիֆորնիայի հարթ, գեղեցիկ ճանապարհներով, ափսոսում էի, որ ընդամենը երկու աչք ունեմ և ունեցածս էլ ճպուռի գնդաձև աչքերից չեն, որ միանգամից ընդգրկում են 360օ տարածություն: Վերջին երեք ճամփորդություններիս ընթացքում, որ այս տարի հանգամանքների բերումով երկու ամսում հաջորդեցին միմյանց, հասկացա, որ դա էլ մեծ խնդիր չէ, երբ ձեռքիդ ունես տեսախցիկ, լուսանկարչական ապարատ և նոթատետր… Մի կարևոր բան էլ պարզեցի ինձ համար, որ Երկիր մոլորակի մարդկությունը արդեն շատ վաղուց է, ինչ ձգտում է շտկել բաբելոնյան խառնաշփոթ ստեղծած մարդ արարածների սխալը: Թեև առայժմ պատերազմելով, դեռ միմյանց կոտորելու, քաղաքակիրթ կամ վանդալիստական միջոցներով մեկի ու մյուսի ստեղծած մշակույթի հիմերը խախտելով կամ իսպառ ոչնչացնելու նոր հնարներ փնտրելով, բայց լեզվական, կացութաձևերի, հոգևոր արժեքների արգելապատնեշները վերացնելու ճիգերով, փորձում է իր պատկերացումների մեջ տեղավորել մոլորակի ողջ բնակչությանը… Թե որքան կերկարի այս գործընթացը, միայն Տեր Աստծուն է հայտնի… Կարևորը ընթացքն է, ու այսօր մեզ հետ, մեր կողքին, մեր մեջ ապրող լուսակիրների հավատն առ հաղթանակ… Սրա պարզ վկայությունն այն է, որ կարծես թե արդեն գտնվում է այն լեզուն, որով շփվելու են աշխարհի բոլոր մարդիկ… Առայժմ ok, tanq you, mersie, please, все, молодец, привет բառերը համակցելով ժեստերի ու երգերաժշտության հետ, որոշ բաներ կարողանում ենք հասկացնել թուրքին, չինացուն, ֆրանսիացուն:
Վերջապես ինձ հաջողվեց հաղթահարել վախի բազմամյա բարդույթս, թե` չեմ կարողանա առանց հեղձուկս, հեկեկոցներս զսպելու անցնել իմ պատմական հայրենիքի այն ճանապարհներով, որտեղով իմ նախնիների` սովից ոսկրացած քարավաններն իրենց ոտքերն են քարշ տվել` չիմանալով, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ո՞ւր են գնում:
Երբ արդեն հաղթահարվել են սահմանային անցակետերից մինչև Չըլդըր տանող ճանապարհի խոչուխութերը, և արդեն սլանում ենք` լճի գեղեցկությունը դիտելով, դեռ խաղաղ է հոգիս և ավելի է խաղաղվում: Կիլոմետրերով ձգվող ասֆալտապատ մայրուղին և լիճը ոչ մի թշնամանք չունեն իմ նկատմամբ: Քուրդ վարորդը բարեհամբույր է, հանգիստ ու թեթև է տանում մեր ռազմահայրենասիրական երգերի խրոխտ հնչյունները: «Երևի չի հասկանում»: Բայց հնարավոր չէ չհասկանալ «ուս ուսի տված» «շուն թուրքերին զարկելու» ռիթմերի ուժգնությունն ու վճռականությունը: Ինքդ էլ, ակամա, հանդուրժողականության այս նորագոյացություններին վարժվելու աննկատ փորձեր ես զգում հոգուդ մեջ: Անգամ պատկերացնել չես կարող, որ երբեմնի հայաշատ Ուրֆա, Այնթապ և վերջապես Ադանա քաղաքներում, որտեղ արյան բաղնիքներ ու կարմիր գետեր են հոսել, հիմա խաղաղ, ասֆալտապատ փողոցներով, բազմահարկ շենքերի անտառներով, միլիոն ու միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներ են կանգնեցված ու դեռ կանգնեցվում են ամեն օր: Մուշում պահպանված միակ Սուրբ Մարինե հայկական եկեղեցու կողքին բսնած բազմահարկ շենքերն ընդամենը երկու, երկուս ու կես տարի առաջ են կառուցվել: Իսկ Մշո սուլթան Սուրբ Կարապետից միայն քարակույտեր են մնացել: Ի՞նչ պատմություն ունեն այս քաղաքները ժամանակակից Թուրքիայում: Պատմությունը բարեբախտաբար կա, պահպանված է գեղարվեստական գործերում, պատմության գրքերում, քարտեզներում… Ուզեն թե չուզեն, սա է այս վայրերի բազմահազարամյա պատմությունը: Այս մասին են լռում Ուրֆայի (Եդեսիայի) Սրբազան լճակում խայտացող ձկները, որ, ըստ ավանդության, Հայր Աբրահամի կատարած հրաշքով են այստեղ հայտնվել: Իր նամակով այստե՛ղ էր հրավիրում Աբգար թագավորը մեր Տեր Հիսուսին: Իսկ Ներսես Շնորհալու ողբն այս քաղաքի համար վաղուց արդեն տարաժամ է:
Կարսի բերդն ու Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, այս տարվա փետրվար ամսին հիմնահատակ ավերված` Չարենցի հայրական տունը թույնի վերջին կաթիլներն էլ քամեցին ինձնից: Չուզեցի պատկերացնել, թե ո՞նց այս անառիկ բերդը կարողացավ առնվել, ինչո՞ւ: Չարենցը այս հարցերի բոլոր պատասխանները տվել է իր հանճարեղ պոեմանման վեպում: Եթե չես ուզում սխալվել քո մտորումներում, մի անգամ էլ կարդա այն, ու այս ամբողջ «ուղեղային մորմոք»-«սրտի հիվանդությանը» կնայես հանգիստ, անշտապ: Եթե կուզես, հանի՛ր կոշիկներդ, որ մտնես Սուրբ Առաքելոց եկեղեցի, որ այժմ մզկիթ է: Չէ՛, երկու անգամն էլ չբավարարեց իմ տոլերանտության չափը, և չարությունս ինձ ստիպեց անտարբեր տեսք ընդունել, նայել շուրջս` դեպի բերդի բարձունքը տանող ճանապարհը, դիմացը ձգվող զբոսայգում հեծանիվ քշող քուրդ տղաներին, Վարդանի կամրջին, հետո` Առաքելոցից աջ ու ձախ կառուցված վիթխարի, ոսկեփայլ գմբեթներով մզկիթներին, ուր բարեպաշտ մահմեդականները ավելի քիչ են այցելում` իրենց գետնատարած աղոթքներով, քան այս հնամյա քարակերտ Առաքելոցը, որի վրա նույն կեռ նորալուսինն է:
Իսկ Վարդանի կամուրջը միայն ժպիտ առաջացրեց… Ի՜նչ սիրուն է կառչել Կարս մեղմահոս գետից…
Գուցե զբոսավարը կամ էլ ուրիշ մեկը կասե՞ր այն ակումբի տեղը, որտեղ նստած «պրաֆերանս», «բակարա»… էին խաղում նաիրյան այս քաղաքի մեծարգո բնակիչները, երբ ակումբից դուրս բերվեց թղթախաղի, այո՛, թղթախաղի կանաչ մահուդով պատված սեղանը, և որի վրա բարձրանալով` Մազութի Համոն ազդարարեց 1-ին համաշխարհայինի սկիզբը և հետո էլ պետք է արտասաներ իր բոցաշունչ ճառերը: Ո՞րն է Լորիս Մելիքյան «չարչիների փողոցը», որտեղ իրենց խանութների առաջ «ծույլ, անփույթ կերպով հորանջում» կամ ճանճ էին քշում նաիրցի հաջի Մանուկոֆ էֆենդին, Աբոմարշը… Տելեֆոն Սեթոյի սրճարանը… Բայց չեմ ուզում իմանալ: Չեմ հուզվում ու չեմ ալեկոծվում…Կարո՞ղ է դարձել եմ չզարմացող, շատ բան տեսած, շատ բան հասկացող, շատ բան չհասկանալու տվող և շատ բան էլ չտեսնելու հատուկ տրամադրված 21-րդ դարեցի:
Չէ՛, պարզապես տեսնում եմ, թե ի՜նչ հանճարեղ ձևով է հաշիվներն իր սիրասուն քաղաքի հետ փակել Չարենցը: Կառուցեցինք, ապրեցինք, վայելեցինք… Այս միտքը ինձ տարիներ առաջ հաղորդել է իմ ճարտարագետ բարեկամուհին, երբ խոսում էինք Աղասի Այվազյանի, Էլիբեկյանների, Խոջաբեկյանի, Սունդուկյանի Թիֆլիսի մասին… Կառուցեցինք, վայելեցինք… «Բայց ինչո՞վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր ցեղեր-ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը ևս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն` գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասում: Ահա թե ինչ, ահա թե ո՞րտեղ է հարցի կենտրոնը, հարգելի՛ հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը-ահա ամենաէականը»: Սրանք Մազութի Համոյի մտքերն են… Իսկ Չարենցի համար պատրանք է Նաիրին… Այս միտքը ամբողջ վեպում և այսօրվա Կարսի երկնքում թևածող գաղափարն է այն մասին, որ, է՜հ, պատրանք է Նաիրին, միֆ է… Այս պարագայում երևի սա է հոգումս այսքան անդորր հայտնաբերելու իմ զարմանքի աղբյուրը: Չարենցը հիանալի գիտեր թե՛ արևելյան, թե՛ արևմտյան փիլիսոփայությունները… Գիտեր արևելյան Մայայի և արևմտյան պլատոնական նույնանման գաղափարները մեր բնակեցրած աշխարհի պատրանք լինելու մասին: Պլատոնի ամբողջ ուսմունքն է կառուցված սրա վրա: Նաիրիի` պատրանք Նաիրիի մասին գրել էր մեր մյուս պոետը` Չարենցից ընդամենը 12 տարով ավագ Տերյանը. «Մշուշի միջից տեսի՜լ դյութական»… Պատրանքը` պատրանք, սակայն սա էլ պիտի գեղեցիկ ու արժանավայել ապրենք, պետք է վայելենք… Այսպես է պատգամում Պլատոնը…
Դե, ես նաիրյան այս քաղաքում չեմ եղել 1914 թվականից առաջ: Եվ հիմա Առաքելոցի բակում` նստարանին փորձում եմ մտորել, բայց ի՜նչ մտորես, հավելես Չարենցի բացատրություն-եզրահանգումներին:
Մոտենում է մի մարդ` մի խեղճուկրակ թո՞ւրք, թե՞ քուրդ, ասում է` «Մի քանի լիրա կարո՞ղ եք տալ, երկու երեխաներս, կինս տանը սոված են, երեխաս հիվանդ է»: Ձեռքս տանում եմ դեպի պայուսակս: Մի ձեռք բռնում է իմ ձեռքը պինդ ու քուրդ թե՞ թուրք հայրիկին ասում. «Հայդե, յոք տուր, բիթտի»: Տղամարդը, որ մեր նույն Աստծո կամոք հայրիկ է դարձել, ծուռ վիզն առանց ուղղելու, հեռանում է…
Բայց Կիլիկիայի արևադարձային շքեղ կուրորտային քաղաքների ծովափնյա ճեմուղիներով` իրենց հարյուր տակ փաթաթված հանըմների կողքով, երեխաներին հպարտորեն գրկած շատ թուրք հայրիկներ էլ կան, տեսա, որ պատրաստ են ու կարող են կատարել լացող, ճղճղացող բալիկի բոլոր քմահաճույքները: Ի՞նչ կապ կարող է տեսնել թեկուզ ամենախորահայաց նաիրցին սրանց և այն հայրիկների միջև, որ… չկրկնվենք, որ հղի կանանց…, որ նորածին հայ մանուկներին… Ահա, թուրք արժանապատիվ հայրիկը քնքշորեն Միջերկրականի գոլ ալիքների մեջ (դիմացը շքեղորեն բազմել է Կոռիկոս ամրոցը) լողալ է սովորեցնում իր վախլուկ աղջկան…Ի՞նչ կապ կտեսնես սրանց և մեր աղջիկներին… չկրկնվեմ… գուցե միայն այն, որ այս հայրիկները գեղեցիկ են, բաց գույնի մաշկով ու մազերով, կապուտաչ… Այս դեռևս լրիվ ազատամիտ չդարձած հայրիկը, որի հանըմը բազմածալ շորերով, մազերը անպայման գլխաշորի տակ քողարկած, ջուրն է մտել, լողում է, կարծես թե աչքի ծայրով էլ չի տեսնում լողազգեստավոր կանանց:
Երեկոյան այս քաղաքակիրթ հայրիկը իր ընտանիքով հեռանալու է «Բարբարոս» շքեղ, կոռիկոսահայաց բացօթյա ճաշարանից… քանի որ ջահել, ուրախ զբոսավարուհի Անիի և Փարիզից ժամանած լրագրող Արմանի նախաձեռնությամբ հայերի այս խումբը («Հըլը դրանց տեսեք»), գրավել է բեմը, բարձրախոսը, շախով-շուխով պարում է… Շուտով այստեղ միայն հայերն են մնալու, երգելու, պարելու են, երբ մնացած օրերին թուրքերինն են բեմը, երգիչը, երգերը, երկիրը… «Օրը կգա,- այստեղ հեգնորեն խոսում է Չարենցը,- և նրանք կգնան: Եվ նորից բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք-կելնե, կհառնե ահասաստ, նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա-նաիրյան աշխարհի…Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա-երկիրը Նաիրի…»: Օրը կգա, և հեգնանքով ասված այս բառերը գուցե իրականություն դառնան` որպես հանճարի մարգարեություն… Ի՞նչ իմանանք… Գրիգոր Ջանիկյանը և իմ ընկերուհի Նվարդը կանխազգում են, որ հենց այսպես էլ լինելու է… Է՜հ…
Անիիի՜ն… Սա մի շատ լուրջ խոսակցության նյութ է ինձ համար, քանի որ այստեղ է ապրել, այս փողոցներով է ճեմել իմ վեպի հերոսուհին` Շուշանը… Այստեղ էր, որ իմ սիրտը թրթռաց, դողդողաց… Բայց ես ի՜նչ պիտի ավելացնեմ ինձանից ուղիղ 116 տարի առաջ` տարվա գրեթե այս նույն եղանակին, հենց այս նույն վայրում, սրտի անձկալի վերիվայրումներով քայլող ու շուրջը նայող Լեոյի խոսքերին… Լեոյի, ում նկարագրությունները որպես գիրք ծնունդ առան իմ ծննդյան թվականին, գուցեև ինձ հետ նույն օրը, և որոնցով էլ սիրահարվեցի ավերված այս քաղաքին… Ի՜նչ պիտի ավելացնեմ ես կամ իմ ձեռքի տեսախցիկը, կամ նոթատետրը… Միայն իմ հոգոցները, հիացմունքի հառաչանքները կարող են միակը լինել և իմը, միայն իմը լինել… Իսկ Լեոն, իմ աչքի առաջ տնկված Մանուչեի «մզկիթի» պատուհանում նստած, ասում է ահա թե ինչ. «Եվ կենդանության այդ երազը որքա՜ն հրաշալի է մահվան այս կիրճում: Ահա այստեղ, ուղիղ իմ պատուհանի դիմաց, գետի երկու կողմերում բարձրացած են քանդված, անճոռնի, անհեթեթ ձև ստացած կամ ավելի ճիշտ ասած` ամեն մի ձևից ու կարգից ընկած պատեր: Միայն մահվան ահռելի ժանիքները կարող են այսպիսի հրեշավոր այլանդակությամբ ծամծմել մի մարմին: Դրանք Անիի հռչակավոր երկհարկանի կամուրջի մնացորդներն են… …Կանգնած են դրանք, ապշություն, մահվան ցրտություն են ներշնչում: Գետն անցնում է նրանց միջով` արհամարհելով այդ դիակնային ներշնչումը: Կանգնել այսպես, այլանդակ, մաշված, լինել անճոռնի ոչնչություն և շարունակ, մաս-մաս, հյուլե-հյուլե ոչնչանալ, թափվել, լինել անխուսափելի իբրև ինքը` մահը, անհասկանալի, սառցնող` իբրև ինքը` հավիտենականությունը-այսպես է ասում ավերակը: Իսկ գետը, այդ գերեզմանային հարկի տակով էլ անց է կացնում իր ջրերը` կայտառ ու ժիր: Նրա և այդ պնդերես հարևանի մեջ պայքարն անընդհատ է, մշտնջենական-կյանքի և մահվան պայքարը: Եվ ով ապրում է, ում կրծքի տակ արյուն է խփում, նա ամբողջ սրտով այդ հեղուկի հետ կլինի, այս վազող ջրերի հետ, որոնք միայն չեն թողնում հուսահատվել այստեղի բնությունից և պատմությունից»… Այստեղ ես ավելի լավատես եմ դարձել ու պայծառատես եմ թվում ինձ… Հեշտությամբ վերականգնում եմ Ախուրյանի երկու ափերը միացնող երկհարկանի կամուրջը, դարձնում եմ այն եռահարկ, որի մի հարկով մարդիկ, մի հարկով կենդանիները, մյուս հարկով ավտոմեքենաներն են անցնում… Ցտեսություն Անի` ցնորական, պատրանքային, բայց և շնչող, թվացյալ անկենդան, բայց իրականում նոր հույզերի ու խռովքների սպասման մեջ, մեր կյանքի բջիջներն ապրեցնող… Ցը տեսություն, երջանիկ, փառավոր ու դաժան օրեր տեսած և այս ամայության մեջ էլ հմայքով, սրսփյունով ու սփոփանքով տարածված չքնաղ մեր մասնիկ…
Մհերի դռանը նայելիս այն զգացողությունն ունեցա, թե մեր դյուցազունի համար դժվար չէ այդ փոքրիկ դուռը բացելն ու դեպի մեզ գալը… Իսկ Տուշպա ուրարտական վիթխարի ամրոցի բարձունքից քո առաջ փռված Վա՞նը, Վանա լի՞ճը… «Ա՜յ, այն կողմում Այգեստան հայկական թաղամասն է, որից այլևս ոչինչ չի մնացել»…,- ասում է մեր զբոսավար Նորայրը… Մինչդեռ սրա մասին արդեն գիտեին 1917 թվականին այնտեղից հեռացող Օհանես աղան, մյուս նշանավոր ու հարուստ վանեցիները… Տասնամյակներ անց, Գուրգեն Մահարու նկարագրած Վանն աչքերիս մեջ, Տուշպայի բարձունքից ես ու ինձ լրացնող տեսախցիկը որոնում ենք այդ նկարագրություններին նմանվող մի բան…
«Տները` մեծ, փոքր, եվրոպական, ասիական, բազմաոճ ու քմահաճ, թաքնված են ծառերի ու ծառաստանների, այգիների ու այգեստանների մեջ: Քաղաքը նման է մի երգարաձիգ անտառի, ու մոտեցի՛ր, մոտեցի՛ր, մոտեցի՛ր, նույն անտառն է, իսկ երբ ներս մտնես նրա կանաչ դարբասներից, տեսնես իրար խաչաձևող փողոցներն ու տները, քեզ հեքիաթ կթվա նրանց գոյությունը, ու դու կմտածես, որ ուր որ է, կցնդեն փողոցներն ու տները, ու կմնան անտառը, առուները, կմնաս դու»: Ցնդել են քո ասած անտառները, Գուրգե՛ն Մահարի: Հիմա դրանց տեղում բազմահարկ շենքերի անտառներ են` ասֆալտապատ, մաքուր աղբամաններով: Վանա լճի ափի երկայնքով վազում են հարթ ճանապարհները` դեպի նավամատույց տանող, իսկ նավը… վերին հարկում թուրքերեն քեֆ անողների երգերն են խլացնում մեր Թաթային… Մենք նայում էինք հեռվում երևացող ժայռանման կղզուն և փորձում պատկերացնել, թե «Ծիծաղախիտ Վանա ծովի փոքրիկ գյուղից առափնյա…», ո՞նց էր լողում քաջ տղան մինչե՜՜՜վ այնտեղ… «Կղզին կոչվեց Ախթամար»… Դեպի Սուրբ Խաչ տանող սանդուղքները Րաֆֆու նկարագրածն են… Միայն թե այնտեղ չկան այն հոգևորականների ծոռնծոռները, որոնց հետ իր վեճն էր մղում նա` մեր անվախ հանճարը… Ամեն ազգի ու ամեն գույնի մարդիկ ոգևորված բարձրանում են… Ոգևորությունն արժե ամեն ինչ… Բոլորն են ոգևորվում, քանի որ բոլորս էլ նույն Աստծո արարածներն ենք… Ընդամենը մեկ ժամ էր տրված մեզ` տեսնելու, ոգևորվելու, մտորելու, հիշողությունների գիրկն ընկնելու, մոմավառության… Չէինք գտնում մոմավաճառի կրպակը… Դիտում էինք Սուրբ Խաչի անօրինակ շքեղ վիմաքանդակները, ա՜խ ու օ՜խ էինք անում, որ չենք կարողանում մոմ գտնել, վառել, երբ մեզ մոտեցավ մի բարի, ճլորած ոստիկան ու, թուրքերենին խառնված ok-ով մեր բարին կամեցող ժպիտով, հասկացրեց, որ կարող է մեզ համար մոմ ճարել: Ճարեց, վճարեցինք, գոհ մնաց, thank you… Welcome, good bye… Չոք թեշեքքյուրլեր… Գուցե հենց այս սրբավայրից է սկսվելու, գուցե արդեն սկսվե՞լ է բաբելոնյան խառնաշփոթը շտկելու մարդկային բնական ցանկությունը…
Փոքրացել է աշխարհը, կարճվել են ճանապարհները, որոնցով 15 թվից անցնում էին… չկրկնվեմ… Դեռ նախորդ առավոտյան չէի պատկերացնում, որ այդ օրը սուրճս խմելու եմ Բայազետ քաղաքի միակ հյուրանոցի բաց պատուհանի մոտ, իսկ դիմացս հառնելու է Արարատը` մյուս կողմից… Ձախ կողմում Բայազետ ամրոցի շքեղ ուրվագիծն է: Այս երկու փառավոր ուրվագծերի թափանցիկ միջնամասում դանդաղ հանդիսավորությամբ բարձրանում է արևը և իր փոշին է ցրում Արարատի ու Բայազետի վիթխարի ժայռ-ամրոցի վրա: Ուրվագծերը կորցնում են իրենց որոշակիությունը ու դառնում երազային… Այդպես դեռ որքա՜ն է երազ լինելու այս ամենը հայ մարդու համար: Հյուրանոցից քիչ այն կողմ տներ, բակեր են` իրար կպած: Դրսերում դեռ ոչ ոք չկա: Էս ինչքա՜ն են քնում էս մարդիկ: Ինչո՞ւ այդ ծույլ քրդուհին դուրս չի գալիս իր հավ ու ճիվին կերակրելու: Իսկ 1877 թ. ամռան մի այսպիսի օր պաշարված բերդից երևում էր, թե` «Այս բարբարոսությունների մեջ մասնակցում էին ոչ միայն քրդերը, այլև տաճկաց կանոնավոր զորքը, և որ ամենասարսափելին է` քրդերի կանայք… Այդ վերջինները, կատաղի ֆուրիաների նման, մոռացած կնոջ գութը և սերը, խլում էին երեխաներին մոր գրկից ու…»: Այս զարհուրելի դեպքերի բեմահարթակով, խենթի կերպ առած, պառավի ու գորտի ծիծաղելի երգը երգելով, գուցե հյուրանոցի պատուհանից երևացող հենց այս փողոցով, մի առավոտ թռչկոտում, անցնում էր Րաֆֆու Վարդանը… Նա էր, որ բերդապահ Շտոկվիչի նամակը պետք է հասցներ գեներալ Տեր-Ղուկասովին… Հասցրեց…
Արևը արդեն հավասարվել ու անցել է Արարատից: Ցանկապատի վրա ագռավներ են կռնչում, որ կուշտ լինելու, իրենց տիրույթներն ընդարձակելու մտահոգություն չունեն, որ ազգություն չունեն, երևի ամենուրեք խոսում են նույն լեզվով… Գուցե բոլորից թաքուն արդեն գրավե՞լ են մոլորակը, քանի որ ամենուրեք են…
Մի քանի օր անց Թիֆլիսում, գիշերային մի ժամի, եզդի տասներկուամյա Ալիխանը մեզ հետ հայերեն խոսելով ուղեկցեց դեպի իր վրացի խազեինի նավը… Մեզ վրացական գինի, մեր ուզած թեյն ու սուրճը հրամցնելուց հետո խազեինը միացրեց «Ո՜վ սիրուն, սիրունը»` Կիկաբիձեի հայերեն կատարմամբ… Կեսօրին արդեն գտել ու գրկել էի Րաֆֆու շիրիմին կանգնեցված ճերմակ սյունը, որ Գևորգ Բաշինջաղյանի նախագծով է կառուցվել, նստել էի Թումանյան փողոցում ` Թումանյանի տան պատշգամբում, հյուրասենյակի կլոր սեղանի շուրջ բոլորած մեր մեծամեծների զրույցն էի լսել կողքից, Հավլաբարն էի տեսել ու պատկերացրել Նար-Դոսի` թեք փողոցով վազող Հոպոպին ու նրա կնոջը, մի մուշտիով կնոջն այն աշխարհն ուղարկած դրոգապան Եգորին… Իսկ հիմա նայում էի Քռի ժայռակերտ ափի բարձունքին: Վերևում հյուրանոցներ, հոսթելներ, մոթելներ, լույսեր, լույսեր, լույսեր են… Այստեղ էլ արդեն աչքերս փակում ու տեսնում եմ Աղասու, Էլիբեկյանների, Խոջաբեկյանի, Սունդուկյանի… Թիֆլիսը… Պատրանք, միֆ, ուղեղի մորմոք… «Մի քիչ տուտուց էր Թիֆլիսը, մի քիչ իմաստուն, մի քիչ շռայլ, ասպետ ու դարդիմանդ… օղորմի՜ հոգուն»… Թեև հավատում եմ Աղասի Այվազյանի բոլոր խոսքերին ու զգացողություններին, նաև կարող եմ իր հետ կրկնել այս «օղորմին», բայց դրանք իմն են դարձել… Ու Քռի վրա գիշերային Թիֆլիսին նայելիս հասկացա, որ սիրել եմ ու սիրում եմ այս քաղաքը և բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որտեղով անցանք և դեռ անցնելու ենք… Քանի որ սերն է գլխավորը… Եվ սերն է, որ շտկելու է բաբելոնյան խառնաշփոթն ստեղծած ու ստեղծող մարդկության բոլոր սխալները… Այս են վկայում արևելյան, արևմտյան, հյուսիսային, հարավային բոլոր հին ու նոր իմաստությունները…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։