1971 թվականի հունիսին երիտասարդ գիտնականների խմբի հետ եղել եմ ԳԴՀ-ում, տեսել Բեռլինը, Լայպցիգը, Էրֆուրտը, Վայմարը, Դրեզդենը, Պոտսդամը և այլ քաղաքներ: Այն օրերին շատ տպավորվեց Պերգամոն թանգարանը. ցուցադրությունը սկսվում էր երկու հսկա` 1000 լիտրանոց ուրարտական գինու կարասներով, դրանց հետևում Հայաստանի քարտեզն էր: Ապշեցնող էր նաև Իշտարի տաճարի մուտքը և դեպի տաճար տանող ճանապարհը` էգ առյուծների որմնաքանդակներով. քեզ թվում է, թե քայլում ես վաղնջական Բաբելոնի ծիսական ուղերթով և հանդիպելու ես այն կառուցած Նաբուգոդոնոսոր թագավորին: Մտածում ես` ինչ լավ է, որ ժամանակին գերմանացիները տաճարի հախճասալիկները տեղափոխել են Բեռլին և նույնությամբ վերականգնել, այլապես արվեստի այդ հրաշալիքը կոչնչանար իրաքյան պատերազմի ժամանակ:
Ինձ շատ էր հետաքրքրում` Գերմանիայի միացումից հետո արդյոք Ուրարտական մասը պահե՞լ են, թե՞ այն չկա այլևս: Դրա համար երազում եմ նորից Բեռլին գնալ, առանց խմբային կաշկանդման այցելել Պերգամոն և տեսնել՝ ինչ է փոխվել քաղաքում երկու Բեռլինների միացումից հետո: Պարզվում է՝ Ուրարտական մասն այլևս չկա, թանգարանի երկու աշխատողներ չեն հիշում, որ այդպիսի ցուցանմուշ է եղել: Ճիշտ էր կանխազգացումս, որ Ուրարտուի մասը չեմ տեսնելու…
ԽՍՀՄ-ից պատվիրակություններին առաջինը ցույց էին տալիս Բեռլինի պատը, ապա Բրանդենբուրգյան դարպասները. վերջինս մնացել էր Արևելյան Բեռլինում: Հիմա չկա Բեռլինը երկու մասի բաժանող պատը, նրա տեղում` ասֆալտի մեջ, քարերով նշված է, թե քաղաքի որ մասերով է անցել Բեռլինի պատը:
Արևմտյան Բեռլինն առավել աղքատիկ է պատմական նշանավոր շենքերով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խիստ ավերվել է, պատերազմից հետո կառուցել են բարձրահարկ բնակելի սովորական շենքեր, շրջապատը՝ կանաչապատել: Արևելյան Բեռլինը հարուստ է թանգարաններով: Պերգամոնը գտնվում է, այսպես կոչված, թանգարանային կղզու վրա, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո է: Պերգամոնի մոտ են Եգիպտական արվեստի թանգարանը, Գերմանիայի պատմության թանգարանը: Եգիպտական արվեստի թանգարանի զարդն է Նեֆերտիտիի գունավոր կիսանդրին, որի մի աչքի ներկը թափված է: Նեֆերտիտին այստեղ առավել գեղեցիկ է, քան Փարիզի Լուվրի թանգարանում. նա նրբագեղ է և ասես թե շնչող ու կենդանի:
Գերմանիայի պատմության թանգարանը հատկապես հետաքրքիր է ֆաշիստական տիրապետության տարիները ներկայացնող ցուցանմուշներով: Այնքա՜ն շատ են հակասովետական ու հակաբոլշևիկյան ցուցապաստառները:
Բեռլինի պատի թանգարանը գտնվում է երկու Բեռլինների սահմանային անցակետի տեղում: Փողոցի արևելյան կողմում կախված է անցակետը պահպանող վերջին խորհրդային զինվորի մեծ լուսանկարը, արևմտյան կողմում` ամերիկյան: Բեռլինի պատի թանգարանում ներկայացված են այն ընտանիքների ողբերգական պատմությունները, որոնք մնացել են պատի տարբեր կողմերում: Բազնաթիվ ցուցանմուշները ներկայացնում են, թե ինչպես են գերմանացիները փորձել գաղտնի հատել սահմանն ու անցնել Արևմտյան Բեռլին: Մի ընտանիք կարի մեքենայով կարել է մեծ պարաշյուտ, դրան հարմարեցրել զամբյուղ և թռել, սակայն առաջին անգամ չեն հատել «սահմանը»: Փորձը կրկնել են երկու ընտանիքով` 4 ծնող և 4 երեխա: Այս անգամ պարաշյուտը իջել է արևմտյան կողմում, նրանք փրկվել են: Մի երաժիշտ հյուրախաղերից հետո իր գործիքներից մեկի արկղում տեղավորել է սիրած աղջկան: Սահմանապահը թեև գլխի է ընկել, որ արկղում մարդ կա, սակայն մեծահոգաբար ասել է` «Լավ գործիք ես տանում», ու չի բռնել: Եղել են նաև փախուստի ժամանակ բռնվողներ, որոնց սահմանապահները տեղում սպանել են` կրակ բացելով: Ցուցադրված են մարդատար մեքենաները, որոնց գաղտնի հատվածներում մարդ են թաքցրել ու փախցրել Արևմտյան Բեռլին: Բեռլինի պատի փոքր ու մեծ կտորներ դրված են թափանցիկ գնդերի մեջ և վաճառվում են որպես հուշանվեր: Պատահական չէ, որ Բեռլինի պատի մի մեծ կտոր ցուցադրվում է ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Հավատա՞լ, թե՞` ոչ» անվանումը կրող մեծ թանգարանում, նաև Բուդապեշտի Տեռորի թանգարանում և աշխարհի այլ քաղաքներում:
Ամեն զբոսաշրջիկ կարող է անվճար մտնել Բունդեստագի` հայտնի Ռեյխստագի շենքը, եթե ունի նախօրոք պայմանավորվածություն և անձնագիր: Այդ շենքը հաճախ տեսել ենք խորհրդային տարիներին Երկրորդ համաշխարհային պատերազմը պատկերող վավերագրական ու գեղարվեստական կինոնկարներում: Խմբով մտնում ենք Բունդեստագ՝ 2 հայ ենք, 3 թուրք, 2 իտալացի և 2 ճապոնացի: Ուղեվարը տարեց գերմանուհի է, որի պապը եղել է գերմանական պառլամենտի անդամ: 1994-1999 թթ. բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոստերը կառույցը ձևափոխել է ժամանակակից պառլամենտի շենքի, բայց հիմա էլ պատերին կան ռուսերեն մակագրություններ` ,,С победой до Берлина’’, ,,Наташа’’, ,,От Узбекистана’’ և այլն: Ուղեվարը ցույց է տալիս պառլամենտի հին անդամների քարտագրված արկղիկների նորաստեղծ հուշահամալիրը, որտեղ Ադոլֆ Հիտլերին նվիրված դարակ կա, միայն թե այն սև գույնի է:
Բեռլինին շատ մոտ գտնվող Պոտսդամը հայտնի է Սանսուսի ամառանոցային պալատով և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին երեք պետությունների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի ղեկավարների խաղաղության դաշնագրի ստորագրմամբ: Այն Պոտսդամի ամենանշանավոր շինությունն է, ունի համաեվրոպական արժեք և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պաշտպանության ներքո: Պալատը պատկանել է կայսր Ֆրիդրիխ Մեծին: Պալատում կա հարուստ գրադարան, որի գրադարակները սովորականից առավել ցածր են` կայսեր հասակին հարմարեցված: Կայսրը նախընտրել է կարդալ անտիկ հունահռոմեական հեղինակների գործերը:
Բեռլինն ունի հոյակապ եկեղեցիներ, որոնցում օրվա տարբեր ժամերին լսվում են Բախի խորալները: Կենտրոնական մասերից մեկում է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված և չվերականգնված կայսր Վիլհելմի եկեղեցին, ներքին հարդարանքը բացառապես մոզաիկ նկարներ են, կատարված այնքան վարպետորեն ու գունագեղ, որ որմնանկարներ են թվում: Այդպիսի նրբարվեստ մոզաիկա տեսնում եմ առաջին անգամ: Պատի վրա պահպանված է Գերմանիայի միապետ Հենրիխ Առաջինի նկարը` գահի վրա նստած:
Այդ նշանավոր տաճարի կողքին կառուցված նորաոճ հսկա եկեղեցին ութանկյուն շինություն, ներսում՝ ձեռքերը տարածած ոսկեգույն Հիսուս Քրիստոսն է:
Ինձ բախտ է վիճակվում ներկա գտնվել Բեռլիներ ֆիլհարմոնիկի համերգին, որն աշխարհում սիմֆոնիկ նվագախմբերի մեջ համարվում է լավագույնը: Մի քանի օր անց լսում եմ նաև Վերդիի «Տրավիատան»: Նորից, ինչպես Վիեննայի բեմադրության ժամանակ, երգիչները նորօրյա զգեստներով են: Բեմի վերևում անգլերեն և ֆրանսերեն լեզուներով գրվում են երգերի բառերը: Երգիչների կատարումներն անթերի են: Սա այն շքեղ դահլիճը չէ, որ տեսել եմ 1971-ին (օպերայի շենքը վերանորոգվում է), սակայն շատ մեծ և հարմարավետ է, մի չինացի թե ճապոնացի կին օդանավակայանից էր եկել` հսկա ճամպրուկը քարշ տալով:
Արևմտյան Բեռլինում կա սյուրռեալիզմի արվեստը ներկայացնող նկարիչների հարուստ թանգարան: Հայտնի է, որ Գերմանիան, լինելով զարգացած և ուժեղ պետություն, գրեթե միշտ պարտվել է պատերազմներում: Սակայն Արևմտյան Բեռլինում ունեն հաղթանակի մեծ հուշակոթող, որովհետև XIX դարում մեկ անգամ հաղթել են Ֆրանսիային:
Բեռլինի տեսարժան վայրերից է կենդանաբանական այգին, որը հնագույնն է Գերմանիայում: Այգին քաղաքի մեջ է և ունի հսկայական տարածք, հարուստ կենդանական հավաքածու: Հետաքրքիր է, որ առյուծներին լավ կերակրելուց հետո բաց են թողնում. քեզնից 20 մետր հեռու, ոչ բարձր ցանկապատից այն կողմ՝ ազատության մեջ նրանք վսեմ տեսք ունեն: Այգին լիքն է երեխաներով ու նրանց ծնողներով:
Բեռլինի կենտրոնում հսկա կապոց հիշեցնող քանդակ է, վրան՝ սանդուղք, թեյնիկ, անկողնու պարագաներ և խորհրդանշում է տարագիրներին ու նվիրված է նրանց:
Գերմանիայում խիստ կարգ ու կանոն է, դա ինձ հաճելի է, սակայն երբեմն չափն անցնում են: Օրինակ, թանգարանում պիջակդ կա՛մ պիտի հանձնես հանդերձարան, կա՛մ հագիցդ չհանես, եթե անգամ շոգ է… մի բան, որ չեմ տեսել աշխարհի որևէ թանգարանում:
«Գեմալդե գալերի»-ում ցուցադրվում էր 15-րդ դարի իտալացի նկարիչ Կառլո Կրիվելիի «Աստվածամայրը մանկան հետ» կտավը՝ Աստվածամայրը շրջապատված սրբերով: Նկարն այնքան արտասովոր վարպետությամբ է ստեղծված, որ թվում է` 3D-ի բոլոր հնարավորություններն ունի:
Եղա նաև Հանովերում: Շատ կանաչապատ, գեղեցիկ շենքերով բարեկեցիկ քաղաք, որն ունի հսկայական պալատ հիշեցնող քաղաքապետարանի շենք: Շենքի բարձր գմբեթից, ուր բարձրանում ես թեք վերելակով, քաղաքը թվում է ափիդ մեջ: Հանովերը Գերմանիայի ամենականաչապատ քաղաքն է` կորած պուրակների ու զբոսայգիների մեջ:
Գերմանիայում շրջագայելիս մի միտք շարունակ պտտվում է ուղեղումս. ինչո՞ւ այսքան կարգ ու կանոն սիրող, այսքան աշխատասեր ժողովուրդը, որն աշխարհին տվել է մեծագույն գիտնականներ, փիլիսոփաներ, գրողներ և, իհարկե, հրաշք կոմպոզիտորներ, ինչ-որ ժամանակ հանդուրժել է ֆաշիզմը: