Սիրելի հայրենակիցներ՝ Հայրենիքում, Արցախում և Սփյուռքում. Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Սիրելի հայրենակիցներ՝ Հայրենիքում, Արցախում և Սփյուռքում

Պատմական Պահ է դարձյալ մեր ազգի բազմադարյա պատմության մեջ՝ ստորագրվել է մի փաստաթուղթ, որն իրականացվելու դեպքում, հարցականի տակ է դրվելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգությունն ու գոյությունը ընդհանրապես։

Բայց դեռ ամեն բան կորած չէ։ Այս Պահին դեռ կա՛ հիշյալ փաստաթղթում որոշակի սրբագրումներ անելու հնարավորություն, որի համար ունենք ընդամենը մեկ- երկու օր։ Ինչի՞ վրա է հիմնված այս համոզմունքը․․․ Այն իրողության, որ՝

  Ստորագրված փաստաթուղթը ընդամենը Հայտարարություն է՝ երեք կողմերի միջև մի շարք կետերի  պայմանավորվածությունների մասին։ Ինչո՞ւ․ որովհետև դրանք անհրաժեշտ են եղել Արցախյան պատերազմական գոտի ռուսական խաղաղապահների մուտքն իրականացնելու համար (պարզ է, որ պետք էր ապահովել ոչ միայն Հայաստանի ու Արցախի,  այլև Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը, ինչը մինչ այդ չկար)։ Արձանագրենք, որ ըստ ոչ միայն ռուսական, այլև Մինսկի խմբի համանախագահ ֆրանսիական որոշ պաշտոնական աղբյուրների հաստատումների, ստորագրվածը ընդամենը փաստաթուղթ է կրակը դադարեցնելու և կայուն զինադադարն իրականացնելու մասին։ Ընդ որում՝ Մինսկի համանախագահների ինստիտուտը ոչ ոք չի վերացրել, այն գործում է (հասկանալի է, որ ընտրությունների բարդությունների հետ կապված, ԱՄՆ-ը առայժմ ակտիվություն չի ցուցաբերում), սակայն պաշտոնական Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով կարևորում է Արցախի կարգավիճակի հարցը և բացահայտորեն արտահայտվում Արցախյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու և արդյունքում որևէ Համաձայնագրի (երկարաժամկետ իրավական փաստաթղթի)  կնքման դեպքում, Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հնարավորինս առավելագույն պաշտպանության օգտին (ինչը, կարծում եմ, բխում է նաև Ռուսաստանի Դաշնության շահերից)։

Ո՞րն է նշված հնարավորության իրագործման ճանապարհը․

ա/ ՀՀ վարչապետը պետք է հեռանա իր պաշտոնից՝ անկախ բոլոր տեսակի (օբյեկտիվ և սուբյեկտիվ) բացատրություններից ու մեկնաբանություններից։  Ի վերջո, այդ է պահանջում ստեղծված իրողությունը՝ պարտված երկրի, պարտված բանակի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է հրաժարական տա,

բ/ ձևավորված Ազգային համաձայնության (կամ մեկ այլ անվանմամբ) կոմիտեն պետք է դիմի Ռուսաստանի դաշնության ղեկավարությանը՝ ոչ թե զինադադարի հաստատմանն ուղղված կողմերի Հայտարարությունը, ռուսական խաղաղապահների առաքելությունը չեղարկելու, այլ Հայտարարության մեջ նշված կետերի իրագործման նշված ժամկետները ժամանակավորապես սառեցնելու, ապա նաև այդ կետերի վերաբերյալ բանակցություններ սկսելու համար՝ ներգրավելով նաև Մինսկի խմբի համանախագահության մյուս անդամներին,  հնարավորինս արդար և ընդունելի, կողմերի ռազմավարական շահերի հաշվառմամբ, իրատեսական տարբերակներ և լուծումներ գտնելու նպատակով․ ընդ որում, չպետք է անտեսվեն  հակամարտությանը Թուրքիայի անմիջական մասնակցության, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հակամարդկային, միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի (նաև խաղաղ բնակչության դեմ) կիրառման,  ռազմագերիների նկատմամբ գազանային վերաբերմունքի և այլ փաստերը, որոնք ակնհայտ հանցագործություններ են ոչ միայն արցախահայության, այլև ամբողջ մարդկության հանդեպ,

գ/ նկատի ունենալով պատմության փորձը՝ ոչ մի կերպ չտրվել ագրեսիվ Էրդողանին Թուրքիայի նախկին վարչապետ, «կառուցողական» Դավիթօղլուով փոխարինելու արդեն իսկ տարածվող հեռանկարի գայթակղությանը՝ ցեղասպան սուլթան, երիտթուրքեր – «հեղափոխական» Աթաթուրք ծուղակը  մեկ անգամ ևս չընկնելու համար (քանզի զուգահեռներն առավել քան ակնհայտ են՝ Հայաստանում հակառուսական  տրամադրությունների սերմանմամբ, ռուսական հեղափոխությունը դեպի Հարավ ու Արևելք տարածելու «ջատագով» «բոլշևիկ» Աթաթուրք և Հայաստանում հակառուսական տրամադրությունների սերմանմամբ, դեպի Հարավ ու Արևելք իր ազդեցության գոտին վերականգնելու և ամրապնդելու արդի ռուսական պետության նպատակին «սատարող» Դավիթօղլու)։

Սիրելի հայրենակիցներ՝ Հայրենիքում, Արցախում և Սփյուռքում

 Սա համազգային միասնության Պահն է, ոչ թե զգացմունքային ճառեր ասելու, այլ սթափ և զգոն մտածելու, Պահին համապատասխան արագորեն գործելու,  հավասարակշիռ որոշումներ ընդունելու Պահը։

Ուզում եմ հավատալ, որ այդպիսի Պատասխանատվություն կրելու ընդունակ ուժեր ինչպես միշտ, այսօր էլ կան մեր ժողովրդի մեջ։

Շատ կարևոր է, որ այս Պահին չկորցնենք մեր ազգային Ոգին, ապագայի տեսլականը և ամեն բան լավ է լինելու։

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայաստանի գրողների միության քարտուղար

Բանասիրական գիտությունների դոկտոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։