Գևորգ Էմին-Տերյանը գնահատելի գործ է արել, առանձին գրքով կազմել և հրատարակել է Վահան Տերյանի կյանքի և ստեղծագործության բազմաթիվ բացահայտումներ պարունակող «Վահան Տերյան, Անտիպ և անհայտ էջեր» (Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ), Ե., 2014, 740 էջ: Գիրքն ունի ուշագրավ, նորություն հանդիսացող կողմեր, կան հետաքրքիր դիտարկումներ, կարդացվում է հետաքրքրությամբ: Սակայն իմ այս կարճ գրությամբ ուզում են նկատել տալ մեկ-երկու անճշտություն, որ սպրդել է բանաստեղծի մի ձեռագրի վերծանման և ըստ այդմ՝ տպագրության մեջ:
Նախ, բանաստեղծի ձեռագրի 8-րդ տողի խուրձ-խուրձ-ը սխալ է վերծանված՝ խունձ-խունձ: Բաց արեք գրքի էջ 668-ը, որտեղ դրված է «Լուսանկարներ» բաժնի 27-րդ լուսանկար-ֆոտոպատճենը՝ Տերյանի ձեռագիրը և անմիջապես ներքևում՝ վերջինիս տպագիր վերծանվածը: Ի դեպ՝ նույն լուսանկար-ֆոտոպատճենը կա նաև գրքի սուպերշապիկի դարձերեսին: Գ. Էմին-Տերյանը վերծանել է հետևյալ կերպ (կետադրության իր լրացումով).
Կանգնել ես դու նրբահասակ,//Ժպտում ես ինձ, գերում ես ինձ,//Պարզել ես ինձ երկու նիզակ,//Երկու հրով այրում ես ինձ://Նազով նրբին ասում ես՝ ե՛կ,//Խունձ-խունձ թափած՝ մի սև արեգ -//Շող մազերով այրում ես ինձ://Պարզվում ես ինձ, սիրուց գինով,//Քնքուշ ձայնով կանչում ես ինձ,//Արբած եմ ես անուշ թունով,//Ա՛խ, ի՛նչ անուշ տանջում ես ինձ:
Կրկնում ենք՝ ուշադիր նայելիս պարզ նկատվում է՝ խուրձ-խուրձ, այնինչ վերծանման մեջ դրված է խունձ-խունձ:
Բերենք ձեռագրի ճիշտ վերծանությունը (կետադրությամբ և եղած ուղղագրությամբ).
Կանգնել ես դու նրբահասակ,//Ժպտում ես ինձ, գերում ես ինձ,//Պարզել ես ինձ երկու նիզակ,//Երկու հրով այրում ես ինձ://Նազով նրբին ասում ես՝ ե՛կ,//Այսպէս անուշ նայում ես ինձ,//Խուրձ-խուրձ թափած մի սև արեգ՝//Շող մազերով այրում ես ինձ://Պարզում ես ինձ սիրուց գինով,//Քնքոյշ ձայնով կանչում ես ինձ,//Արբած եմ ես անուշ թունով,//Ա՜խ, ի՜նչ անուշ տանջում ես ինձ:
Կարծում եմ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում խուրձ, որից կրկնավոր կազմությամբ խուրձ-խուրձ բառը (փոխաբերաբար) գործածվում է արևի շողերի («ճառագայթների») փոխարեն: Իսկ խունձ բառ, առավել ևս՝ խունձ-խունձ կազմություն հայերենում, առհասարակ, չկա:
Գ. Էմին-Տերյանը ինձ չի՞ հավատում, թող չհավատա, բայց թող բաց անի հայերենի հին և նոր ցանկացած քիչ թե շատ ծավալուն կամ հայտնի բառարան (անունները տանք՝ Նոր Հայկազյան, Աճառյան, Մալխասյանց, Աղայան, Ակադեմիայի լեզվի ինստիտուտի և այլն) և կտեսնի, որ նման բառ (թեկուզ՝ բառարմատ) գոյություն չունի: Ո՜ւր էր, թե լիներ:
Հպանցիկ ասեմ, որ բանաստեղծության մեջ փոխաբերաբար խոսք կա արևի մասին, որի շողքերից երկուսը կամ մի քանիսը՝ «երկու նիզակ», «երկու հրով այրում է» պոետին, «նազով նրբին» կանչում է նրան, «խուրձ-խուրձ թափած» մի արեգ է սև՝ այդ «այրումը» և այլն (հիշենք՝ հայերենում շատ տարածված են արևի խրձեր, արևի խուրձ և այլ կապակցությունները, մանավանդ բանաստեղծական խոսքում. սա նման դեպքերից մեկն է):
Այնուհետև, վերծանված տարբերակի մեջ բաց է մնացել, կամ, թերևս, անուշադրության բերումով շրջանցվել է 6-րդ՝ «Այնպես անուշ նայում ես ինձ» տողր, որը, բնականաբար, պիտի վերականգնվի՝ առանց որևէ առարկության (այստեղ բերվածի մեջ մենք այն վերականգնել ենք):
Վերջապես, Գ. Էմին-Տերյանը ձեռագրի քնքոյշ բառի փոխարեն դրել է վերջինիս անհնչյունափոխ քնքուշ տարբերակը, որն ամենևին էլ տեղին չէ, պետք է վերականգնել բանաստեղծի նախընտրածը:
Այս գրելուս կամ հիշեցնել-ուղղելուս նպատակը մեկն է՝ մեծ և ազնվական խոսքի տեր բանաստեղծի յուրաքանչյուր բառի նկատմամբ հոգածություն, որ գալիս է այն զգացումից, որ հաճախ է պատում ամենքիս՝ ըստ առիթի կամ անառիթ: Այնպես որ, կուզենայի, որ հետագա հրատարակության դեպքում անպայման ճշգրտված լիներ այս երկու-երեք անտեղիությունը: