Նորիկ ԼԵՎՈՆՅԱՆ /ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՆԵԼԻ Է

Նորիկ ԼԵՎՈՆՅԱՆՍամվել ԿՈՍՅԱՆ – Ձեր խոստովանությունն է, որ եթե Հայաստանում ապրելը դժվար է, ապա առանց Հայաստանի՝ անտանելի… Փակագծերը կբացե՞ք: Նորիկ ԼԵՎՈՆՅԱՆ – Ավելի լավ է՝ պատասխանելս չսկսեմ բաժակաճառի բառամթերքով: Մեր այս շքեղ ու երկնամերձ երկիրը փոքր է, ռեսուրսները՝ սահմանափակ: Ուստի՝ լավ ապրելու երազանքը ուրիշ ճանապարհային քարտեզ է բացում շատերի երևակայության մեջ, այն է՝ օտարության մեջ հարուստ ու բավարարված ապրելը հայրենիք է, իսկ հայրենիքում կարիքավոր ապրելը՝ օտարություն: Մեր երկրում կան գոհունակ ապրող ազգային փոքրամասնություններ, թե որն է իրենցից ավելի շատ քանակով, չգիտեմ, սակայն անժխտելի է, որ ամենամեծ փոքրամասնությունը, անկախ ազգությունից, աղքատներն են: Հույն գրող Կազանզակիսն ասել է. «Որտեղ հայերը շատ են, այնտեղ հրեան դժվարությամբ կապրի»: Ես ուզում եմ՝ մեր մասին ասվի, որ հայերն ամենուրեք լավ են ապրում, առավել ևս՝ Հայաստանում: Այս գրառումը կատարել եմ մի այլ երկրում մշտական բնակությունից հրաժարվելուց հետո, երբ ասացի տիկնոջս, որ մենք մեր դրախտը ստեղծել ենք այստեղ. ուր էլ գնանք ապրելու, մեր սերը կոդավորված է հայրենի հողի հետ, առանց Հայաստանի անտանելի է: Ս. Կ. – Տարբեր են ստեղծագործողների հավակնությունները, բայց ճանաչված լինելու գայթակղությունը կարծես բոլորին է հատուկ: Որքանո՞վ են դափնիներն ու մրցանակները հետաքրքրում Ձեզ: Ն. Լ. – Ճանաչված լինելու ցանկությունը արդարացված է, եթե ուղղորդվում է անսուտ արվեստ ստեղծելու պոտենցիալ կարողությամբ, սակայն այդ միտումը ոմանց մոտ մոլագարության ու ինքնահաստատման հիվանդագին ձգտման ախտանշաններ է առաջացնում: Սա ինքնին մերժելի է ու հոգնեցնող: Ստեղծագործելը ինքնին հավակնոտ մարտահրավեր է՝ իր սեփական եսը քննության նյութ դարձնելու համար: Իհարկե, դափնիներն ու մրցանակները հաճելի են, եթե տրվում են մնայուն արժեք ստեղծողին՝ որպես վաստակի գնահատանք: Սակայն ցավով ուզում եմ նշել, որ այդ մրցանակները երբեմն տրվում են լոբբինգի և կոնյունկտուրային կապերի շնորհիվ: Ս. Կ. – Ինչո՞վ է պայմանավորված Ձեր նվիրվածությունը արաբական գրականությանը, որին հաճախ եք անդրադառնում: Ն. Լ. – Դրա պատճառներից մեկը լեզվին տիրապետելն է և սերը՝ արաբական հարուստ ու բազմաբովանդակ գրականության, ինչպես նաև երախտագիտության դրսևորումը արաբ ժողովրդի հանդեպ, որ օգնության ձեռք մեկնեց և հյուրընկալեց ցեղասպանությունից մազապուրծ արևմտահայերին: Իմ թարգմանություններով փորձել եմ խորացնել քսանդարյա բարեկամական ջերմ հարաբերությունները արաբ ժողովրդի հետ: Ս. Կ. – Եթե հատընտիր հրատարակելու առաջարկ լինի, քանի՞ բանաստեղծություն կընտրեք և ինչո՞ւ հենց դրանք: Ն. Լ. – Ճիշտն ասած՝ երբևէ չեմ մտածել հատընտիրի մասին: Հավանաբար կընտրեի ժամանակի շունչը պահպանած, ասելիքով առլեցուն և սուր իմաստային ենթաշերտեր պարունակող բանաստեղծությունները: Ես ինքնասիրահար տեսակին չեմ պատկանում, ընտրությունս խիստ կլիներ և հօգուտ ընթերցողի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։