ԸՆԴՎԶՈՒՄ
Մեր երգերին նորից հառաչ է խառնվում,
Մեր աղոթքը դառնում
նզովք մի սրբազան,
Էլի՛ ցավ ու մորմոք, էլի՛ ոխ ու ցասում,
Էլի սև լուրերի արշավանքը դաժան:
Բայցև բռունցքվում են մեր
սրտերը նորից՝
Սուրբ կանչերի ներքո փառապանծ
մեր նախնյաց,
Ու մեր երակներում արյան պտույտն էլի
Խոլ հորձանք է առնում՝
նոր կռվին ընդառաջ:
Հայոց ոգու վսեմ արծիվն է խենթ ճախրով
Սրտից սիրտ ու հոգուց հոգի թևում անտես՝
Արդար ցասումը մեր ուժի փոխարկելով,
Ցավի մեջ վառելով ընդվզման հուրը կեզ:
Եվ հուրն այդ այսուհետ չի մարելու բնավ,
Ուժն այդ աճելու է, հորդի համատարած,
Քանի ոռնում է դեռ գազանը ոխակալ՝
Երախը մեր տանն ու մեր երկնքին պարզած:
Քանի մխում են դեռ արնոտ ժանիքների
Թողած սպիներն հին, ցավոտ վերքերը նոր,
Ու կեռ ճանկերը հենց որջում իր զազրելի
Չեն հատվել մեր վերջին, վրիժառու զարկով…
Հուրն այդ կբոցկլտա՛, ուժը կվարարի՛,
Խոլ կսուրա հայոց ոգու արծիվն անվերջ,
Ու նրա թևերի շաչյունը ամեհի
Պիտի հնչի գալիք բոլո՜ր դարերի մեջ:
ԱՐԵՎԻ ՁԱՅՆԸ
Ինձ երգեր եք ձոնում,
Երդվում եք ինձնով,
Իմ անունով կնքում մաքուր, անբիծ մանկանց…
Հարկավոր չէ, սակայն, ինձ մի՛ երկրպագեք.
Չե՛մ կարող դեռ նույն կերպ ժպտալ ես ամենքին:
Մի՛ ձոնեք ինձ երգեր.
Իմ հայացքի տակ կեզ
Չարի ծաղիկները չեն խանձվում իսպառ,
Ու մերկ հոգիներում խավարը լերդանում,
Մահու թույն է դառնում դեռ աշխարհի հանդեպ…
Մի՛ երդվեք ինձնով.
Ինչ-որ տեղ դեռ ոմանք
Գողանում են լույսն իմ,
Որ… այս երկրի վրա փռեն անդուռ գիշեր…
Արյունոտ է սերը ինչ-որ տեղ ու լքված,
Ու երգեր կան բանտված, անթիվ որբ երազներ…
Ու թե իմ անունով
Կոչում եք ձեր մանկանց,
Մի՛ մոռացեք երբեք`
Նրանց վրա մի ժանտ ձեռք է ճոճվում անտես,
Ու սարսափի դժնի շուքն է դեռ երերում
Նրանց պայծառ, մաքուր երազների վրա…
Ինձ երգեր եք ձոնում,
Երդվում եք ինձնով,
Իմ անունով կնքում մաքուր, անբիծ մանկանց…
Դե ուրեմն լսե՛ք,
Լսե՛ք կոչն իմ, մարդի՛կ.
– Զարկե՛ք մեկտեղ ու այդ արյունոտ ձեռքը հատե՛ք:
ՑԱՍՈՒՄ
(ըստ Գ. Գոլովատիի)
Կույրը չի՛ կարող ցասումով նայել,
Համրը չի՛ կարող գոչել ամեհի,
Ձեռքից զրկվածը՝ զենք-զրահ պահել,
Եվ ով ոտք չունի՝ նետվել գրոհի:
Բայց կարող է կույրն ամեհի գոչե՛լ,
Համրը՝ նայե՛լ խենթ ցասումով լի,
Ոտքից զրկվածը՝ ձեռքին զե՛նք պահել,
Եվ ով ձեռք չունի՝ նետվել գրոհի՛: