Հայ-ադրբեջանական շփման գծում երբեք խաղաղություն չի եղել: Պարզապես այն երբեմն մեղմացել է, կամ` սրվել: Եվ դա բնական է: 1994 թ. մայիսին կնքված հրադադարի` մեզ պարտադրված պայմանագրով պատերազմն իրականում չի ավարտվել: Աշխարհի ուժեղների, հատկապես Ռուսաստանի ճնշմամբ, մենք դադարեցրինք մեր սրընթաց առաջխաղացումը: Մեր զորամիավորումների հաղթարշավը կանգնեցվեց Միր Բաշիրի պատերի տակ, այն դեպքում, երբ մենք պատրաստ էինք գրոհելու, իսկ ադրբեջանցիները կապել էին ճամպրուկները: Հրադադարի պայմանագիրը ոչ թե մեր հաղթանակն էր, այլ՝ դիվանագիտական պարտությունը: Եթե այնքան կամք չունեցան մեր իշխանությունները, որ հակառակ մեր չուզողների գրոհեն Միր Բաշիրը, ինչի գրավելուց հետո բացվում էր ճանապարհը մինչև Քուռ գետը և վերջնականորեն լուծվում էր արհեստականորեն սարքված Ադրբեջան պետության հարցը, ապա գոնե այնքան կամք ու համառություն պետք է ունենային, որ հրադադարի փոխարեն խայտառակ պարտություն կրած երկրին պարտադրեին խաղաղության պայմանագիր կնքել:
Եվ այդ խայտառակ դիվանագիտության պտուղները վայելում ենք մինչև հիմա: Սահմանամերձ շրջաններում իրավիճակի անկայունացումը նորություն չէ: Կրակոցներն ու սպանությունները սկսվել են հրադադարի հաջորդ օրվանից: 1994 թ. մայիսի 12-ին դիպուկահարի կրակոցից զոհվեց իմ մարտական ընկերը: Եվ քանի դեռ հակամարտության հարցը վերջնականորեն լուծված չէ, կրակոցներ միշտ կլինեն: Իսկ թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել ադրբեջանական կողմի գործողությունները, դրա համար օբյեկտիվ պատճառներ կան:
Առաջինը միջազգային շուկայում նավթի գների կտրուկ անկումն է, ինչի հետևանքով առաջ է եկել բնակչության սոցիալական վիճակի վատթարացում: Բնականաբար, իշխանությունները պետք է աշխատեն բնակչության ուշադրությունը կենտրոնացնել հակառակորդի վրա: Դրա համար ազերիները հրահրելով բախումները` հայկական կողմի հակագործողությունները ներկայացնում են որպես թշնամու հերթական բարբարոսություն:
Մյուս կողմից, այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Բաքվի և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, բնականաբար, պետք է շահարկեին Ղարաբաղի հարցը: Իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք ամեն ինչ անում են գրավյալ տարածքները վերադարձնելու համար: Ալիևի ավագ օգնական Ալի Հասանովը նույնիսկ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ եթե ՄԱԿ-ը Հայաստանին չստիպի զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից` նոյեմբերի ընտրություններին երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով, ապա պատերազմն անխուսափելի է:
Բացի շփման գծում իրականացվող գործողություններից, իշխանությունները թեժացնում են նաև լրատվական, տեղեկատվական պատերազմը: Բաքվի իշխանությունները հատուկ որոշումով ԶԼՄ-ներին արգելում են առանց թույլտվության անդրադառնալ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակին` սպառնալով խիստ պատժել: Վերը նշվածից պարզ է դառնում, որ Բաքվի իշխանությունները խաբում են սեփական ժողովրդին, հակամարտությունն օգտագործում որպես զսպաշապիկ:
Իսկ ինչո՞ւ են այդքան համարձակ Ադրբեջանի իշխանությունները: Ըստ հայկական լրատվամիջոցների` սահմաններում անկայունություն ստեղծում և անընդհատ կրակում են ադրբեջանցիները: Իսկ հայկական կողմը միայն աշխատում է ձախողել նրանց հատուկ ջոկատների գործողությունները, կամ կրակում է նրանց լռեցնելու նպատակով: Ստացվում է, որ պատերազմում պարտություն կրած, տարածքներ կորցրած, հրադադար աղերսած կողմն ավելի համարձակ ու ագրեսիվ է, քան հաղթողը: Սա շատ կարևոր խնդիր է: Թշնամական կողմերը մշտապես տեղյակ են միմյանց իրավիճակին: Ուրեմն՝ թուրքերը համոզված են, որ ժամանակի ընթացքում մեր ռազմական ներուժը նվազել է: Այսօր նրանք զինված են ավելի, քան մենք, ավելի շատ ֆինանսական միջոցներ են ներդնում զինված ուժերում: Բայց ամենակարևորը` մեր հանրապետության բնակչության թիվը գնալով պակասում է, իրենցը` աճում: Այսօր Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմում է պատերազմի ժամանակվա կեսից մի փոքր ավելի, երկուսուկես միլիոն: Իսկ Ադրբեջանի բնակչությունը, որ պատերազմի ժամանակ շուրջ վեց միլիոն էր, վաղուց ինը միլիոնից անցել է: Ահա Բաքվի զազրախոսության պատճառներից ամենահիմնականը:
Մեր հույսը, ինչպես դարեր առաջ, ոչ թե քանակի, այլ որակի վրա է` իբր թե կհաղթի մեր ոգին: Ճիշտ է, որ ցանկացած պատերազմում հիմնականը ոգին է, բայց ամեն անգամ չէ, որ «տերտերը գաթա կուտի», ինչպես ասում է ժողովուրդը: Դա ցույց է տալիս դարերի պատմությունը: Ինչքան էլ ոգին բարձր լինի, եթե պատերազմը տևական է, ի վերջո հաղթում է քանակը:
Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները: Անկախության հռչակման օրվանից սկսված արտագաղթը շարունակվում է մինչև այսօր, և առավել սաստկանում է: Երկրի բնակչության քանակը ոչ թե պակասում է պատերազմում զոհվելու, ոչ թե հիվանդությունից մահանալու, ոչ թե ծնելիության նվազումից, այլ, հիմնականում, արտագաղթի պատճառով: Երկրում ստեղծված անօրենության, անարդարությունների, սոցիալական բևեռացման պատճառով մարդիկ պարզապես լքում են երկիրը: Կարծում եմ, որ իշխանությունները սահմաններում անկայունության, պատերազմի վտանգով բնակչությանը վախեցնելու փոխարեն, լավ կլինի, մտածեն այդ մասին, կրճատեն հասարակության բևեռացվածությունը: Իսկ ոգին, ինչով հպարտանում ենք, այնքան էլ բարձր չէ. մարդիկ ընտանիքներով լքում են երկիրը, որպեսզի զինվորացու զավակներին փախցնեն:
Իհարկե, էքստրեմալ պայմաններում մենք միշտ էլ արթնանում ենք «ես»-ի կապանքներից, և մեր ոգին բարձրանալով` հրաշքներ է գործում, բայց պետք չէ հույսը դրա վրա դնել: Երբ կարիքը զգացվի, գուցե արդեն բավարար քանակի զենք բռնող չլինի: Ուրեմն՝ սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է կայունություն և միասնություն ստեղծել երկրի ներսում: Ուժ և կայունություն, ինչից կվախենա թշնամին: Առայժմ նա չի վախենում մեզնից: Ինչպես ասում են` մեր ատամները հաշվել է: Մեր իշխանություններն առայժմ զբաղված են սեփական աթոռների անվտանգության ապահովմամբ: Նրանց կարծես այնքան էլ չեն մտահոգում սահմանին կատարվող ամենօրյա գործողությունները:
Հետևաբար, հակառակորդի անընդհատ աճող լկտիացմանը նպաստում է նաև մեր իշխանությունների պասիվ պահվածքը: Եթե առաջին տարիներին թշնամին մեր դիրքերն ու բնակավայրերը գնդակոծում էր փոքր տրամաչափի զինատեսակներով, ապա վերջին ամիսներին ականանետներ է օգտագործում և գնդակոծում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն ու սահմանամերձ գյուղերը: Սա փաստորեն ոչ թե սահմանների գնդակոծում է, որը միշտ էլ եղել է, այլ` բացահայտ պատերազմ:
Սա մի վիճակ է, որ մեր իշխանությունները կա՛մ պետք է հանդես գային հայտարարությամբ, ձայն բարձրացնեին աշխարհով մեկ, կա՛մ այնպիսի պատասխան տային, որ թշնամին զղջար իր գործողությունների համար: Սակայն ո՛չ այն կա, ոչ էլ՝ մյուսը: Եվ քանի դեռ այդպես է, թշնամին առավել կլկտիանա և ավելի հզոր զենքեր կօգտագործի: Ժամանակն է՝ թմբիրից արթնանանք, որ նորից ուշ չլինի:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
