Երբևէ չէի մտածել, թե կլինեմ Քաթարում, սակայն երբ իմացա, որ մայրաքաղաք Դոհայում աշխարհում հայտնի թանգարաններ կան, անսահման էր դրանք տեսնելու ցանկությունս:
Քաթարը տարածքով Հայաստանից շատ փոքր է, բնակչության թիվը 2,6 միլիոն է, սակայն քաղաքացիներ են միայն 313.000-ը՝ արաբներ, և կազմում են երկրի բնակչության 12 տոկոսը: Քաթարը համարվում է արաբական ամենազարգացած պետությունը, մեկ շնչին ընկնող եկամտով աշխարհում առաջին տեղում է: Քաթարը աշխարհում երրորդ տեղում է բնական գազի ու նավթի պաշարներով:
Այդ փոքրիկ երկիրը ժամանակին տուժել է՝ ընկնելով Օսմանյան կայսրության լծի տակ, դա ներկայացված է որոշ թանգարաններում, որտեղ, ի դեպ, կարելի է տեսնել աշխարհի հին քարտեզներ, և բոլորի մեջ կա Մեծ Հայքը:
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Քաթարը Մեծ Բրիտանիայի գերիշխանության ներքո էր, իսկ 1971-ին ձեռք է բերել անկախություն և Բահրեյնի հետ հրաժարվել է մտնել ԱՄԷ-ի կազմի մեջ:
Ժամանակակից Դոհան երկնաքերների, բազմապիսի հանգստավայրերի, թանգարանների, շքեղաշուք մետրոյի կայարանների, առաջնակարգ գրադարանների, մարզադաշտերի և այլ մշակութային վայրերի ու շինությունների քաղաք է:
Անապատում կառուցված քաղաքի որոշ թաղամասեր շքեղորեն կանաչապատ են, ոռոգումը կաթիլային է՝ ծովի ջուրը ոռոգելի դարձնող թանկ սարքավորումների շնորհիվ, իսկ հողը բերված է Հարավային Ամերիկայից:
Դոհայում եղանք 5 օր, սակայն այցելեցինք նաև քաղաքից բավականին հեռու գտնվող տեսարժան վայրեր: Փետրվար ամսին օդի ջերմաստիճանը 23-28 է: Առաջին օրվա երեկոյան գնացինք քաղաքի հին շուկան, որտեղ ազգայինը իշխող է, և կարելի է գնել հետաքրքիր հուշանվերներ: Շուկան ունի բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ, որտեղ մարդիկ ընտանիքներով վայելում են իրենց հանգստյան օրը: Ամենուր բացառիկ մաքրություն է:
Քաղաքի ամենանշանավոր թանգարանները տասն են: Բնականաբար, սկսում ենք Ազգային թանգարանից: Ճարտարապետը ֆրանսիացի է՝ Ժան Նուվելը, նա թանգարանը կառուցել է անապատի վարդի ծաղկաթերթերի ձևով: Արտաքինից եզակի կառույցը բացվել է 2019 թվականի մարտին: Բացառիկ է նաև թանգարանի տեխնիկական հագեցվածությունը: Թանգարանի նախասկիզբը արհեստական բլուր է, որտեղ տեղադրված են Քաթարի կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչների կրկնօրինակները: Ազգային թանգարանի բակում վերականգնված է շեյխի առաջին պալատը, որն ավելի շուտ ունի ճանաչողական արժեք:
Ազգային թանգարանից հարմարավետ ավտոբուսով անվճար կարող ես գնալ քաղաքի մյուս թանգարանները: Հաջորդ հասցեն Դոհայի Ժամանակակից արվեստի թանգարանն է, որը շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է Քաթարի ժամանակակից արվեստի կտավներ, գրաֆիկա, քանդակներ:
Ամենատպավորիչն ինձ համար Դոհայի Իսլամական արվեստի թանգարանն էր, որը բացվել է 2008-ին: Թանգարանի շենքը շատ տպավորիչ է՝ բարձրության վրա, Պարսից ծովածոցին նայող… Աղջիկս միանգամից նկատում է, որ շենքի գագաթը արաբուհու գլուխ է՝ սև չադրայից նայող երկու աչքերի կտրվածքով ու քթի վրայով անցնող սև շերտով: Շենքի ճարտարապետներն են Յույ Մին Փեյը և Միշել Վիլմոթը: Թանգարանում իսլամական աշխարհի արվեստի եզակի ցուցանմուշներ են՝ հնդկական, իրանական, արաբական, թուրքական և այլն: Կարող ես տեսնել կանացի հնդկական հազվադեպ զարդարանքներ՝ վզնոց, որի վրայի զմրուխտներն ու ադամանդները մասուրի չափ են: Կային պարսկական չքնաղ գորգեր, կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ:
Թանգարանից դուրս ես գալիս երկկողմանի աստիճաններով, որոնց երկու կողմերում արմավենիներ են, ներքևում՝ ծաղիկներ: Դրախտային ճանապարհ, որը տանում է Քորնիշ ծովափնյա զբոսուղի, որտեղ կարող ես վարձել ազգային «դաու» կոչվող նավ՝ տեսնելու համար գիշերային Դոհայի շենքերի գունագեղ լույսերի խաղը: Որոշ շենքերի գմբեթավոր կատարներն այնպիսի կարմիր էին շողարձակում, թվում էր՝ հեքիաթի ալվան ծաղիկներն են:
Ամեն ինչ նոր է թվում այս քաղաքում, որովհետև հիմնականում կառուցված է վերջին տասը տարում կամ մի քանի ամիս առաջ, ինչպես, օրինակ, մետրոյի կայարանների մեծ մասը: Դոհայում մեծ թափով կառուցվում են շենքեր ու մարզադաշտեր ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերի համար: Սպասարկող կազմը ամենուր օտարերկրացիներ են՝ հնդիկներ, պակիստանցիներ, ֆիլիպինցիներ, եգիպտացիներ, աֆրիկյան սևամորթներ և այլն, որոնք վարժ խոսում են անգլերեն:
Քաթարի թանգարաններից եզակի է Շեյխ Ֆազալ Բին Քասիմի հիմնածը, որը քաղաքից 21 կիլոմետր հեռու է և ներկայիս շեյխի հոր բարեկամի երազանքի իրականացումն է: Ամայի տարածության վրա հսկա շինություն, որտեղ ցուցադրված են 15.000-ից ավելի ցուցանմուշներ՝ հավաքված 50 տարիների ընթացքում: Ունի 14 սրահ՝ իրենց ենթաբաժիններով, իսկ ցուցանմուշները հավաքված են աշխարհի 4 մայրցամաքներից: Ամենահարուստն, իհարկե, իսլամական արվեստի բաժինն է, որտեղ կարելի է տեսնել Արևելքի կահույքի եզակի նմուշներ, գորգեր, տնային առարկաներ, կիրառական առարկաներ, ճենապակի: Խիստ տպավորիչ էր Սիրիայի մեծահարուստի տունը՝ բակ, հյուրասենյակ, ննջարան. տունը քար առ քար տեղափոխված է թանգարան:
Թանգարանում կային անգամ ԽՍՀՄ-ից ցուցանմուշներ՝ կարմիր դրոշներ, զինվորական համազգեստի տեսակներ: Ինչ-որ տեղ տարօրինակ էր տեսնել մոտիկ անցյալի՝ մեզ ծանոթ իրերը: Դահլիճներից մեկում մետաղադրամի և թղթադրամի հավաքածուներ էին: Հայկական գորգ կար՝ հայերեն տառերով: Մետաքսե գորգը ներկայացնում էր Պետրոս Մեծի 500 ռուբլիանոց թղթադրամը՝ վերջինիս պատկերով:
Ե՛վ այդ թանգարանում, և՛ Դոհայի հին հարուստների տներում կարելի է տեսնել նույն նկարը՝ բավականին պարզունակ արվեստով ստեղծված՝ երկու սիրամարգ, նրանց կենտրոնում՝ մզկիթի ու պալատի գագաթները, ներքևում՝ կենաց ծառը: Այդ նկարները, որոնք նույնությամբ կրկնվում էին ամենուր, ինձ ինչ-որ բան էին հիշեցնում, որ գիտեի ու չէի հիշում: Երբ վերադարձա Երևան, հիշեցի, որ հայկական մանրանկարներում դեմ դիմաց պատկերված սիրամարգերն ու նրանց արանքում եղած կենաց ծառը անմահության խորհրդանիշերն են: Ուրեմն նույն խորհրդանիշն ունենք և՛ մենք, և՛ արաբները:
Գնում ենք Ալ Զուբարան, որը Դոհայից հեռու է 105 կիլոմետր: Դա ամենահին հնագիտական տարածքն է Քաթարի թերակղզում: Մեքենան մեզ հասցնում է մինչև ամրոցը, որը կրաքարից է, փայտից ու ցեխապատ: Ամրոցը դիտելուց հետո պետք է տեսնել Ալ Զուբարա հին քաղաքի ավերակները, որոնց հասնելու համար քայլում ենք մեկ կիլոմետր՝ շարունակ խրվելով ավազի մեջ: 2013 թվականին Ալ Զուբարա հնավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարել է մարդկության ընդհանուր ժառանգություն՝ այն մտցնելով 900 այլ բնական ու մշակութային վայրերի ցուցակ, որոնց թվում են Եգիպտոսի Գիզայի բուրգը, Աթենքի Ակրոպոլիսը, Էջմիածինը, Գառնին, Գեղարդը և ուրիշ վայրեր:
Ալ Զուբարայի դերը կարևոր էր մարգարիտի առևտրի համար, հատկապես 18-19-րդ դարերում: 1811-ին քաղաքը դարձել է տեղական կռիվների թատերաբեմ և այդ պատճառով դատարկվել է:
Դոհայում՝ արհեստական կղզու վրա է դը Պըրլը (մարգարիտ)՝ շքեղ փողոցներով ու շենքերով, արտակարգ մաքրությամբ և ծաղկազարդ: Փոքրիկ, բաց մեքենաները մարդկանց անվճար պտտեցնում են կղզու տեսարժան վայրերով: Խիստ բարեկարգ է նաև Կատարան, որը կոչվում է նաև մշակութային գյուղ: Կատարայի ճարտարապետությունը հիշեցնում է 18-19-րդ դարերի եվրոպական շենքերը, միայն այն տարբերությամբ, որ դրանք նորակառույց են: Հետաքրքիր է Մշերեյբ թանգարանների ցանցը, որը ներկայացնում է Քաթարի՝ անցյալից դեպի նոր ժամանակների անցման ողջ պատմությունը: Դրանք չորս հարուստ ընտանիքների վերականգնված տներն են, որոնք պատկերում են անգլիացիների տիրապետության օրերից դեպի նոր ժամանակները զարգացման ընթացքը: Կան հետաքրքիր 5-7 րոպեանոց ֆիլմեր՝ անգլերեն սինխրոն տողատակերով: Տներից մեկը Քաթարի նավթի ձեռնարկության շտաբն է եղել: Ցուցադրությունը պատկերում է, թե 1971-ից ինչ թռիչք է գործել Քաթարը, և որն է եղել իրենց նպատակը:
Ազգային թանգարանում երկրի շեյխի ասույթն է՝ Քաթարում պետք է առաջին հերթին զարգացնեն գիտությունը, կրթությունը, մշակույթը և սպորտը:
Դոհան տեղ-տեղ այնքան ծաղկազարդ է, որ հիշեցնում է Շամիրամի կախովի այգիները: Հիացմունքի արժանի է Քաթարի Ազգային գրադարանը, ներքնահարկում հին ձեռագրերի հարուստ հավաքածու ունեցող թանգարանն է, որտեղ կան հնագույն գրչագիր Ղուրաններ կամ դրանց պատառիկները: Գրադարանը ժամանակակից ոճով կառուցված շենք է, նաև շատ հարմարավետ, ասենք՝ առաստաղից կախված մեծ, ձվաձև ճոճանակները, որոնցում ընթերցողները կարող են հանգստանալ: Դոհայի բարեկեցությունը քաղաքացիների համար է և ոչ թե զանազան ծառայություններ կատարող օտարազգիների:
Թեպետ շեյխի երկրորդ գեղեցկուհի կինը՝ Մոզան, մասամբ եվրոպական արժեքների կրող է և հասել է որոշակի հաջողությունների, սակայն Դոհայում կանայք մեծ մասամբ սև չադրաներով են, հաճախ՝ դեմքը լրիվ փակ: Նրանք իրավունք չունեն տղամարդկանց հետ մետրոյում երթևեկել նույն վագոնում: Մեր հյուրանոցի ռեստորանում գրեթե մարդ չէր լինում, շվեդական սեղան էր: Մի անգամ ընթրելու եկավ մի արաբ տղամարդ՝ սպիտակ զգեստով, արաբական գլխաշորով: Մենք նրա հետ միասին ուտելիք էինք վերցնում: Դա հավանաբար հակասում էր նրանց ազգային սովորությանը. շպրտեց դանակն ու պատառաքաղը, դուռը շրխկացրեց ու դուրս եկավ: Քաղաքակիրթ հայուհիներիս համար առնվազն զարմանալի էր: Հուսով եմ՝ մի օր կհասկանան, որ կինը տղամարդուն հավասար էակ է:
Քաթարի բոլոր թանգարաններում զգալի էր ազգային ձգտումն առավել հաջողության հասնելու, և առկա էր հայրենիքին նվիրված ու նրանով հպարտ լինելու մղումը:
ՆԱՎԹԻ ՈՒԺԸ՝ ԴՈՀԱ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
