ՊԱՀԱԾՈՆԵՐԸ / Գոհար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

«Քամին, աշնան քամին…»
Եղիշե Չարենց

Մի փիսո ունեի, եթե մեծ կտոր միս տայի, կեսը կուտեր, կեսը կտաներ-կպահեր` նեղ օրվա: Կարծում էի` կեղտոտելու համար է էդ անկյուն-տեղը մտնում: Պարզվեց` ամբար ունի: Երբեք չեմ սիրել պահածոները, բայց մուրաբաների նկատմամբ ընդգծված թուլություն ունեմ: Եվ նույնիսկ վիրավորական է, որ կողքիս լսեմ` մուրաբայի էս մի տեսակը սիրում եմ, էն մեկը` չէ:
Մա՜րդը: Մարդը սիրում է կուտակել, պահել, ունենալ մթերք, ռազմամթերք, հույսեր, վրեժներ, ամեն-ամեն բան: Ու մայր բնությունն էլ ինձ ու իմ փիսոներին է նման` էսպիսինն է: Պահեստային դեռ շատ լավաներ-վատաներ, գանձեր ու գաղտնիքներ ունի պահած:

***
Առաջին տարիներին, ամեն դեկտեմբեր-յոթին ես Սբ. Գրիգոր Լուսավորիչ էի գնում: Հիմա չեմ գնում: Սրտով-հոգով եկեղեցու հետ եմ, բայց հենց որ ակտիվանում եմ, որպես հավատացյալ` աճում-զորանում, ակտիվանում է նաև ինձ շրջապատող աշխարհը իր բազմաժանր ու բազմախոս հավատացյալներով: Եկեղեցին միայն Սգո տուն չէ: Կա նաև Ծառզարդար: Բայց արարողություններին մասնակցելիս համբերատար չէի:

***
Մտանք գյումրեցի Անոյենց տուն: Անոն ինձ նկուղ տարավ: Տեսա` մի չորս-հինգ խանութի ապրանք կա լցված: Պահածոներ, շոկոլադեղեն, թթվեղեն, ձավարեղեն, ջրեղեն, ոգելից: Ամեն ինչ: Ասաց` ինչ կուզես, ընտրիր: Կինը դու ես: Փողն էլ քիչ-քիչ կտաս:
Նոր տարվա շեմին էր: Ու համոզված եմ, որ մի յոթ տարի առաջ էր էլի, դեկտեմբեր-7-ին: Անմիջապես կողմնորոշվեցի, որ գինի պետք է: Բոնբոներկա` մի քանի տուփ, հյուր ընդունելիս, գնալիս: Հատիկեղեն, պահածոներ, հատկապես` մուրաբա: Ես ու ընկերս մի 7-8 հազար դրամի գրվեցինք:
Ու մինչև հաջորդ Նոր տարին մարելու էինք պարտքը միասին: Անոն վատառողջ էր, գնալով նիհարում էր: Ընկերս ասում էր, որ իր այդ ազգականուհին ժաժքից մազապուրծ եղածներից է: Հղի է եղել այդ ժամանակ: Հետո ունեցել է արու զավակ: Տղան դպրոցն ավարտելուն պես մահացել է: Անոն նյարդերի սուր բորբոքում է ստացել: Հետո ծանոթացել է Վանաձորի Սամոյի հետ, ով հիմնականում տաք-տաք կարկանդակներ է վաճառում: Երկրորդ գործը հեռախոսի պահեստային մասերի ու կմախքների առք ու վաճառքն է, որն անում են միասին:
Անոն ո՛չ կարկանդակից է դժգոհ, ո՛չ էլ հեռախոսից, այլ Second-Hand-ի շորերից. Քրչի Շուկայում հատը 50 դրամով էլ չեն ծախվում: Մեծ մասը ընտիր ապրանք է, ավելի լավ է` նվեր տա:
Անոն ինձ ու աղջկաս մեկ պարկ շոր նվիրեց: Մի չորս պարկ շոր փռել մեր առաջ ու ասում էր. ուզում եք` լրիվ տարեք, ուզում եք` ընտրեք:
– Հերիք է:- Խնդրում էինք մեր ու աղջիկ:- Էլ մի՜ տուր…
Թափված էին շորերը խառնիխուռն, ժաժքից տուժած մարմինների նման: Ու մենք էլ, տորնադոյի նման մեջտեղն ընկած, ժամերո՜վ ընտրում էինք:
Անոն կարտոֆիլ տապակեց: Կծու բիբարը պարտադիր էր: Ասացին, որ իրենց կարող ենք շուտ-շուտ այցելել: Մենք էլ նրանց հրավիրեցինք, հյուրընկալվեցինք, ո՛չ մեկ անգամ:

***
Անոյի եղբայրները Ռուսաստանում մեծ բիզնես ունեն: Գիտեն` քույրը վարձով ապրող է, առավելագույն չափով են օգնում:

***
Մի անգամ, ընկերոջիցս վերջնականապես բաժանվելուց հետո էր, Անոն ինձ փողոցից տուն տարավ: Մենք տարբեր խանութներում էինք եղել, հետո նոր` իրար հանդիպել: Գլխանց ասաց` ձեր անձնական կյանքը իմ գործը չի, թեև ընկերդ մոտիկ բարեկամս է:
Ներս մտա, տեսա լուսավոր դեմքով տարեց կնոջ, արծաթված գլխով: Տնքում է, նայում ուշադիր: Ինձ որ տեսավ, թափով կիսանստեց մահճակալի մեջ, Անոն թափով բարձ դրեց մեջքին: Ծեր կինը կարկառեց նիհարած ձեռքը: Կաշին ու ոսկորն իրարից առանձնացված թևը թրթռում էր, խաղում, ալեկոծվում: Վազելով բռնեցի նրա աջը, նստեցի սնարի մոտ:
– Սամոյի մայրն է, բերել-պահում ենք:- Ասաց:- Գլխավոր հաշվապահ է եղել:- Անոն սկեսուրին պահում էր մաքրամաքուր, տեղը տեղին, սնունդով և անհրաժեշտ դեղորայքով ապահոված:- Տունը ինձ է կտակել, ո՛չ աղջկան, ո՛չ էլ Սամոյին:- Ասաց:- Ու էդ արել ա շո՜ւտ, երբ դեռ ոտքով-ձեռքով էր: Արժանի կին է, շատ լավն է, շա՜տ:
Ծեր կինը շարունակում էր ժպտալ լուսավո՜ր… հատուկենտ բառեր արտասանելով Լոռվա բարբառով: Զգացվում էր` հարսին, որը նույնիսկ թոռան մայր էլ չէ, անսահման շատ է սիրում: Անոն ջարդել էր Սամոյի գլուխը` բյուրեղապակյա ծաղկամանով:
Սկեսուրը` նամուսով կին, որոշել էր` կողմնապահություն չի անելու: Եղելությունը իմանալով Անոյից` կայացրել էր տուն կտակելու այդ որոշումը: Անոն, ուրեմն, մի ընկերուհի է ունենում: Էս ընկերուհին ներկայանում է որպես հալալ կաթնակեր, բա՛յց: Մի օր Սամոն էլ, ընկերուհին էլ իմանում են, թե Անոն ողջ օրը բացակայելու է: Անոյի բռնած գործը չի հաջողում ու տուն է վերադառնում ժամանակից շուտ: Վերադառնում է ու ի՜նչ տեսնի. Սամոն ու ընկերուհին մորեմերկ, իր ամուսնական առագաստում… Էս որ տեսնում է, ընկերուհուն հրամայում է` դու մի կողմ քաշվի ու անհետացի, իսկ Սամոյի ուղեղին ուղի՛ղ – ծաղկամանով…
Լավ է, որ հարվածը ո՛չ մահացու է լինում, ո՛չ էլ զահլատար: Մայրն էլ է հայտարարում, որ տղեն մեղք է, բայց մեղավոր: Ու հայտարարում է` նամուսը ամենակարևորն է: Ու տունը կտակում է ոչ թե տուժած որդուն կամ շահամոլ աղջկան, այլ որդեկորույս այս մորը, ով իրեն, իր բառերով, «հարազատ աղջկա տեղ էր տալիս», հենց առաջին պահից, ու «հալալ կաթնակեր է»:

***
Երեք տարի կար, անընդմեջ ուզում էի որևէ տեղեկություն ունենալ անկողնային պառկած մեծ կնոջ մասին` հիմի կա՞: Լա՛վ, ումի՞ց իմանամ… Նայում եմ` ուրիշ մարդիկ են վարձակալել այդ տունը: Մարդուկնիկ էլ Դինամո, Շուկայում է՛լ չեն երևում: Էս գարուն, մորս մահից հետո, կյանքիս դժվարությունները ինձ նորից Դինամո քշեցին… Էս անգամ ոչ թե որպես հաճախորդի, այլ` վաճառողի: Չարենցի կողմից էի գնում միշտ:

***
«Գոհար ջան, տատս ժաժքի միջոցին ընկնում է պադվալը: Ոչ մի վնասվածք էլ չի ունենում, մենությունից բացի: Հենց որ ուշքի է գալիս, փորձում է դուրս գալ մուտքը փակված նկուղից: Տեսնում է` ճամփա չկա, ելք չկա, մո՜ւտք էլ չկա: Ծվարում է էդ եքքա ջանդակով կինը անվնաս մնացած իր անկյունում: Տատս նախքան ժաժքը մազերը միշտ սարքած էր լինում, ներկած: Ինքը մաքուր, կոկիկ, մանիկյուռն ու պիծիկյուռը` տեղը: Միանգամից փոխվում, ուրիշ մարդ է դառնում, երբ որ բախվում է իր բուն մենությանը»: Հիշենք, որ Ռոբինզոն Կրուզոն տարածություն ուներ շարժվելու, ստեղծելու և արարելու համար:
«80-ն անց տատիս ժաժքից երկու ամիս անց գտանք: Նա ընթացքում բացել-կերել էր պահածոները, խմել բոլոր կոմպոտները: Իր անկյունը` խոհանոց ու ննջասենյակ, խորքերում գտնված մյուս անկյունն էլ պետքարան էր սարքել»: Հանկարծ հիշեցի Անոյի էս խոստովանությունը:

***
– Անոն էլ, Սամոն էլ մահացել են,- ասաց Աննան Հրազդանի տոնավաճառում:- Սամոյի որդին փորձանքի է եկել: Սամոն կաթվածահար է եղել: Անոն, կարծեմ, հետո է մահացել:
Աննային երկնագույն, կանացի մարզահագուստ էի վաճառել դեռ ամռանը, Դինամոյում: Ասաց, որ վելյուր որակի այդ վերև-ներքևը շատ լավն են, ու եթե հանկարծ էլի ունենամ էդ հանգի-ռանգի բան, հանկարծ ուրիշի չտամ: Չէ, որտեղի՞ց, էդ մեկն էր: Մի պարսկահայ էր տվել ինձ: Սուս էի արել նախնական գնի մասին` ես էլ իմ փայ դալալն եմ: Տնային տնտեսուհու այդ համազգեստը ինձ վրա նստել էր ընդամենը 500 դրամ: Առևտուրը նրբություններ ունի: Ինքդ քեզ որևէ իր վերավաճառել չես կարող:
– Կարող ես պահեստ տալ շորերիդ մեծ մասը, որ ծանր-ծանր չգնաս-գաս,- ասաց Աննան:- Չէ, էլ սրանք չեմ բերելու: Եթե մի բան առաջին անգամով չի ծախվում, փոխում եմ ու տեղը ուրիշ բան բերում: Բայց մի քանի բան մոմլաթով կդնեմ էս անկյունում` նույնիսկ 50 դրամ չակնկալելով: Ով կտանի, թող տանի:
Թողեցի մեկ շալվար` սև, մեկ երկար փեշ, դարձյալ սև, մեկ շորի՜կ կաթնագույն, մեկ վերնաշապիկ` նախշավոր-նախշուն: Մոմլաթի բերանը պինդ կապեցի: Ով տանում է, թող տանի, ինչ լինում է, թող լինի: Տեսնես Անոյի սկեսուր մայրիկը ո՞ւր է: Ի՞նչ եղավ… Անոն պատմում էր, որ իր տատը ժաժքից հետո մի հինգ տարի էլ ապրեց: Բայց Սամոյի մոր մահը չլսեցի-չիմացա:
Սրտումս արհավիրք սկսվեց` ժաժք ու փոթորիկ, հրաբուխ: Հիշեցի մորս: Խեղճացա: Նրա վերջին, դժվարին ու հեշտ ու անհնարին օրերը, որ մենք ապրեցինք միասին, անընդմեջ հիշեցի: Հետո… ութ տարի առաջ մարած հորս հիշեցի: Ապրումները, հույզերը, կյանքիս լավուվատ օրերը ատամների նման ինձ իմ ներսից ծամում, ավերում, ավերում, սիրտս փուչ զանգակ սարքած, ներսս լիքը-լիքը փոշի, մոխիր, մրուր, ամեոբա ու թրթուր էին լցնում: Հիվանդացա-տեղաշոր ընկա:
Մեկ շաբաթ-կիրակի ու գումարած մի կես ամիս չգնացի ո՛չ Հրազդան, ո՛չ Դինամո ու ո՛չ էլ Կայարան: Հարևան պայծառատես Կարինեն էր ինձ սատարում, մամոնայի տեսակետից, խանութպան Լիլոն, հարևան Գայանեն, Անահիտը, քույրերս, երբ որ գնացի… իրենց մոտ: Տեղաշորից մի կերպ պոկվում-փալանվում, վազում էի նրանց մոտ, հետո` տուն: Վաստակածս կանխիկ գումարը հացի ու կաթի, առաջին անհրաժեշտի գումար էր դառնում: Հետո որդիս գալիս ու մի բաժակ ջուր էր տալիս ինձ:
…Ապաքինվելուն պես առաջինը Կայարան աճապարեցի: Ինքնագլուխ վերցրի ավելը, նետվեցի Շուկայի բացօթյա շեմը, թե ավլեմ: Բարդու տերևնե՜ր ճնճղկաձև-ճնճղկագույն… Լիզան չթողեց: 80-ամյա Լիզան: «Պետք չի ավլել: Միայն քո տեղը մաքրիր, եթե, իհարկե, ուզում ես մաքրել, ու քո տեղը կանգնիր»: Հնազանդվեցի: Մոտենում էր շաբաթ օրը: Դեռ չորեքշաբթի էր: Միայն Կայարանն է ամենօրյա: Շաբաթ օրը Հրազդանում էի արդեն, ու մարզադաշտով, ողջ քաղաքով մեկ բռնկված քամին, սուր արտահայտվածը, շուտ հեռանալուս պատճառը չէր: Այլ մրսածությանս կրկնվելու, արդեն հարյուր տոկոսանոց, հավանականությունը:
Սը՛ռ, սըռ օր… Նոյեմբերի վերջն է, բա ի՞նչ էինք ուզում: Բնական է: Ես չձգեցի մինչև 12.00-ը: Հացիս փողն աշխատել էի արդեն: Հավաքվեցի, զնգզնգալեն տուն եկա: Ով աշխատի, նա ոտները տնկի՞: Ո՞վ է տեսել էստեսակ բան: Մեր կյանքը այսպես է փոխվել:
Աննան Շուկա չէր եկել ո՛չ որպես գնող ու ո՛չ էլ որպես վաճառող: Եթե գար, համոզված եմ, որ ի՛նքն էլ շուտ կգնար: Միշտ ասում էր` դեղի փող չեմ ուզում աշխատել, այլ ծաղիկներով լիքը մի զամբյուղի, որ ամեն գնալուց դնեմ մորս գերեզմանին:
Կիրակի օրը հրաշալի եղանակ էր: Ցուրտ էլ չէր: Արև կար: Հրազդանում մի քանի կին, սեղան առ սեղան ընկած, իրենց ապրանքն էին փնտրում, որ տարել ու երկնքով մեկ, մարզադաշտով ու աշխարհքով մեկ էր արել քամին, աշնան քամին: Շաբաթ-միջօրեի 15.00-ն անց կեսի փոթորիկը հրապարակել էր Շուկայի ողջ շորեղենը` նմուշ առ նմուշ:
Պատշգամբից վար նայեցի, տեսա սև, չորրորդ համարի կրծկալ, ջրասույզի խոշորապակի, նախշուն սև ակնոց, սև սապոգի աջ թայը խենթորեն շպրտված… իրարով եղած, արդեն քարացած-կորած ապրանքներից: Սոսկացի, բայց չսահմռկեցի: Կիրակնօրյա ցուրտ առավոտը հրաշալի էր, արևաթրթիռ: Առևտուրը` հաջող, մարդիկ` գոհ… Արևն էս հերթին պահածոյացված կյանքի էր նման: Միակ պահածոն, որ անհրաժեշտ է հավերժ: Ամենքիս: Սա է մեր դասը:
…Նկուղն ընկած Մեծ Կինը նույնպես երազում էր այս արևի մասին, այն տաք ձմեռով երկնքի մասին, որ այդքան վիշապացած էր…
Անկողնային ծեր Կինն էլ` աջը լուսեղեն պարզած… Էս ձմեռը լավ դաժան է լինելու: Բայց էսօր թո՛ղ քշի քամին` աշնան քամին, նաև մեր վշտերը վերջնականապես քշի: Մայր բնությունը հույս ու անակնկալ էլ կունենա պահած:
Ահա վանաձորցի կնոջ կարկառած աջը ամպերում է սահում: Մոտենում, հուշում է այս անգամ երկնքից, որ… Երկինքը երկնագույն չէ միայն, երբեմն` սպիտակ, երբեմն` սև:
Սամոյին պատահական հանդիպեցի հետո, վաղ գարունքին: Էլի տաք-տաք կարկանդակներ էր վաճառում ու արդեն պաղած բուլկիներ` չամիչով, կրեմով, ջեմով, խտացրած կաթով… Խաչապուրի: Ջրեղեն: Եվ մի թխած ու փրփրած թախիծ, որը և ոչ մի կերպ և ոչ մի լեզվով չի թռչնանում: Մնում է երկրին կպած, ակների ու սալաքարերի միջև անէացած… Չմոտեցա, չհարցրի: «Որտե՞ղ է մայրդ» կամ «Դու չես մահացել, չէ՞»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.