Ա.
Ես ուզում էի`
տունտունիկ խաղայիր ինձ հետ,
Հայրենի՛ք,
դու շատ խորացար տունտունիկի մեջ,
հետո զավակներ պահանջեցիր,
քնքուշ սահմաններ,
հաղարջաթուփ զգացումներ:
Տունտունիկս ծաղկե՜ց-ծավալվե՜ց,
ընկավ բակից բակ,
քաղաքից քաղաք,
դարձավ աշխարհասփյուռ մի խաղ,
իսկ ես
բակում մոլորվածի խռովքով
տարվեցի խղճո՜ւկ ջրափոսին…
Բ.
Ես ջանգյուլում ու խաղ եմ ասում
քեզ համար,
Հայրենի՛ք,
ծաղկամոր աչքերի զուլալով
վիճակ եմ հանում փարչի միջից
և պտտվում` լույսն էրեսիս,
նարվե-նազուկ աղջկա մանիով.
«Տո՛ւր բլուզդ` կարեմ,
տո՛ւր բլուզդ` կարեմ,
Օղակ-կոճակ շարեմ…»:
Տլվլում է իր վիճակով վարդդ,
տլվլում է է՜ն փշահարը`
դեռ լանջիդ չհասած,
թե երկար արտդ ծփուն է,
գամ` շնկշնկամ,
հոգսիդ աղունը
օսկեջրած ջաղաց տանեմ,
ջա՜ն, ջաղաց տանեմ…
Գ.
Ուզում էի
բադեր և որսորդ խաղալ քեզ հետ,
Հայրենի՛ք,
լինել բադերամի
ճերմակփետուր-ուհին,
առաջնորդել նրա հմայքը,
աղմուկ հանել
թպրտոցի գաղտնականչով,
անզգույշ փափագել
քո գրկում,
բայց թևապարս չբացած`
զարնվեցի որսորդի գնդակից,
որսորդ ախպոր խելա՜ռ գնդակից…
Դ.
Ուզում էի
կռիվ-կռիվ խաղալ քեզ հետ,
Հայրենի՛ք,
բայց սիրո հախ ու հաշիվս
չփակել քո կողմերում,
չսակարկել հեղեղատը կրծքիդ,
լեռանդ ցատկերին հլու`
կանաչիդ հետ քաղվել,
ավազիդ հետ մաղվել,
զորացնել քեզ
ինքնամարտիս բխումով էլ,
բայց կռվիս մեջ չամիչ բաժանեցիր,
չիր ու չամի՛չ բաժանեցիր:
Ե.
Ուզում էի`
պահմտոցի խաղայիր ինձ հետ,
Հայրենի՛ք,
վախի փշերից անդին
ծաղկել
ու խրամատդ փորձել իմ վրայով:
Ուզում էի շեներդ վահան դարձնել
ու մթի դեմ կանգնել հենց այդպես.
ախր սովոր էի մանկուց`
կռիվ-կռիվ խաղալուց էլ առաջ,
երբ ինձ շպրտում էի վերև`
վահանը դիմահար պահած…
Տեղո՛վ բռնոցի է այս կյանքը.
իմ ուզածը փշուրն է քո խռովքի,
բայց այնքա՜ն լավ եմ
թաքնվում քեզնից,
որ ինքս էլ չգիտեմ`
որտե՛ղ եմ…
Զ.
Ես ուզում էի
քարկտիկ խաղալ քեզ հետ,
Հայրենի՛ք,
զիզի քարերդ օդ նետել,
մեկ-մեկ հավաքել բռիս մեջ`
ինձնո՛վ անել,
բայց այդ զիզիները պտտվում,
ուրու էին դառնում գլխիս,
մեկ-մեկ էլ ուսիս իջնում
աստղի սուլոցով…
Ծո՜, իմ ուսերից ո՞վ է իջեցնելու
մանկությանս հուռութները
ուրու կտրած,
որ թռցնում էի բա՜րձր ու բարձրի՜կ,
այնքա՜ն բարձրիկ,
որ մտքիդ մեջ վա՜յ թե ասում էիր`
համա թե հոպոպներդ եկել են:
Է.
Հայրենի՛ք, ես չէի ուզում
իմ երազում անգամ
սիրո դադար խաղալ:
Ժամանակը խաղալ տվեց:
Քեզնից դուրս
ես մոռացա գործնագործս,
ցավի ճակատին ճտտացրած իմ ռեզինն
ու հարվածներից հալումաշ բադմինտոնը,
և վերջապես`
աչք փակոցիս
բոլոր պակասություններիդ դեմ…
Հասկանո՞ւմ ես`
մանուկ խաղերս երեսի վրա մնացին,
երբ վերցրի սնդուկ չեղածս
ու վազեցի իմ հետևից`
իբր հասուն տունտունիկի որոնումով…
Յոթ վայրկյան ուշացա ինձնից,
յոթ վայրկյան հևացի… կյանքի չափ.
յոթ խաղեր սուրացին իմ միջով…
Դու խաղում ես յոթ շնորհով էլ,
թեև այսքան ժամանակ մեկն ես,
որի համար բաց եմ թողնում ինձ
ու չեմ հասնում երկիր,
ու չեմ հասնում երկինք
խաս փետուրի ճախրով…