ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Երազում էի միլիոն դոլար գտնել: Այնքան ոգեշնչված էի, որ այդ մտքից արդեն շատերն էին ոգևորվել ու սկսել էին ինձ չափից դուրս մոտ-մոտ անել` մտածելով միլիոնից բաժին պոկել: Ոչ մեկին չէի մերժում: Ու երբ յուրաքանչյուրին իր բաժինը խոստանալուց հետո փորձեցի հաշվել` տակն ինչ մնաց, պարզվեց, որ միլիոնից մի հարյուր հազար ավելի եմ բաժանել, ուստի ում խոստացել ու դեռ ոչինչ չէի տվել, մտովի ներողություն խնդրելով` մտածեցի միլիոնի մասին ընդհանրապես մոռանալ: Այդ որոշմանը նպաստեց նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Սթիվ Ջոբսի մահից առաջ թողած գրությունը: Միլիարդատերը գրել էր, որ 30 դոլար արժեցող ժամացույցը և այն մեկը, որը 300 դոլար արժի, նույն ժամանակն են ցույց տալիս: 150000 արժեցող մեքենայով, թե 30 հազարանոցով, ճանապարհն ու տարածությունը միատեսակ են: Եթե այս ամենը մահից առաջ գրած չլիներ, կմտածեի` մեծահարուստի հերթական կոկետությունն է, քանի որ ամբողջ կյանքում ձգտել է հարստանալ, վստահ, որ թանկն ավելի արագ ցույց կտա ժամանակը և առավելագույնս կկրճատի ճանապարհը:
Ես էլ էի երևակայում, որ միլիոնը կօգներ հասարակության մեջ կարևորել իմ խոսքն ու դիրքը, վերջապես կազատեր սովորական և աննշան լինելու բարդույթից: Սակայն հասկացա, որ հիմար խաղի մեջ եմ ընկել, և որ նման անլրջությունը լավ հանգրվանի չի հասցնի: Միայն խելագարը կարող է միլիոն կորցնել, այն դեպքում, երբ անհնար է, որ խելագարը միլիոն ունենա: Միաժամանակ, հարուստ լինես թե աղքատ, շատ ուտես թե քիչ, ճանապարհորդես թե տանը մնաս, կյանքը նույնն է, կյանքի թանկն ու էժանը չկա, որովհետև մահը բոլոր կյանքերին նույն գինն է տալիս: Վերջ ցնորքին:
Մինչև հիմա ընդամենը 10 դրամանոց մետաղադրամ էի գտել` փոխարենը զրկելով ինձ երկնքին ու աստղերին նայելու հաճույքից: Այլևս գլուխս խոնարհած չեմ քայլելու, հայացքով ասֆալտը չեմ մաշելու, ինչից աչքերիս գույնն էլ փոխվել ու ասֆալտից չի տարբերվում: Մարդկանց դեմքերն էլ եմ մոռացել ու, ո՛վ գիտի, քանիսի կողքով անցել ու չեմ նկատել:
Հայացքս գետնից կտրելուց հետո, որքան էլ անսպասելի ու տարօրինակ էր, առաջինը Սոնայի դեմքը տպավորեց, ում հետ հարաբերություններս վաղուց էի խզել: Փորձեցի շրջանցել, իբր, չեմ նկատել, սակայն ձայն տվեց, ու նրա բնավորությանը ծանոթ լինելով` ստիպված էի կանգնել: Սոնան, առանց բարևելու, միանգամից վրա տվեց.
– Միլիոնը գտա՞ր:
– Ի՞նչ միլիոն:
– Չլինի՞ գտել ես, որ ծանոթներիդ չնկատելու ես տալիս:
– Որտեղի՞ց գիտես:
– Արտակին 50 հազար էիր խոստացել:
– Ինչքան հիշում եմ` Արտակը չես:
– Ամուսնանալուց հետո մի քիչ Արտակ էլ ես կլինեմ:
– Բա ինչո՞ւ ինձ հետ չամուսնացար:
– Որովհետև քո սիրո պաշարն ընդամենը մի շաբաթ կհերիքեր:
– Նրանն ինչքա՞ն է:
– Մինչ մահ…
– Կնշանակի` անմահությունը երկուսիդ էլ հարմար կլինի:
– Ավելի լավ է` 50 հազարը տաս:
– Որ գտնեմ:
– Գտնես` ձայն տուր: Գոնե մի անգամ գործը վաղվան մի՛ թող,- ու առանց հրաժեշտ տալու, հեգնական ժպիտը դեմքին` հեռացավ:
Սոնայի հեգնանքին թեև ծանոթ էի, սակայն երբ հրաժարվել կամ փորձում էի հրաժարվել միլիոն գտնելու գայթակղությունից, այս հանդիպման տհաճությունից ներսս միանգամից կնճռոտվեց: Սոնային տեսնելը վատ նշան էր, թեև լավ ու վատ նշանի ընտրությունը ոչ թե քո, այլ մի այլ ուժի ընտրությունն է: Պատահականություններ էլ չեն լինում, բոլոր պատահականությունները որոշակի օրինաչափության հետևանք են:
Կանխազգացումը, որ վատ նշանների շղթան, հնարավոր է, Սոնայով չավարտվի, չէր լքում, թվում էր` սարդոստայնի վերածվել, որսում ու խժռում էր օրերիս հանդարտությունը: Անգամ հեռախոսազանգերն էին սկսել նյարդայնացնել: Հերթական զանգը նույնպես չարագուշակ թվաց:
– Որ չզանգահարեմ, չես էլ հիշի:- Գևորգն էր, ու նրա նեղացկոտ տոնը ստիպեց զգուշանալ:
– Միշտ էլ հիշել եմ:
– Մի՛ ստիր:
– Ստելու ի՞նչ կա:
– Չլիներ, չէի ասի:
– Կարո՞ղ ես պարզ խոսել:
– Լսել եմ` միլիոն ես գտել:
– Փնտրում էի, չգտա:
– Միևնույն է: Շատ վիրավորված եմ:
– Ինչի՞ց:
– Ում ասես բաժանել ես: Հիշեիր, մի բան էլ ինձ կհասներ:
– Քեզ ինչքա՞ն է պետք,- հասկանալով, որ դիմադրությունն անօգուտ է, փորձեցի խաղի ռիթմը չփոխել:
– Հարյուր հազարը չէր խանգարի: Չե՞ս իմացել, որ տունս գրավ եմ դրել…
– Հետո՞…
– Հետո այն, որ կարող եմ փողոցում հայտնվել:
– Ծանր դեպք է:
– Ցավակցելու փոխարեն օգնելու մասին մտածիր:
– Մտածում եմ:
– Շուտ պիտի մտածեիր: Ընկերությունը միայն կենացները չեն: Անկեղծ, հիասթափված եմ:
– Իզուր:
– Փողը ե՞րբ կարող ես տալ:
– Երբ գտնեմ:
– Գիտեի` անլուրջ ես, բայց ոչ այս աստիճանի… Պիտի իմանաս, որ ընկերոջ ողբերգությունը ծաղրի վերածելը զզվելի է:
– Ախր…- ու չշարունակեցի, որովհետև վերջին բառերից հետո հեռախոսն անջատել էր: Պարզվում է` ինչքան վիճահարույց է անհեթեթ մտահղացումը, նույնքան դժվար է առանց հետևանքների դրանից հրաժարվելը: Ճիշտ և ճիշտ ինչպես այն անեկդոտում, երբ մեկը գնում է հոգեբույժի մոտ` հայտնելու, թե ինչո՞ւ ինքը մարդ չէ, այլ գարեհատիկ: Հոգեբույժին, ի վերջո, հաջողվում է հակառակը համոզել: Սակայն վերջին պահին հիվանդը կասկածանքով հարցնում է. «Բժիշկ, որ մարդ եմ, միայն ես ու դու գիտենք, հավերը գիտե՞ն, որ մարդ եմ, ոչ թե գարեհատիկ»: Իմ պարագայում էլ ոնց որ վիճակը նույնն է: Արդյո՞ք նրանք, որոնց բաժին եմ խոստացել, տեղյակ են, որ խաղն ավարտվել է: Հաստատ չգիտեն և, երևույթը գնահատելով, հավանաբար, չեն էլ ուզում իմանալ: Այնպես որ` մղձավանջը շարունակվելու է, ու հայտնի չէ` ինչքան կտևի: Կասկածս խորացավ, երբ Լիլիթը, ով մեր հարաբերությունները գնահատելիս միշտ զուսպ էր, հերթական հանդիպմանը միանգամից ամուսնության մասին խոսք բացեց:
– Ինչի՞ հանկարծ,- հարցրեցի,- մինչև հիմա խուսափում էիր այդ թեմայից:
– Ամեն թեմա իր ժամանակն ունի,- պատասխանեց մի տեսակ կոտրատվելով, որից թվաց` ավազե քանդակ է ու անհարմար շարժումից կարող է ցրիվ գալ:
– Ի՞նչ է փոխվել,- նեղսրտեցի:
– Ուզում եմ` ինքդ գլխի ընկնես: Միլիոնի մասին չե՞ս ուզում ասել:
– «Եվ դու, Բրուտո՛ս»,- հիշեցի, սակայն չարտահայտվեցի` մտածելով, որ ճիշտ չի հասկանա:
– Կարող ենք բնակարան գնել, ճոխ հարսանիք, շքեղ ավտոմեքենա,- գնալով ավելի էր ոգևորվում Լիլիթը,- ճանապարհորդություններ` Փարիզ, Ամստերդամ, Հավայան կղզիներ… Քանիսի սիրտը նախանձից կճաքի, էն որ երևակայում էին, հիմա կերազեն մտերմանալ, բայց…
– Չշարունակես,- չդիմացա ու բղավեցի:- Միլիոնը չկա, մոռացիր: Միֆ էր, ցնորք, խաղ էր, որ առանց սկսվելու վերջացավ: Չգտա, չեմ գտել, չեմ գտնելու և այլևս չեմ որոնելու:
– Չբղավես,- իր հերթին պոռթկաց Լիլիթն, ու տեսա, թե ինչպես ավազե քանդակը քարի վերածվեց:- Չբղավես,- կրկնեց և աչքերից ատելություն ժայթքելով` եզրափակեց:- Այլևս չզանգահարես:
Պարզվում է` հիմարության հետևանքներն իսկապես անկանխատեսելի են: Մարդկության ողբերգությունն է երևի, երազների ետևից գնալով` կորցնել իրականությունը: Ես ուզում էի գտնել ու հիմա անընդհատ կորցնում եմ, ու հայտնի չէ` էլի ինչքան եմ կորցնելու: Եվ ամենացավալին, որ մի քանի շաբաթ անց դատարան ներկայանալու ծանուցագիր ստացա: Իմ դեմ դատարան հայց էին ներկայացրել` պահանջելով խոստումներիս տեր լինել ու պարտքերս մարել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։