Հեռավոր իմ ընկեր
Կա չքնաղ մի երկիր անհուն տիեզերքում,
Ապրում ես այդ երկրում, գրում ես դու երգեր,
Ինձ նման տքնում ես, երազում ու խոկում,
Հեռավո՜ր, հեռավո՜ր, հեռավո՜ր իմ ընկեր:
Թովում է, ներշնչում գիշերը աստղավետ,
Աստղաբույր մի կարոտ իմ հոգին է գրկել,
Ես այստեղ, դու հեռու-զրուցում եմ քեզ հետ,
Հեռավո՜ր, հեռավո՜ր, հեռավո՜ր իմ ընկեր:
Խորհում են աստղերը, անրջում խավարում,
Աշխարհից իմ փոքրիկ ձոնում եմ քեզ երգեր,
Ես այստեղ, դու հեռու, կենացն եմ քո խմում,
Հեռավո՜ր, հեռավո՜ր, հեռավո՜ր իմ ընկեր:
Այն ափից բուրող ծաղկին
Բաժանում է այս սահմանը, մեզ այս գետն է բաժանում,
Ու գնալով տարեցտարի մեր կարոտն է դաժանվում:
Ես ձախ ափից, դու աջ ափից անվերջ կանչում ենք իրար,
Փշրվում են ալիքներին մեր ձայները հողմահար:
Հիսուն քայլ է մեզ բաժանում,
բայց մենք հեռու ենք այնքան,
Ա՜խ, որքան բիրտ օրենքներ կան` անագորույն ու դաժան:
Նույն արևն է, նույն աստղերն են,
նույն երկինքն է մեր գլխին,
Մենք նույն Աստծու ծաղիկներն ենք,
նույն արմատից անմեկին:
Հիսուն քայլ են մեզ բաժանում գետի ափերն անբաժան,
Բայց գամել է ու շղթայել ճակատագիրն այս դաժան:
Ես այս ափից, դու այն ափից անվերջ կանչում ենք իրար,
Տե՛ր, ապավեն եղիր դու մեզ, բացվիր հույսի ճանապարհ:
***
Պարգևեցիր մեզ ամենաթանկը,
Քո շունչն է, ոգին իմ մեջ ծածանվում,
Քեզանով է, Տե՛ր, արարվել կյանքը,
Քեզանով է, Տե՛ր, աշխարհը կանգուն:
Մեր հոգսն ու ցավը անեզր, անհուն,
Կյանքն ու ընթացքը դեռ այնքան թերի,
Դու մեզ չես ձայնում, դեռ չես հայտնվում
Ու չես խառնվում դու մեր գործերին:
Ժամն է արդեն, Տե՛ր, ձայնիր մեզ մի օր,
Մաքրիր դու տիղմից հունը մեր կյանքի,
Թող սրբագործվեն սրտերը մոլոր,
Մաքրվեն մեղքից քո խոսքով բարի:
Բուժիր օրհնությամբ, տո՛ւր մեզ նոր պատգամ,
Որ զորեղանան տենչն ու հավատը,
Որ եղբայրանան հեզ քրիստոնյան,
Մուսուլմանը խենթ ու կռապաշտը:
***
Աստղերից անդին, ոգու պես անմահ,
Մարդու երազը պիտի բնակվի,
Եվ խաղաղությամբ ու սիրով անմահ
Մեր կենաց ծառը պիտի ընձյուղվի:
Եվ մոլորակը արթնացում կապրի,
Ու կքնքշանա հողը խաղաղված,
Խաղաղությունը աշխարհ կբերի
Ուրիշ բաղձանքներ մեր աչքից կորած:
Ոչ ոք չի խախտել խոսքը բնության,
Ոչ ոք չի կարող շուռ տալ գարունը,
Մարդ ամենազոր, քո իմաստությամբ
Չպիտի շրջես քո կյանքի հունը:
Լույսի թռիչքով դու պիտի հասնես
Նոր մոլորակներ, քեզ կանչող Մարսին,
Դու նոր հրաշքներ պիտի արարես
Ու բաժակ զարկես աստղերի թասին:
Դու այնքան, այնքան պիտի զորանաս,
Բարությամբ, սիրով այնքան կլցվես,
Երկնային գահին դու կմերձենաս,
Առեղծվածները մի օր կպարզես:
Կծաղկի սերը համամարդկային,
Կհորդի սերը համայն ազգերի,
Կհաղթանակի սերն աստվածային,
Լույսն աստվածային Սիրուց կծագի:
Տագնապ
Օ՜, դու մարդկային բանականություն,
Դու, որ կերտել ես հրաշքներն այս ծով,
Դու, որ կանխել ես անթիվ փորձություն,
Մոլուցքներ զսպել լույսիդ հանճարով`
Արթնացիր նիրհից, փայլիր, շողշողա,
Տե՛ս, ինչ ամպեր են չոքել աշխարհին,
Քո իմաստությամբ հավերժ բոցկլտա,
Քո հզորությամբ հաղթիր դու մահին:
Սրբիր դու մարդկանց աչքերը հոգնած,
Միշտ զգոն եղիր, միշտ եղիր զգաստ,
Որ խիղճը մարդու երբեք չդառնա
Փոթորկված ծովում բզկտված մի լաստ:
… Որ կյանքը գարնան առավոտ հագնի,
Եվ անեզրության կապտացոլ հեռվում
Մեր մոլորակը երգով սավառնի`
Որպես հեքիաթի մի անմահ թռչուն:
Խաղաղություն
Խաղաղությո՜ւն, որ սրտերը խաղաղվեն,
Որ ցավերը, խռովքները խոնարհվեն:
Խաղաղությո՜ւն, որ հույզերը քնքշանան,
Որ հույսերը, երազները քաղցրանան:
Խաղաղություն, որ սեղանին աշխարհի
Հացը բուրի, լույսը ծաղկի, երգն հորդի:
Խաղաղությո՜ւն, որ հարսները մայրանան,
Ու լեռները, ու գետերը մանկանան:
Խաղաղությո՜ւն, որ տմարդը մարդանա,
Որ կռունկը նորից իր բույնը դառնա:
Օդի նման, ջրի նման, հացի պես,
Խաղաղություն, դու ինչքան ես անհրաժեշտ:
Երբ դու չկաս օրորոցներն են թափուր,
Ցամաքում են ակունքները խնկաբույր:
Քեզանով են իմ զանգերը ղողանջում,
Քեզանով եմ ես զորանում ու գոչում`
Խաղաղությո՜ւն մարդուն, ջրին ու հողին,
Խաղաղությո՜ւն ծնվողին ու ապրողին,
Խաղաղությո՜ւն աստղանավի խոյանքին,
Խաղաղությո՜ւն խռովահույզ տիեզերքին:
ՍԱՅԱԹ ՆՈՎԱ
Դու երգեցիր, և բացվեցին հուր վարդերը
Վրաստանի-Սայաթ Նովա,
Դու երգեցիր` կաքավեցին գոզալները
Վրաստանի-Սայաթ Նովա:
Սեր երգեցիր դաժան դարում, սիրո երգով
Անմահացար-Սայաթ Նովա,
Որքան խմիր սիրո գինին` չհովացար,
Չհագեցար-Սայաթ Նովա:
Քո քյամանչի լարը թախծեց, հառաչեցին
Սրտերը քար-Սայաթ Նովա,
Դու երգեցիր խալխի վիշտը, խալխի իղձը,
Խալխի նոքար-Սայաթ Նովա:
Եղբայրություն դու երգեցիր, երգդ հնչեց
Երեք լեզվով – Սայաթ Նովա,
Քեզ վրացին սիրտը պարզեց, թուրքն ընդունեց
Աղ ու հացով-Սայաթ Նովա:
Դարեր անցան, կործանվեցին բյուր երազներ,
Գահ ու բերդեր-Սայաթ Նովա,
Հողը ծածկեց արքա, ռամիկ, բյուր խռովքներ,
Ցավ ու դավեր-Սայաթ Նովա:
Երգը մնաց քո հրեղեն որպես հրաշք
մի բալասան-Սայաթ Նովա,
Քուռի նման հավերժահոս, Արարատի
պես անսասան-Սայաթ Նովա:
Եվ հիմա էլ դու քո երգով ուղեկցում ես,
Ներշնչում ես-Սայաթ Նովա,
Եվ աստղալույս մեր սրտերը դեպի աստղեր
Կամրջում ես – Սայաթ Նովա:
Խաղաղության զանգակներ
Խաղաղության զանգակներ, դուք կախված եք արևից
Եվ աշխարհի մայրերի, մանուկների սրտերից:
Ղողանջում եք ամեն ժամ, ղողանջում եք անդադար,
Որ չլինի էլ կյանքում որդեկորույս ոչ մի մայր:
Ղողանջում եք դուք անտես,
ղողանջում եք տագնապով,
Որ չմթնի մեր կյանքի առավոտը հոգեթով:
Չհրդեհվեն ծովերը, նորից արյուն չհեղվի,
Եվ տառապող սրտերի ցուրտ աշխարհը խաղաղվի,
Որ գարնան հետ հավքերը նորից բները դառնան,
Սիրահարի ձեռքերում ծաղիկները ծովանան,
Մանուկները նկարեն արև, գարուն ու աստղեր,
Աղջիկները մեղմ ծփան, ինչպես գարնան ծաղիկներ:
Տարին լինի ոսկեբեր, կյանքը լինի կատարյալ,
Կարողանան սրտերը իրար ներել ու գթալ,
Որ ռումբերը չպայթեն, չլինի ուշ, տարաժամ,
Խաղաղությա՜ն զանգակներ,
դուք ղողանջեք ամեն ժամ:
ԱՂՈԹՔ
Երկիր մոլորակ,
Ամեն առավոտ ոգիս ծնրադիր
Քեզ համար մի նոր աղոթք է երկնում,
Ես լույս եմ գտնում, ես երգ եմ գտնում,
Ես ինձ եմ գտնում քո ճախրանքներում:
Փառք քեզ, Երկնային, փառք քեզ, Երկնատեր,
Որ արարել ես հրաշքներ բազում,
Պարգևում ես խինդ, ներշնչանք ու սեր,
Թախիծ, տառապանք այս կյանք-երազում:
Երկիր մոլորակ,
Միշտ Աստծու լույսը քո տանը վառվի:
Միշտ մարդու ձայնով լեզուդ բարբառի,
Չտեսնես երբեք ահ ու արհավիրք,
Դու դրախտատուն, Գոյի հայրենիք:
Պտտվիր, Երկիր, ոգու շառաչով,
Արշալույսների զնգուն կարկաչով,
Գեղգեղանքներով աղավնիների,
Ծափ ու ծիծաղով իմ մանուկների,
Աշխարհը մարդով միշտ աշխարհ մնա,
Չար ու չարիքի ձեռքը չորանա:
Հայր մեր, պահպանիր իմ մոլորակը,
Ինչպես պահում եմ ես իմ մանկանը:
«Տիեզերական սեր» շարքից
Իմ հայուհուն
Չմոռացար դու ինձ ու աղբյուրներս,
Քեզ չգերեց օտար քաղաքների ոգին,
Գյուղ մնացիր ինձ հետ, որ ծովանա երգս,
Սիրով դարմանեցիր խռով սիրտը իմ:
Դու սիրեցիր հողը, հողի լեզուն, ոգին,
Խաղաղ հորիզոնը մեր հանդ ու հերկերի,
Այգի հիմնեցինք Ախուրյանի ափին,
Դու սիրեցիր հևքը մեր գարնան երգերի:
Դարձար վարդի բուրմունք, բուրաստանի թովչանք,
Ախուրյանի ափին` դու ծաղկած մասրենի,
Դարձար օջախի սյուն, սիրո կապույտ պատրանք,
Ջրահարսը ջահել իմ Ախուրյանի:
Չմոռացար դու ինձ ու զով սարերս,
Սերդ ծաղկեց մի օր, դարձավ հասուն այգի,
Դու գրեցիր կյանքի դրախտաբույր գիրքս
Եվ շնորհեցիր դու ինձ գանձեր տիեզերքի: