Ամսվա հարց. Սերգեյ Մուրադյան

– Մեր նախնիները, թարգմանական արվեստը կարևորելով, «Թարգմանչած տոն» են հռչակել: Արդյոք ավանդույթները շարունակվո՞ւմ են:

Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Երևանի գրախանութների գրադարակների վրա` ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի փայլուն կազմերը աչք են զարնում: Թեմատիկան ցնցում է երևակայությունդ` պոպուլիզմի տեսության մասնագիտական ուսումնասիրությունից մինչև համաշխարհային սպորտի կուռքերին նվիրված մենագրություններ, անցյալի դասական և ժամանակակից հեղինակներ: Ապրիր, երջանկացիր և մեծագույն հեղինակների ստեղծագործությունները կարդա մայրենիով: Սակայն «կարդալու» առումով մեծ է տարակուսանքը, քանի որ աստիճանաբար անհետանում է ընթերցելու ավանդույթը, ինչը նախորդ սերունդների արյան մեջ էր: Ճնշում է գրքերի թանկ լինելը և համացանցի անվճար օգտագործման գայթակղությունը:
Բայց ամենակարևորը, ինչը չափազանց գնահատելի է, մեծամասնություն են բնագրից կատարված թարգմանությունները: Արդեն թարգմանիչների խումբ է ձևավորվել, ովքեր հետևողականորեն աշխատում են այս ուղղությամբ: Սակայն դրական երևույթին զուգահեռ առկա է անհանգստությունը: Մասնավորապես, բնագրից հայերեն թարգմանությանն առնչվող երկու հարց է մտահոգում: Առաջինը, թե ո՞վ պետք է և կարող է գնահատել թարգմանության որակը: Համենայնդեպս, թարգմանական գրքի լույս աշխարհ գալուց հետո բանասիրական-լեզվաոճական նման քննարկման չեմ հանդիպել: Որքանո՞վ է խորը թարգմանչի հայերենի իմացությունը, կարողացե՞լ է յուրացնել թարգմանվող հեղինակի ոճը, մինչև վերջ ընկալե՞լ է ստեղծագործության իմաստը, կարողացե՞լ է առկա տերմինաբանության հայերեն տարբերակները գտնել, և այլն, և այլն… Ինձ թվում է` ինչ որ փորձաքննություն է պետք, որն ամենից առաջ անհրաժեշտ է հենց թարգմանչին և, իհարկե, ընթերցող հասարակությանը: Այստեղ կարելի է հիշել մեր նախնիների հրաշալի թարգմանությունները` Աստվածաշունչ, լատինական և հունական հեղինակներ (որոնցից շատերի բնագրերը չեն պահպանվել, մնացել են հայերեն տարբերակները): Այսինքն` համեմատվելու եզրեր կան, և թարգմանության ավանդույթները չեն ընդհատվել:
Երկրորդը, թե ներկայիս թարգմանական գրականությունը որքանո՞վ է ազդում կատարելագործելու այն ոլորտները, որոնց նվիրված են, լինի տնտեսություն, փիլիսոփայություն, արվեստաբանություն թե քաղաքականություն: Հասկանում եմ, միամտություն է արագ և անմիջական ազդեցություն ակնկալելը: Միակ չափանիշը կարող է լինել համաշխարհային մակարդակի մասնագետների հայտնությունը, և միայն այդ պարագայում կհիշենք այն թարգմանիչներին, որոնց թարգմանությունները կլինեն նոր թռիչքների հիմքը: Չէ՞ որ, ինչպես Պուշկինն է նշել. «Լուսավորության փոստային ձիեր են թարգմանիչները»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։