ՍԱՂՄՈՍՈՒՄ Է…
Սաղմոսում է լուռ՝ հավերժագետը…
Ճամփորդն անգիտակ,
Իր մի ակնթարթ
Կյանքը ջանում է
Պահ տալ այդ հրաշք
Հավերժագետում…
…Ու նժույգներ են թևավոր թռչում՝
Գետի սաղմոսից,
Աղունիկներ են
Ձևավոր ճախրում՝
Գետի սաղմոսից…
Աստղերն են իջնում
Ու վեր բարձրանում`
Գետի սաղմոսից…
…Իսկ ափին գետի,
Անշտապ, անդավ՝
Լո՜ւռ օրորվում է
Մի սև լաստանավ:
ՄԻ՛ ՎՀԱՏՎԻՐ…
Ցավ ու դավից չտրտնջաց քո ոգին,
Թվում էր, թե մութ գիշերը վերջ չունի…
Լույսը բացվեց…
Օրերիդ տուր տաք համբույր,
Տառապանքի ճանապարհն
էլ վերջ ունի…
ԱՅՍ Ի՞ՆՉ ՑԱՎ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մարդն էլ մարդու սպանի՞,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում,
Երբ պատիժը կա վերին,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում…
Բանակները զինավառ
Գալիս, իրար են բախվում,
Փշրում են ու փշրվում,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում:
Ո՞վ է տերը աշխարհի,
Ո՞վ է խաղը այս վարում,
Ո՛չ բժիշկ կա, ո՛չ բուժում,
Այս ի՞նչ ցավ է աշխարհում:
ՏԵՍՆԵՍ ԳԱԼՍ Ի՞ՆՉ ԷՐ…
Հենց այնպես չեք տրված,
Իմ լավ, բարի օրեր,
Շուրջս շորոր տվող
Իմ մանկության լորեր,
Իմ գարուններ անցած,
Իմ ծաղիկներ բացված,
Իմ ամպամած, թախծած
Ու միշտ՝ սիրո քաղցած
Իմ լա՜վ, անո՜ւշ օրեր:
Մեղքը իմն է, գիտեմ,
Պարապ հողիս համար,
Մեղավոր դողում եմ
Չասված տողիս համար…
Աշխարհում ոչ մի բան
Հենց այնպես չի տրված,
Տեսնես գալս ի՞նչ էր,
Գնալուս ի՞նչ մնաց:
ԱՅՍ ՀՈՂՄԱԾՈՒՓ ԴԱՐՈՒՄ…
Այս հողմածուփ դարում,
Այս անարդար,
Անճար,
Չար աշխարհում,
Ուր խելագար հողմերն են դեռ պարում…
Զո՛ւր ես, հոգի՛ս, դու քեզ
Գանահարում:
ԳՐՈՂԸ ՏԱՆԻ
Գրողը տանի,
Այսքան էլ անամոթ
Կարելի է լինել,
Ինչպես այս թշվառականը,
Մտել է ուրիշի տուն
Ու դուրս չի գալիս…
Տան տիրոջ արյունը պատերին
Դեռ չի չորացել՝
Ցեղասպան այս խևը
Ինքն է աղաղակում
Աշխարհով մեկ,
Թե ինքը զոհ է.
Դեռ արդարացում է փնտրում…
Տան տիրոջ վրեժից ահաբեկ,
Աղաղակում է աշխարհով մեկ,
Թե ինքը զոհ է…
ՍԻՐՈ ԱՇԽԱՐՀ
Գիտեմ, մի օր ոսկեձեռքով հավատիս
Կկամրջեմ մոլորակիդ աշխարհն իմ,
Մեզ կգրկեն բացված թևերը երգիս,
Եվ կդառնա ամբողջական աշխարհն իմ:
Գիտեմ, մի օր ձուլվելու ենք մենք իրար,
Վերադառնաս պիտի նորից իմ մեջ դու,
Պիտ խառնվեն կարոտները մեր վարար
Շառաչներում իմ հավատի, իմ հոգու:
ԾԻԾԱՂՈՒՄ ԵՄ…
Ծիծաղում եմ ամպերի մեջ,
Արևի մեջ,
Աստղերի մեջ,
Ծիծաղում եմ սարերի մեջ,
Քարերի մեջ,
Դարերի մեջ…
Կյանքս լույսի շողք է դարձել
Ծիծաղի
Ու արցունքի մեջ:
ԵՍ ՔԱՅԼՈՒՄ ԵՄ…
Տունս դարձրին հրո ճարակ,
Հրդեհեցին արտս հասուն,
Սառեց արցունքն իմ աչքերի`
Իբրև երկնի վիշտ ու ցասում…
Սարերի չափ ցավեր բերող
Բարբարոսներ եկան, անցան…
Ծառս շուքով հասակ առավ,
Հերոսնե՜րս անմահացան:
Այս էլ քանի հազար տարի
Ես քայլում եմ՝ Լյառն իմ դիմաց,
Տեսնես ե՞ս եմ աշխարհին պարտք,
Թե՞ աշխա՜րհը ինձ պարտք մնաց…
ՔՈ ԽԱՉԸ
Բոլոր դարերում
Ճակատը քո բաց,
Բոլոր դարերի
Դու արդար Աստված…
Չես նվաստանա՝
Սուրբ է քո հոգին,
Դևերն անցողիկ,
Դու՝ Աստծո որդին.
Այսօր քո բախտը
Դու պիտի կռես,
Քո խաչը պիտի
Հենց ինքդ կրես: