Հուլիսի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Նախագահության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին ամիսներին կյանքից հեռացած ՀԳՄ անդամների` Իլյիչ Բեգլարյանի, Մաղվալա Գեուրկովայի, Արմենուհի Ղամբարյանի (Գևորգ Էմինի կինը), Կարինե Աշուղյանի, Վլադիմիր Հայրապետյանի, Կառլոս Եղիազարյանի հիշատակը: Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդես եկավ կիսամյակային հաշվետվությամբ, մասնավորապես` Դրամատուրգիայի լիանիստ, Նախագահության 5 նիստ, գրեթե 80 գրական միջոցառում` քննարկումներ, հանդիպումներ, հոբելյանների, հիշատակի օրերի նշում և այլ գրական ցերեկույթներ` ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, ինչպես նաև ՀՀ տարբեր կրթօջախներում, գրադարաններում, թանգարաններում: Հատկապես առանձնացրեց Գիրք նվիրելու օրվա` Թումանյանի հոբելյանին նվիրված գրական հանդիպումներն ու ցերեկույթները, Մանկապատանեկան գրքի շաբաթի, ինչպես նաև Պոեզիայի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ու ՀՀ տարբեր դպրոցներում կազմակերպված միջոցառումները: Նա անդրադարձավ նաև Մշակույթի նախարարության «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակներում մոտ 20 գրող ՀՀ մարզերի և Երևանի 30 դպրոցում հանդիպում է ունեցել` հանրահռչակելով ժամանակակից հայ գրականությունը: Երիտասարդական գրականության հիմնախնդիրներին էր ուղղված Ծաղկաձորում կազմակերպված Երիտասարդ գրողների 17-րդ համաժողովը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանդիպումներ է ունեցել կրթօջախներում, գրադարաններում, թանգարաններում, մամլո ասուլիսներ` տարբեր հեռուստաընկերություններում ու ակումբներում, ինչպես նաև մասնակցել է համատեղ կազմակերպված գրական միջոցառումներին: Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ նաև միջազգային գրական կապերի ամրապնդմանն ուղղված գործունեությանը և առաջիկա կարևոր միջոցառումներին ` հոկտեմբերի 10-15-ը կայանալիք Թարգմանչաց տոն, որին կմասնակցեն 10 թարգմանիչ արտերկրից, ովքեր մեծ ներդրում ունեն հայ գրականությունը օտար լեզուներով հանրահռչակելու գործում, և նոյեմբերին` ՀԳՄ-ի 85-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումը: Նա տեղեկացրեց, որ վեց ամսվա ընթացքում ապահովվել է գրողների հանգիստը, սոցալական որոշակի հարցեր են լուծվել:
Առաջարկություններով ելույթ ունեցան Անուշ Վարդանյանը, Արևշատ Ավագյանը, Հովիկ Վարդումյանը, Կարինե Խոդիկյանը: Անուշ Վարդանյանը մտահոգություն հայտնեց Մանկապատանեկան բաժանմունքում մանկագիրների նոր սերնդի բացակայության, ինչպես նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների շուրջ դպրոցներում անտեղյակությանը, որը նաև դպրոցական դասագրքերի հետևանք է: Արևշատ Ավագյանը ցավով փաստեց, որ հեռուստաընկերությունների կողմից գրական-մշակութային կյանքը հիմնականում անտեսված է, եթերը լցված է հակամշակութային աղբով: Էդ. Միլիտոնյանը հիշեցրեց չմոռանալ համացանցի հնարավորությունների մասին:
Նախագահության նիստում քննարկվեց ՀԳՄ այն անդամների հարցը, ովքեր տարիներ շարունակ չեն մասնակցում գրական կյանքին և չեն վճարում անդամավճարները: Որոշվեց ստեղծել հանձնաժողով (Սուսաննա Հարությունյան, Հովիկ Վարդումյան, Կարինե Խոդիկյան, Վան Արյան) Լևոն Բլբուլյանի նախագահությամբ, որը «Գ.Թ.»-ում երրորդ անգամ հայտարարություն տեղադրելուց հետո քննարկման կդնի այդ անձանց` ՀԳՄ շարքերում մնալու հարցը: Համաձայան ՀԳՄ Կանոնադրության 3.5-ի «Անդամությունը կարող է սառեցվել, կամ դադարեցվել եթե ՀԳՄ-ի անդամը 2 տարի անընդմեջ անդամավճար չի մուծում կամ խախտում է սույն կանոնադրությունը»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ