«Հրանտ Մաթևոսյան» մրցանակը Արմեն Շեկոյանին

main20170214_5Փետրվարի 13-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակաբաշխության արարողությունը: Հերթական մրցանակակիրը դարձավ բանաստեղծ Արմեն Շեկոյանը՝ «Հայկական ժամանակ» վիպական պատումի մեջ Հրանտ Մաթևոսյանի կերպարն արտացոլելու համար:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Հրանտ Մաթևոսյանի անունը հայ արձակի պատմության մեջ ուրույն լույսով է ներկայանում, վստահեցրեց, որ նրա գիրը հավերժ կմնա հայ գրականության մեջ, քանի որ հայ արձակագիրները Հ. Մաթևոսյանի գրի մեջ թրծվում են, պնդանում և շարունակում են արձակի այդ ջիղը:
Անդրադառնալով մրցանակաբաշխությանը` ՀԳՄ նախագահը նշեց, որ այն գործում է 2005 թվականից, և մրցանակի են արժանացել Զորայր Խալափյանը, Լևոն Խեչոյանը, Վահագն Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վաչագան Գրիգորյանը, Ֆելիքս Մելոյանը, Հ. Մաթևոսյանի եղբայր Համլետ Մաթևոսյանը, Ժենյա Քալանթարյանը, նաև Անդրեյ Բիտովը և ուրիշներ: «Անուններ, որ արժանի գործ են արել և դարձել են Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակակիրներ»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ներկայացրեց 2016 թ. մրցանակակրին` բանաստեղծ Արմեն Շեկոյանին: Ա. Շեկոյանը 70-ականների սերնդի լավագույն գրողներից է, հեղինակ է բանաստեղծական վեց ժողովածուի, ունի նաև մանկական բանաստեղծությունների մեկ գիրք: Անկախությունից հետո սկսել է գրել վեպեր: Անդրադառնալով «Հայկական ժամանակ» վեպին, որը անվերջ է թվում, Էդ. Միլիտոնյանն ասաց. «Վեպը հայելային անդրադարձ է այն կյանքին, որի մեջ եղել է Շեկոյանը` տեսնելով դեպքերը, իրադարձությունները այնպես, ինչպես ինքը կարող էր կամ ուզում էր տեսնել: Իսկ Մաթևոսյանին վերաբերող էջերն ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ և ներկայացնում են Հրանտի կերպարը, Հրանտի մտքի տարբեր զիգզագները»:
Հ. Մաթևոսյանի կինը` Վերժինե Մովսիսյանը, Ա. Շեկոյանին ներկայացրեց իբրև իրենց ընտանիքի լավագույն ընկերոջ, ում ներկայությամբ տիրում էր գրական մթնոլորտ և քննարկվում էին ժամանակի մամուլը, դեպքերն ու իրադարձությունները: «Արմենը` որպես մարդ, որպես գրող, որպես քաղաքացի, այդ թոհուբոհում մնաց մաքրամաքուր մարդ»,- ամփոփեց նա:
Գրականագետ Ժենյա Քալանթարյանը, ով նախորդ տարվա մրցանակակիրն է, նշեց, որ Ա. Շեկոյանն իր կարևոր տեղն է գրավում հայ ժամանակակից գրականության մեջ. և՛ արձակի, և՛ պոեզիայի ասպարեզում իր ասելիքն ունի: Անդրադառնալով Հ. Մաթևոսյանի անվան մրցանակին` նա շեշտեց, որ այն ոչ միայն պատվաբեր է, այլև պատասխանատու, պարտավորեցնող: «Ով ստանում է այդ մրցանակը, այլևս իրավունք չունի նահանջելու, պետք է շարունակի իր գործը այդ ասպարեզում, որովհետև Հրանտ Մաթևոսյանն այն դասականն է, որ խոսք ունի ասելու ոչ միայն մեր գալիք սերունդներին, այլև մեր մասին օտարներին ասելու շատ բան ունի. կարդալով Մաթևոսյանին` կարող են շատ բան իմանալ մեր մասին: Ոչ միայն Շեկոյանը, այլև մեզնից յուրաքանչյուրը պարտք ունի այդ առումով շարունակելու Մաթևոսյանի ստեղծագործության արժեքավորման, պարզաբանման, վերլուծման աշխատանքը»,- ամփոփեց նա:
Ըստ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի` Հ. Մաթևոսյանի գիրը ազգապահպան գիր է: «Հրանտ Մաթևոսյանը, լինելով իսկապես մեծ արարիչ, իր արարչականությամբ կարողացել է բարությունը, լույսը ավելացնել այս աշխարհում»,- ասաց նա և ընդգծեց, որ Ա. Շեկոյանը նույնպես կենսախինդ, կենսական ուժով լի գրի հեղինակ է, ում ապրեցնող խոսքը իսկապես արժանի է ամենաարժեքավոր մրցանակը ստանալու:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, շնորհավորելով մրցանակակրին, մեջբերեց ժամանակակից ռուս արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Եվգենի Վոդոլազինի խոսքը. «Իմ ամենասիրելի հեղինակը Հրանտ Մաթևոսյանն է: Ես հպարտ եմ, որ թարգմանվել եմ այն լեզվով, որով գրել է Մաթևոսյանը»:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արմեն Շեկոյանը` խոստովանելով, որ Հ. Մաթևոսյանի` Նոբելյան մրցանակ չունենալը հենց գրողների խղճի վրա է:
Մրցանակակրին շնորհավորեցին նաև գրքի հրատարակիչ Վիլյամ Պողոսյանը (Վան Արյան) և ուրիշներ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։