ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – 155

 

 

Մայիսի 8-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Մեծանուն գրող Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 155-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում նրա հուշաքարի շուրջ էին հավաքվել գրողներ, մշակութային, քաղաքական-հասարակական գործիչներ, Հովհ. Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի սաներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ գրողի հիշատակին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հորդորելով սիրով հիշել Հովհ. Հովհաննիսյանի բանաստեղծական աշխարհը, նրա գործունեությունը, մարդկային տեսակը, վստահեցրեց, որ այսօր էլ արդիական են նրա բանաստեղծական մի շարք թեմաներ, բանաձևումներ, մասնավորապես՝ «Զինվորը» բանաստեղծությունը կարծես այսօրվա Արցախի սահմանին կանգնած զինվորի մասին լինի: «Հատկապես ուզում եմ նշել նրա՝ բանաստեղծական խոսքը հղկելու այն ջանքը, որ 19-րդ դարի վերջում արդեն արևելահայ բանաստեղծության հիմքերից էր»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ նկատելով, որ Վ. Տերյանից առաջ Հովհ. Հովհաննիսյանը, Ավ. Իսահակյանը, Հովհ. Թումանյանը արևելահայերենը իսկապես հղկել, ադամանդի պես փայլեցրել են: Անդրադառնալով «Վահագնի ծնունդը» բանաստեղծությանը՝ նա ընդգծեց, որ հայ ժողովրդի ոգու ցասումը, ցանկությունները, հույսը, պայքարն է խտացած վերջին երկու տողի մեջ: Այնուհետև արժևորելով Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի գործունեությունը, որն այսօր ոչ միայն հյուրերին, ընթերցողներին է ներկայացնում մեծ գրողին, այլև կենդանի գրականության մասնակիցն է: ՀԳՄ-ի հետ համատեղ իրականացրած բազմաթիվ գրական հանդիպումների, քննարկումների, ժամանակակից գրողների գրքերի շնորհանդեսների կազմակերպման համար ՀԳՄ նախագահը Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի աշխատակազմին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով:

«Հովհաննես Հովհաննիսյանը ապրեց ընդամենը 65 տարի, բայց գրականության պատմության մեջ նրա ժամանակը երկար է թվում, որովհետև ապրեց ցարիզմի, Առաջին հանրապետության օրոք, ապրեց խորհրդային ժամանակներում և մշտապես բարձր պահեց գրողի պատիվն ու կոչումը, երբեք չթեքվեց աջ կամ ձախ, մնաց իր գրական ճանապարհի վրա»,- շեշտեց գրականագետ Դավիթ Գասպարյանը և անդրադարձավ Հովհ. Հովհաննիսյանի և Չարենցի փոխհարաբերություններին: Նա մասնավորապես նշեց, որ  Չարենցը իր «Ծիածան» ժողովածուն նվիրել է Հովհաննիսյանին՝ «Մեծ վարպետին աշակերտից» մակագրությամբ: Այնուհետև, Հովհաննիսյանի մահից հետո, նրա ընտանիքին է նվիրել «Էպիկական լուսաբաց», իսկ աղջկան՝ Աննային՝ «Գիրք ճանապարհին» ժողովածուները: «Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծությունները այսօր կան մեր դասագրքերում, մենք պետք է վառ պահենք նրա հիշատակը և բարձր հնչեցնենք նրա անունը»,- ամփոփեց Դ. Գասպարյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հովհ. Հովհաննիսյանին համարելով արևելահայ նորագույն քնարերգության նահապետ-հիմնադիր, նկատեց, որ գրողի 155-ամյակը հրաշալի առիթ է՝ վեր հանելու այն միջավայրը, ժամանակը, որտեղ հաստատուն կաղնու պես կանգնած էին Հովհաննես Հովհաննիսյանը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը և ուրիշներ: Այնուհետև մեծանուն բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի աշխատակազմին՝ թանգարանային գործում ունեցած ակնառու վաստակի համար, ինչպես նաև Հովհ. Հովհաննիսյանի ծննդյան 155-ամյակի առթիվ, պարգևատրեց պատվոգրով՝ վստահեցնելով, որ Էջմիածնի հովանու ներքո Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանը կենսունակ շարունակում է իր գործունեությունը:

Հովհ. Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի և գրողի տուն-թանգարանի ասմունքի սաները ներկայացրին Հովհ. Հովհաննիսյանի բանաստեղծությունները:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

One thought on “ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – 155

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։