Երբ մերկ ծառին թառած երազող ծտի ոտքը սայթաքեց ճյուղից, ու նա սարսափած, իրեն ծանոթ դեմքերի ցուցակը մտքում պահած, թռավ գտնելու նրանց՝ ամպերում պահած-գոյացրած հետքը, քունս սայթաքեց երազիցս ու խրթալով ընկավ իրականության տաղտկալի հեղձուկի մեջ: Ներշնչանքս մտափոխվեց մեռնելու մենությունում այն մահճակալին, որի վրա ծնվել եմ: Սիեստային շիկացած կիսախավարից արևն ինձ գլխով արեց՝ կարծես հաստատելով, որ հավատում է իմ ներսից իրեն բարևող ստեղծագործական ուժին£
Նորից գիշեր, ու նորից ես անկողնումս սպասում եմ կնոջս: Նա անընդհատ ինձ ասում է. «Սպասի՛ր, էսա կգամ, պիտի ավարտեմ գործերս համակարգչով»: Ու այդպես ամեն գիշեր նա անընդհատ ինչ-որ հաշվարկներ էր անում, աշակերտներին նամակներ էր գրում, իսկ հետո, իր ասելով, բանաստեղծություններ էր գրում: Ոչ մի կերպ չէի կարողանում հաղթահարել ձանձրույթս ու մի օր թուղթ ու գրիչ վերցնելով` սկսեցի պատմվածք գրել: Առաջին պատմվածքս շատախոս չար մարդկանց մասին էր: Մոտ երեք ժամ գրելուց հետո անջատվեցի ու քուն մտա£ Առավոտյան զարթնելով՝ նկատեցի, որ պատմվածքն անհայտացել է, ու փոխարենը դատարկ էջեր են: Կինս ոչնչից տեղյակ չէր: Արագ ընթրելով՝ փորձեցի, վերհիշելով դեմքերն ու անունները, նորից վերագրել սյուժեն: Մինչ կեսօր գրեցի ու ավարտեցի այն: Պատմվածքիս այս մի տարբերակն ավելի հաջողված թվաց: Դեկտեմբերյան արևը ժամը վեցին հրաժեշտ տալով՝ թաքնվեց աստղամիջյան տարածության ազդանշաններում: Կինս նորից համակարգչի դիմաց նստած աշխատում էր£ Անխոս բարձրացա ննջասենյակ ու սկսեցի խմբագրել պատմվածքս£ Մի քանի ժամ խմբագրելուց հետո իջա կնոջս մոտ ու խնդրեցի, որ բարձրանա հետս քնելու, բայց նա հանդիմանեց ինձ՝ ասելով, որ շատ գործ ունի անելու, ու որ ես չսպասեմ իրեն: Բարձրանալով ննջասենյակ` զգացի, որ աչքերս հրաժարվում են փակվել: Ժամերն անցնում էին, բայց նա չկար: Մենակությունից մարմինս կծկվել, փոքրացել էր: Հեռավոր քունս, ինձնից առանձնացած, լսում էր թավջութակի բողոքը, ու ես տեսնում էի գլորվող լուսնին համընթաց մենակությունից կնճռոտվող մաշկիս անհանգիստ թրթիռը, որը հուսահատ իր բախտն էր որոնում ինձնից առանձին՝ հեռու Տիեզերքի կանաչ ջրերում աճած նորաբողբոջ տղայական մարմիններում£
Լուսաբացին փոքր-ինչ ննջեցի: Ապա զարթնելով` նորից ստուգեցի պատմվածքս: Նորից պատմվածքիս փոխարեն դատարկ թղթեր էին: Վրայիցս գցեցի վերմակս ու ջղագրգիռ իջա համակարգչային սենյակ: Կինս այնտեղ չէր: Բացեցի ֆեյսբուքիս էջը: Նա այնտեղ ինձ նամակ էր գրել, որ այսօր անհետաձգելի գործեր են ծագել, դրա համար ստիպված է շուտ գնալ աշխատանքի ու կվերադառնա մի քիչ ուշ: Նայեցի համակարգչի ժամին. 7 անց 3 էր: Արագ գնացի խոհանոց, սուրճ պատրաստեցի, վերցրի ու եկա, նստեցի համակարգչային աթոռին: Նորից փորձեցի վերհիշել պատմվածքս: Արագ բուն սյուժեն գամելով ուղեղումս՝ գրեցի թղթերի վրա: Այնուհետև, չվստահելով թղթերին՝ սկսեցի վորդով հավաքել տեքստը, վերջացրի, պահպանեցի համակարգչում և էլեկտրոնային փոստով այն ուղարկեցի ընկերներիս: Մարմինս դողով պատվեց: Կարծես պատմվածքիս բառերը՝ բանտարկված էլեկտրոնային ոլորտում, տենդագին ցնցում էին իրենց բանտախցի ճաղավանդակները£ Բարձրացա կնոջս աշխատասենյակ, որտեղ իր տավիղն էր դրված: Մատներս հպելով տավիղի լարերին` փորձեցի նվագել: Մատներս անդաստիարակ երեխայի նման ետ ու առաջ էին անում՝ չենթարկվելով շղթայված րոպեների ակնթարթին: Մատներս աստիճանաբար փափկություն զգացին, տունը պարուրվեց ծակոտող լռությամբ: Տավիղի լարերն աստիճանաբար փափկանալով` վերածվեցին կնոջս մարմնի£ Տավիղի բոլոր 47 լարերը մերկ կնոջս վերածված՝ լուռ ժպտում էին ինձ: Այդ մարմիններից այնպիսի կանացի բույր էր արձակվում, որ ես հայտնվում էի անօգնական, կատաղած կրքի ճիրաններում: Ու ես լացում էի՝ կնոջս կարոտը թոթափած: Այդ ժամանակ ուշացած անցյալիս մասունքները գրադարանի գրքերի մեջ ապագայի ներշնչանքի մոլուցքներ էին փնտրում: Գրկեցի բոլոր մարմիններին ու չէի կարողանում բաժանվել նրանցից: Հրեշտակը թռավ ու գերբնական համբույր դաջեց խաղաղ շնչառությանս ծփանքին£ Հանկարծ զգացի, որ մարմինս շարժվում է: Ինձ թվաց, թե մարմինս, անկախացած, ուզում է ինձնից փախչել, բայց այդ կինս էր աշխատանքից եկել ու արթնացնում էր ինձ: Նրան տեսնելով` կարոտած գրկեցի ու սկսեցի լացախառն ձայնով նրան ասել. «Խնդրում եմ, Օլգա, արի այս գիշեր ինձ հետ մնա, քեզ շատ եմ կարոտում: Կարոտից ու անքնությունից խելագարվում եմ: Խոստանում եմ մոտակա տարիներին այնպիսի վեպ գրել, որի շնորհիվ մենք մեր հետագա կյանքը կապրենք լիակատար հարստության մեջ: Խոստանում եմ, որ դու այլևս կարիք չես ունենա հավելյալ շատ աշխատել: Եվ առհասարակ աշխատել£ Միայն թե ինձ հետ մնա: Խնդրում եմ՝ կուկու ջան»: Խոսում էի, իսկ նա փոքր-ինչ ինձ առանձնացնելով իրենից՝ ամուր համբուրեց շուրթերս ու պատասխանեց. «Երբ այդքան գումար կունենաս, այդ ժամանակ, խնդիր չկա, չեմ աշխատի, իսկ հիմա ես այլընտրանք չունեմ, ստիպված եմ աշխատել»:
Ու նորից հերթական գիշերը մնացի միայնության մեջ: Աչքերս ամուր փակեցի, որ քունս տեսնի այն և գողանա տեսողությունս: Սակայն աչքերս տեսողությունս մաքուր լարվածությամբ վերադարձնում էր սրտիս, և կարգապահ անքնությունս հակազդեցության մեջ էր մտնում մանրագծությամբ հայտնաբերված նյարդերիս հետ: Նյարդային իջա ներքև ու կնոջս դիմացից մի կողմ քաշելով համակարգիչը` սկսեցի փնտրել պատմվածքս: Նորից այն չքվել էր բոլոր մեյլերից, բոլոր պահպանման տեղերից, պատմվածքիս թղթերը նորից դատարկ էին£ Ինչքան ներսումս ուժ կար, սկսեցի գոռալ, կռվել կնոջս հետ: Սակայն կինս գաղափար անգամ չուներ, թե որտեղ է անհայտանում պատմվածքս: Նա ինձ տվեց իր փոքր նեթբուքը՝ ասելով, որ այսուհետ իմ բոլոր պատմվածքներն այնտեղ կարող եմ գրել: Ես, առանձնապես չուրախանալով, վերցրեցի այն և բարձրացա քնարանս: Ի մի բերելով մտքերս, նյարդերս փոքր-ինչ թուլացնելով՝ սկսեցի մտաբերել գրված պատմվածքս: Մոտ չորս ժամ աշխատելով պատմվածքիս վրա` որոշեցի այն ոչ միայն պահպանել համակարգչի մեջ ու ընկերներիս ուղարկել, այլև լուսանկարել այն ու կարդալով պատմվածքս` ձայնագրել հեռախոսիս մեջ£ Այդ բոլորն անելուց հետո հանգիստ շունչ քաշեցի ու իջնելով Օլգայի տավիղի մոտ` գրկեցի այն ու նրա 47 մարմինների բույրից թմրելով` մոտ մեկ ժամ քնեցի: Շնչառությունս սահեց լարերի վրայով, ու ես արթնացա՝ կարոտախտի խաբուսիկ սավառնումից ազատված: Նորից կինս չկար, ու նորից նույն հաղորդագրությունը: Արագ բարձրացա ննջասենյակ ու բացեցի նեթբուքս: Պատմվածքս չքվել էր ամեն տեղից: Հեռախոսի մեջ դատարկ, մութ պատկերներ էին տեքստի փոխարեն, ձայնագրված պատմվածքի փոխարեն անհասկանալի միալար խշշոց էր£ Մոլորության մեջ քորում էի գլուխս: Գիշերային անքնությունս, ուղեղս հեծած, ֆռռացնում էր ներսս պիրկ համահնչյունությամբ: Որոշեցի ոչինչ չանել, ուղղակի նստել ու սպասել մինչ նա կվերադառնա: Երբ երեկոյան ժամը ութին վերադարձավ, որոշեցի կնոջս պատմել պատմվածքս: Նրան ստիպողաբար իմ դիմաց նստեցրի ու բարձրաձայն սկսեցի պատմել պատմվածքս: Կինս ապշած լսում էր: Երբ ավարտեցի պատմվածքս, նա միանգամից խոսեց. «Չգիտեմ, կարող է շատ հանճարեղ պատմվածք ես գրել, բայց ես ոչ մի բառ չհասկացա: Այդ լեզուն, որով դու խոսում ես, ոչ մեկն ի զորու չէ հասկանալ: Դրանք անհասկանալի երաժշտականացված հնչյուններ են, որոնք ոչ մի կերպ բառ չեն դառնում: Ավելի լավ է՝ էլ ոչ մի տեղ չպատմես այդ զառանցական պատմությունը: Հակառակ դեպքում քեզ բոլորը գժի տեղ կդնեն: Խնայիր նյարդերդ, քեզ հանգիստ է հարկավոր ու զբաղվիր նրանով, ինչը քեզ հոգեկան հանդարտություն կպատճառի»,- ասաց կինս` նորից իջնելով համակարգչային սենյակ£
Հուսահատ նստեցի թղթիս առջև ու տենդագին արագությամբ նորից վերաշարադրեցի պատմվածքս: Ապա այն իջեցրի ներքև և տեքստը տվեցի նրա ձեռքը` ասելով. «Տե՛ս, սրանք հայերեն տառեր են, հայերեն բառեր, չեմ հասկանում՝ չե՞ս տեսնում»:
Կինս թղթերը հանձնելով ձեռքս` ասաց. «Ինքդ նայիր՝ այստեղ միայն դատարկ էջեր են, ոչինչ չկա: Չէ՛, դու իրոք ցնդել ես»:
Ինչքան ուժ ունեի, սկսեցի գոռալ ու հիստերիայի մեջ ջարդել ձեռքս ընկած տան բոլոր պարագաները: Կինս անհանգիստ պտտվում էր ետևիցս: Հետո նրա կտրուկ համբույրն այնքան հստակ զգացի պարանոցիս, որ անմիջապես կանգ առա: Նա խեղդեց ինձ իր համբույրների մեջ և ձեռքերիցս բռնելով` նստեցրեց բազմոցին ու սրտահույզ սկսեց խոսել. «Հաշվի առնելով, որ քո նյարդերը շատ թույլ են, ոչինչ չէի ուզում քեզ պատմել, բայց եկել է ժամանակն ամեն ինչ ասելու: Այսքան ժամանակ քո պատմվածքի տառերը քո էլեկտրոնային ու թղթե էջերից պոկվելով՝ գալիս էին ինձ մոտ: Դրանք ձայնավորված հայկական մեծատառեր ու փոքրատառեր են, որոնք ինձ ողջ գիշեր ինչ-որ շատ հետաքրքիր գաղտնիքներ էին պատմում: Տառերն ասում էին, որ իրենք գտել են այն միակ մարդուն, ում կարող են վստահել իրենց գաղտնիքներն ու թեթևանալով` ազատվել այդ գաղտնիքների ամբողջ անասելի բեռից£ Հենց առաջին գիշերվանից հետո, երբ ես դեռ չէի հասցրել թոթափել տառերի գաղտնիքների հոյակապ փսփսոցը, տառերի առաջին գաղտնիքի ամբողջ ինֆորմացիան չքացավ հիշողությունիցս: Այդ գաղտնիքների կորուստը հիմա լինում է ամեն լուսաբացի: Զգում էի, որ մի կուրացուցիչ պարզություն անընդհատ հեշտությամբ հաղթում է սիրուս ու բանականությանս£ Հազարավոր գաղտնիքների տողանը գալիս, անցնում էր ներսովս: Չնայած ոչինչ չեմ հիշում, բայց հաստատ գիտեմ, որ նրանք շատ կարևոր գաղտնիքներ են ինձ ասում, ու ես պարտավոր եմ նրանց լսել£ Նրանք չեն ասում, երբ է գալու այդ գաղտնիքները ասելու վերջը: Բայց ես պարտավոր եմ նրանց լսել, հասկանո՞ւմ ես, պարտավոր եմ£ Հիմա դու պարտավոր ես ամեն օր գրել այդ նույն պատմվածքը, որպեսզի քո պատմվածքի տառերն ամեն օր վերադառնան ինձ մոտ»:
Խոսում էր կինս, ու հասկանում էի, որ ընդմիշտ կորցրել եմ կնոջս£ Հասկանում էի, որ տառերը միշտ պիտի գողանան պատմվածքս, ու ստեղծագործելու շնորհս էլ ոչ մեկին պետք չէ: Զգացի ինձ ու Օլգային բաժանող տարածության անսխալ նախանշանները: Դեմքիցս վանեցի պարտությանս մշուշն ու լուռ բարձրացա ննջասենյակ: Կինս, մոլորված նստած, սպասում էր հայկական տառերի հերթական վերադարձին: Գիտակցում էի, որ նույն պատմվածքը գրելն իմ առաքելությունն է կյանքում, իմ պարտավորությունն է տառերի նկատմամբ£ Երջանիկ էի, որ գրել եմ այնպիսի պատմվածք, որը հասու չի լինի մեկին£ Անկողնումս նստած՝ հպարտանում էի իմ փակ երանությամբ£ Միակ բանը, որ նրան չասացի, տավիղի հրաշքն էր£ Հայկական տառերն ընդմիշտ գողացան կնոջս, որ նրան տավիղի լարերի միջոցով բազմապատկած վերադարձնեն ինձ: Հիմա, ճիշտն ասած՝ չգիտեմ, որտեղ է կինս, ու որտեղ եմ նրան մոռացել, բայց հաստատ գիտեմ, որ ես ամեն օր վայելում եմ 47 Օլգաների սերը տավիղի հնչյունների ներքո ու քնում եմ՝ ամեն օր ահեղ դյութանքներից լսվող վայելքների չգիտացված կանչին ականջալուր: