ԱՔԱՂԱՂԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Այս դեպքը ինձ պատմեց հայրս, երբ համալսարանի ուսանող էի և սիրահարված մի գեղեցիկ աղջկա, որն ինձ չէր սիրում: Նրան էլ ասել էր իր հայրը: Պապիս, որին չէի տեսել, պատմությունն անցել էր իր հորից: Իսկ նրան պատմել էին իր հայրն ու ապուպապերը, որոնք, հասկանալի է, վաղուց հող են դարձել գույնզգույն և բուրավետ ծաղիկների համար: Պատմությունն այնքան հին էր՝ ծածկված դարերի թանձր մառախուղով, կարծես չէր եղել երբևիցե:
Դավայաթաղում, որն այդ ժամանակ ավելին չէր, քան քնձռոտ գյուղ, Զարզանդն ուներ տնամերձ բանջարանոց ու խնձորի այգի, գոմեշ, երեք կաթնատու կով, քսանից ավելի ոչխար ու մի մայր խոզ՝ բազմաթիվ ախորժալից ու ճղճղան գոջիներով, և հարուստ հավանոց: Թեև այդ ամբողջ տնտեսությանը, որին աղքատ գյուղացիները, իսկ բոլորն էին չքավոր, նախանձով ու չարությամբ էին նայում, այդուհանդերձ առերես հարգում էին թե՛ կենդանիներին և թե՛ նրանց տիրոջը: Դավայաթաղում ու նրա շրջակա տարածքներում Զարզանդն առավել նշանավոր էր իր աքաղաղով, որի նմանը ամբողջ աշխարհում էլ չկար կամ կար, սակայն կույր ու տգետ մարդկությանն անհայտ էր, ինչպես հիշատակության արժանի շատ ու տարբեր երևույթներ: Աքաղաղի կարմիր կատարը նման էր ոսկեկուռ թագի: Փարթամ այտամորուքները իմաստություն էին տալիս նրա դեմքին: Կտուցը՝ մահացու տեգ: Հզոր ոտքերը հենվում էին եռամատ խոշոր չանչերի վրա: Քայլ ու քայլ էր անում՝ կուրծքը վահանի պես առաջ պարզած: Գլուխը շարժում էր զուսպ ու հպարտորեն: Խոշոր աչքերից բոց էր ճառագում: Նա միջնադարյան զորավարի էր նման, որը, կարծես, հաղթանակ էր տարել ահեղ ռազմադաշտում և պատրաստվում էր նոր ու ավելի վճռական ճակատամարտի նետվելու՝ ի սեր Դավայաթաղի:
Աքաղաղի աշխարհագրությունը բավականին ընդարձակ էր, նրան չէին բավարարում տիրոջ տնամերձ հողերը, և նա դեգերում էր նաև հարևան բակերում, դուրս գալիս ցեխոտ փողոցները, հասնում, անգամ, մոտակա գյուղերն ու բնակավայրերը, կարծես ամբողջ երկրի ինքնիշխան բդեշխը լիներ: Շատ աքլորներ նրանից վախենում էին, որովհետև մի քանիսի աչքն էր տեղահան արել, երբ նրանք թշնամանք էին ցուցադրել նրան՝ չթողնելով մոտենալ իրենց հավերին: Մի քանի անգամ պատահեց՝ փորձեցին նրան քաշել դանակի: Բան դուրս չեկավ, նա այնպես էր կտցահարում այդ մարդկանց, որ նրանք սուր ցավ էին աղաղակում:
Հայտնի չէ ով աքաղաղին առաջինն անուն տվեց՝ Թագավոր, որն արժանացավ համընդհանուր հավանության: Զարզանդի սրտին յուղ կապեց, եթե նրան մի փեշ ոսկի տային՝ աքաղաղին չէր վաճառի, նույնիսկ չէր փոխի աշխարհի հետ: Թագավորը չափազանց ցանկասեր էր, առիթը բաց չէր թողնում հարազատ թե օտար հավ թեթքելու, որը, հակառակ ալքորային բնության, անում էր երկար ու հիմնավորապես, հաղթական ծուղրուղու կանչելով ետ էր քաշվում միայն այն րոպեին, երբ լսում էր հավի ցավոտ կչկչոցը: Սկզբում շատ հավեր այդ մերձեցումից խուսափում էին, հետո երբ ցավին վարժվեցին, սկսեցին հաճույք զգալ և արդեն, իրենց սովորական աքլորներից ձանձրացած, անհամբեր սպասում էին Թագավորի հայտնությանը: Թագավորի թեթկած հավերը նախկին կաքավաձվերի փոխարեն, այժմ հետույքները պատռելով ջայլամային ձվեր էին ածում՝ խոշոր-ոսկեփայլ դեղնուցով: Դավայաթաղցիներն ափսոսում էին դրանք ուտել՝ խաշած կամ ձվածեղ, և տանում էին մեծ քաղաքում վաճառելու, որ լավ եկամուտ էր բերում: Նա անտարբեր չէր նաև դեղնակտուց հավաձագերի ու վառեկների հանդեպ: Այդ մութ ժամանակներում մանկապղծությունը չէր արժանանում քրեական կամ բարոյական պատժի, դա պիտի գար դարեր հետո, և մեր աքաղաղը դա գիտեր ու իրեն անսահման ազատություն էր տվել:
Բազմաթիվ տներում կանայք թշնամացան իրենց ամուսիններին և կշտամբում էին նրանց հատկապես գիշեր ժամանակ, անկողնում. «Զարզանդի աքլորի չափ էլ չկաս, զզվում եմ քեզնից»: Զարզանդի երիտասարդ Բերսաբե կինն էլ էր ամուսնուց դժգոհ. «Դու տղամարդ չես, կբաժանվեմ քեզնից ու Թագավորի հետ կպսակվեմ»: Դավայաթաղի կանայք սկսեցին պաշտել Թագավոր աքաղաղին, որը նրանց համար դարձել էր հեթանոս աստվածություն: Նրանց հակառակ, տղամարդիկ Թագավորին նայում էին նախանձով ու չարությամբ: Առանձնապես մեծ էր Զարզանդի ատելությունը, նա վախենում էր, որ Բերսաբեն, որին սիրում էր ավելի, քան իր գոջիներին ու ոչխարներին, մեկ էլ տեսար, իսկապես, իրենից բաժանվեց և ամուսնացավ Թագավորի հետ:
Մի գիշեր Զարզանդը ելավ մահճակալից, վառեց մոմը և մոտ գնաց կնոջ անկողնուն: Երբ վերմակը նրա վրայից հեռացրեց, մի պահ աչքերին չհավատաց. ցնորք չէր և ոչ էլ սատանայի խաղ, իրականություն էր՝ կինն աքաղաղի գրկում կամ աքաղաղը՝ կնոջ:
– Լիրբ,- բղավեց Զարզանդը և աքաղաղի ոտքերից բռնելով՝ նրան դժվարությամբ պոկեց կնոջից ու պատուհանից նետեց դուրս:- Կեղտոտ լակոտ:
Ու մահացու թշնամացավ աքաղաղին, որ խելքահան էր արել անմեղ-մեղավոր կնոջը: Մի՞թե արդեն ամուսնացել են:
Զարզանդը սիրտն ու միտքը կեղեքող հոգեկան տվայտանքների մեջ էր, երբ մի օր ծանր հիվանդացավ, մեռնում էր ու չէր մեռնում: Դավայաթաղը հավաքվեց նրա գլխին:
– Մի քարաբաղնիք անենք,- առաջարկեց Նեսոն:
– Վայ թե չդիմանամ,- վախեցավ Զարզանդը:
– Տո, կդիմանաս,- նրան սիրտ ու հույս տվեց Հախվերդոնց Աղեն, որ սովածությունից չորացած մի մարդակերպ էր:
Եվ հիշեցին, թե Դավայաթաղում ովքեր քարաբաղնիք մտան, Կիրակոսը՝ մեկ, Աստված հոգիդ լուսավորի, Կիրակոս, և ծալեցին ցուցամատները, Ծատուրենց Ստեփանը, դու էլ Աստծո զորությամբ լույս դառնաս, ծալեցին ճկույթները, Մաշկավորանց Միկոն էլ լույսի մեջ մնա, ծալեցին միջնամատները, ներկաների մատները չհերիքեցին հիշելու բոլոր մեռյալներին, որոնք մի օր պիտի վերածվեին նշանավոր գրական անունների, և մտքներին չեկավ քարաբաղնիքից ողջ-առողջ դուրս եկած գոնե մեկ մարդ:
– Վայ թե ես էլ չդիմանամ,- կրկնեց Զարզանդը:
– Ախր կովերդ, գոմեշը, խնձորի այգին, հավերն ու խոճկորները ո՞ւմ կթողնես… մե՞զ…
– Էդ էր պակաս,- ասաց Զարզանդը և համաձայնեց տեղը տեղին ու ընդունված կարգով քարաբաղնիք մտնել:
Մի փեշ լեռ քար շիկացրին բորբոքուն կրակին, պղնձե կաթսայում ջուրը եռաց՝ տաք գոլորշի արձակելով, Զարզանդին ծածկեցին մի քանի տակ բրդյա վերմակով ու կենդանի գոմեշի հանգուցյալ հոր մորթիով, գումարած քարն ու գոլորշին, որ նա այդ ամենի օգնությամբ մի լավ քրտնի, ոսկորները տաքանան ու մեռնի կամ էլ առողջանա: «Հիվանդն աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած՝ չէին թողնում»- հաղորդում է վավերական պատմությունը: Մինչև առավոտ լուսո Նեսոն չիբուխ էր քաշում, իսկ Զարզանդի վրա մեծ ու ծանր նստածները թղթախաղ էին անում՝ միմյանց խաբելով: Ոչ ոք չէր հավատում Զարզանդի լուսավոր ապագային, իսկ Բերսաբեն երազում էր ամուսնու մահը, որ, վերջապես, Թագավոր աքաղաղը իրեն երջանկացնի:
Երբ արևը Դավայաթաղում ծագեց, հինգ թե վեցը ցած իջան անկողնու բլրակից, Զարզանդի վրայից մեկ առ մեկ զգուշորեն ետ առան մորթեղենը, քարերն ու վերմակները, կարծելով արդեն մեռած է, հանկարծ հետդարձ չլինի, և վախից ցնցվեցին. Զարզանդը ժպտում էր:
– Շնորհակալ եմ, ժողովուրդ,- ասաց Զարզանդը և այնքան ժրաջանորեն նստեց անկողնում, կարծես երբեք մահացու հիվանդ չէր եղել:- Հո կովերս ու մնացածը ձեզ չէի թողնելու:
Բերսաբեն ուշաթափվեց: Բոլորը դա վերագրեցին նրա ուրախությանը և ոչ թե խորտակված պատրանքին:
Մի քանի օրից, չիբուխից անբաժան Նեսոն ասաց.
– Զարզանդ, դու հին ու նոր աշխարհքում միակն ես, ով քարաբաղնիքից ողջ դուրս եկավ:
– Իմն ուրիշ է,- գլուխ գովեց Զարզանդը:
– Մատաղ ես անելու, որ էլ ոչ մի օր չհիվանդանաս:
– Քեզ մորթե՞մ:
– Ես մատաղացու չեմ:
– Բա ո՞ւմ մորթեմ:
– Գոմեշը,- ասաց Նեսոն:
– Էդքան թանկ մատա՞ղ…
– Կովերից մեկը մորթիր:
– Մի էժան բան ասա, չիբուխ:
– Խոզ կամ գոջի:
– Մեղք են,- կեղծ խղճահարություն արեց Զարզանդը,- մի հավ մորթեմ:
– Հավը մատաղ չի դառնա: Գիտես ի՞նչ… Աքլորը մատաղ արա,- ասաց Նեսոն, որովհետև նրա կինն էլ էր աքլորացավ կպել:
– Հը՞…
– Թագավորին:
Զարզանդը մոռացավ աքաղաղի արժեքը և լեզուն կծեց. լավ առիթ էր ներկայացել աքաղաղից մեկընդմիշտ ազատվելու, Բերսաբեն չէր կարող նրան մեղադրել, մատաղն աստվածային գործ է,- մտածեց նա:
Այդ կիրակի առավոտյան շատ մարդ կար Զարզանդի տնամերձ հողերում և շուրջբոլորը: Զարզանդը ցուցադրաբար, ներքին անհուն հրճվանքով Թագավոր աքաղաղի բերանը տերտեր Թադեի արծաթ խաչով օրհնված աղ խցկեց, աքաղաղը հաճույքով կերավ, թևերն ու ոտքերն առավ երկարաճիտք, ծանր ու ցեխոտ կոշիկների տակ, հիշեց ինչպես էր նա գրկել Բերսաբեի մերկ մարմինը, ուրախ կատաղություն եկավ վրան, Թագավորի վիզը քաշեց կոճղին և, չարախնդրորեն նայելով կնոջը, որը կենդանի մեռելի էր նմանվել, փայտահատ կացնով գլուխը թռցրեց: Աքաղաղը ամենևին չդիմադրեց մահվանը, նույնիսկ կիսաբերան ծուղրուղու չասաց, քանզի ձանձրացել էր ամեն օր ու բազմիցս հավ թեթքելուց և, ինչպես մի էկզիստենցիալիստ փիլիսոփա, մտահոգված էր աշխարհի գոյության նոր շարունակությամբ: Ոչ բոլորին մատաղ հասավ: Դավայաթաղի կանայք սգավորվեցին: Մինչև ուշ գիշեր տղամարդիկ թթի օղուց հարբած ու բախտավոր, որ վերջապես ազատվել են աքաղաղից, թափառում էին այս ու այն կողմ և որոնում ու չէին գտնում իրենց հուզող հարցի պատասխանը՝ ի՞նչ հրաշքով Զարզանդը քարաբաղնիքից կենդանի ելավ ու, նույնիսկ, չոփուռ դեմքն անամոթաբար ժպտաց:
Մի քանի շաբաթից Զարզանդը ողջ-առողջ մեռավ: Չիբուխ Նեսոն Բերսաբեին առաջարկեց գոմեշը հոգեհաց անել, Զարզանդին սազական չեն խոզն ու նույնիսկ կովը: Կինն անմիջապես համաձայնեց, որովհետև գոմեշից զզվում էր նույնքան, որքան և ամուսնուց:
Գոմեշի գլուխն ու ոտքերը մաքուր ածիլեցին և դրին խաշի տակ: Յոթ օր ու գիշեր խաշն ու խաշլաման եռեփ եկան և դարձյալ հում մնացին: Ամբողջ աշխարհը հա ծամեց ու կերավ հում գոմեշին, որովհետև սոված էր:
Անցան դար ու դարեր: Տարվա եղանակներն անհաշիվ անգամ եկան ու գնացին: Այսօր Դավայաթաղը բազմահարկ շենքերի ու շքեղ խանութների թաղամաս է Երևանի կենտրոնում: Տասնհինգերորդ հարկի մեկ սենյականոց բնակարանում ապրում է այրի Բերսաբեն, հիշում Թագավոր աքաղաղին ու ամուսնուն և գժվում մենակությունից: Գիտակցությունը մթնեցնող խելագարության այդպիսի մի պահի նա ամբողջովին մերկացավ, բացեց պատուհանը և նետվեց խոր ու սառնամանիք ձմռան մեջ: Բայց սա բոլորովին ուրիշ կյանք է, որը ոչ ոք ինձ որևէ լեզվով չի պատմել, որ ես էլ հայերեն խոսք խոսեմ ձեզ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։