Վարդգես Պետրոսյանի չխամրող հիշատակին
25 տարի առաջ, 62 տարեկանին, Ապրիլ 15-ին, 1994 թ. Երեւանում, իր տան շեմին վրիժառումի գնդակով կյանքից հեռացավ արձակագիր, դրամատուրգ, սովետական տարիների հայտնի թերթերում եւ ամսագրերում պատասխանատու պաշտոններ ստանձնած, երկար տարիներ Գրողների Միության Նախագահ, բազմաթիվ բարձրագույն մրցանակների արժանացած Վարդգես Պետրոսյանը:
Գրող, որը ծնվեց, հասակ առավ եւ ապրեց սովետական տարիներում, սնվեց ու գործեց այդ գաղափարախոսությամբ, սակայն իր տաղանդն ու ողջ էությունը նվիրեց հայապահպանմանը, հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը, հայ ոգին հատկապես երիտասարդության մեջ ամրապնդելու, ցեղասպանության թողած հետեւանքների եւ հայ էությունը վերլուծելու, այն արժէվորելու ջանքերով:
Գրող, որը մեր սերունդի երիտասարդության անուշադրության մատնված հոգեբանությունը ուշադրության կենտրոն դարձրեց, «Դեղատուն Անի», «Քաղաքի Կիսաբաց Լուսամուտները», «Վերջին Ուսուցիչը» իր հրաշալի գործերով: Առաջին անգամ լինելով՝ ազդարարեց մեր գյուղերի դիմագծի ոչնչացման ճակատագրի ցավալի վիճակը «Մենավոր Ընկուզենի» իր հրաշալի պատմվածքում, որը հետո նաեւ կինոժապավենի վերածվեց: Գրեց նույնքան հետաքրքիր թատերգություններ՝ «Ծանր է Հիպոկրատի Գլխարկը», «Ապրած եւ չապրած տարիներ», «Հայկական Էսքիզներ», որոնք բեմադրվեցին եւ հասարակության սիրույն արժանացան:
Վ. Պետրոսյանը այն եզակի, բացառիկ գրողներից էր, որ Սփյուռք իր այցելությունների ընթացքում չվախենալով իր պաշտոնից, արհամարհելով սովետական քարոզչության իր ուսերին դրված խիստ պատասխանատվությունը, ի հակադրություն մյուսների, հպարտորեն կանգնեց դահլիճներում ծածանվող եռագույնի տակ, որը իր պաշտամունքն էր նաեւ եւ շփվեց հավասարապես հակադիր ՀՅԴ ներկայացուցիչների եւ նրանց հարող ժողովրդի հատվածին, անկեղծորեն ներկայացրեց իր տեսածն ու զգացածը, վերլուծեց հայի եւ տարագիր հայի հոգեբանությունը:
Հուսանք, որ մի օր կբացահայտվի նաեւ Վ. Պետրոսյանի մահը, այդ թվին չբացահայտված մի շարք այլ սպանությունների հետ:
Ես պատիվ եմ ունեցել ներկայացնել Պետրոսյանին Սփյուռքի մի քանի դպրոցներում եւ ականատես եմ եղել իր հուզումին, իր պարզ, անմիջական պահվածքին, նույնիսկ կարճահասակ լինելով՝ կատակով չափվում էր ամենակարճ աշակերտի հետ, սրտապնդելով նրանց, որ խելքն է կարեւորը:
Ես ինձ երջանիկ եմ զգում, որ իմ մենաներկայացման մեջ օգտագործել եմ «Կարսից Տրոյա» հայի ապրումների հիասքանչ վերլուծումը իրենից հափշտակված հայրենի տունն ու հողը այցելելիս: Անասելի դժվար ապրումներով ներկայացում է եղել դա ինձ համար, քանզի դա նաեւ իմ անբաժանելի կորուստն է, բայց միեւնույն ժամանակ հարստացել եմ իր վերլուծումով եւ հարստացրել նաեւ հանդիսատեսին:
Այսօր չկա Վ. Պետրոսյանը, չկա Կարսից մեր հետքերի ոչնչացման մտածումների վերլուծողը եւ հայը այլ կերպ է այցելում իր պապենական խլված տարածքները:
Ահա մի փոքրիկ մեջբերում Կարսի իր այցելությունից՝ «Ես ուրիշ շատ տխուր պահեր եմ ունեցել կյանքում: Բայց ահա կանգնած եմ Կարսի Առաքելոց եկեղեցու առաջ եւ ինձ թվում է կյանքումս առաջին անգամ եմ հասկանում մարդկային տխրությունը: Եկեղեցին ինձ հայ մայր է հիշեցնում, որի զավակին խլել են եւ նա մոլորված մնացել է փոշու եւ վշտերի մեջ: Քանդված զանգակատունը այդ մոր զավակն է ու թվում է, որ մայրը քսան թվից սպասում է այդ զավակին: Սպասում է ու քարացել է»:
Այսօր այլեւս չենք վերլուծում հայրենիքի հանդեպ մեր զգացումները, որն այնպես տանջում, քայքայում է հայրենիքից հեռու յուրաքանչյուրին, բայց նա հոգու ողջ էությամբ զգացել էր այն եւ ի վերջո փորձեց բառերի վերածել:
«Ի՞նչ է Հայրենիքը… Որտե՞ղ է այն ապրում… Ինչպէ՞ս, ի՞նչ հրաշքով է ապրում… Հաճախ այն ապրում է մարդուց գաղտնի, հաճախ մարդուց անկախ, ընդդեմ մարդու իր ինքնավար գոյությամբ: Ապրում է իր խեցու մեջ՝ իբրեւ մարգարիտ, իբրեւ սրտի ծակոց եւ դառնում մարդու վերջին, ամենավերջին զրուցակիցը: Հայրենի՜ք… առանց քեզ սիրելու անհնար է աշխարհը սիրել եւ քեզ կորցնելուց հետո, այլեւս ոչինչ, ոչինչ կմնա կորցնելու»:
Ահա մի երկու փոքրիկ մեջբերում նաեւ Սփյուռքի հանդեպ իր ունեցած գնահատանքից ու հարգանքից:
«Սփյո՜ւռք… միշտ ծանոթ, բայց եւ հանելուկ ու անակնկալ, միշտ հարազատ, բայց եւ հեռավոր, միշտ զվարթ, կենսասեր, ապահով ու անհոգ, բայց եւ տխուր, ինքնամփոփ ու հալածական, միշտ խոսքաշեն, սրամիտ, ծիծաղկոտ, բայց եւ փիլիսոփա ու իմաստուն: Եւ միշտ արտացոլանքը Հայաստան երկրի բնավորության, ճակատագրի եւ հույսերի: Երբեմն, նույնիսկ պարզունակ թվացող ճշմարտություն: Բայց եւ սեպագիր, որ կարդալու համար բանալի է պետք:
Եւ միշտ զարմանալի:
Առանց Սփյուռքի անկատար է հայ բնավորության խճանկարը եւ Սփյուռքով է, որ լրանում, դառնում ենք մի հող, մի ճակատագիր, մի էություն:
Մեր թերթի առաջին համարում, ընթերցողներին ուղղված խոսքի մեջ ես գրել էի, թէ իրական երկիր Նաիրին Հայաստանն է ու Արցախը: Իրական երկիր Նաիրին նաեւ Սփյուռքն է՝ մի պետություն, որի սահմանները աշխարհի որեւէ քարտեզի վրա անհնար է գծել-որոշել, եւ որի երկնքում արեւը մայր չի մտնում երբեւէ»:
Մարի Ռոզ ԱԲՈՒՍԷՖՅԱՆ
14 Ապրիլ, 2019 թ.
Սան Ֆրանսիսկո
…Գործնականում կարող էինք Վարդգես Պետրոսյանի ծնունդը նշել իր ներկայությամբ, եթե չլիներ այն, ինչ տեղի ունեցավ 15 տարի առաջ ապրիլի 15-ին: Ստացվում է, որ ոչ հայը և հայը 1915 թվականին և 15 տարի առաջ ապրիլին զենք ուղղեցին հայ մտավորականի ճակատին: Ոչ հայի դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է, հայի դեպքում՝ կարծես հավասարության նշան է դրվում կամ տեղերով փոխվում են ոչ հայը և հայը: Ոչ հայի դեպքում աշխարհը սկսել է ճանաչել, գնահատականներ տալ, և վաղ թե ուշ ոչ հայը հատուցելու է: Իսկ հայը, որին մենք պիտի գտնենք, մենք դատապարտենք, այդպես էլ անհայտ, անպատիժ գուցե մնա: Համենայնդեպս, գործընթացն այդ է ասում: Թող ապացուցեն հակառակը:
Վարդգես Պետրոսյանը հայկական էսքիզներից մեկն սկսում է հետևյալ նախադասությամբ. «Մեր գյուղում մի եկեղեցի կար, հիմա եկեղեցի չէ. խաչը հանել են»:
Ինձ թվում է՝ գրողն իր ապրած կյանքով, իր հրապարակախոսությամբ, գեղարվեստական արձակով կարողացավ խաչեր տեղադրել ոչ միայն իր գյուղի, այլև ողջ Հայաստանի անխաչ եկեղեցիների վրա:
Ինքը չի սպասում, մենք ենք պարտավոր (որ այսօր, վաղը դարձյալ զենք չուղղեն գրողի ճակատին) պահանջելու գտնել հանցագործին (հանցագործներին), այլապես ոչ հայի և հայի միջև հավասարության նշան է դրված: Ինչքան էլ չկամենանք՝ դա այդպես է:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Դարձ», ապրիլ, 2009 թ.
…Ճանաչողները կվկայեն, որ Վարդգես Պետրոսյանը իր ողջ հոգեկերտվածքով, էությամբ ու կոչումով զինվոր էր: Եվ ինչպես բոլոր ռազմադաշտերում է, կորուստներ էր ունենում և վիրավորվում էր, երբեմն թվում էր նույնիսկ մահացու, սակայն չէր նահանջում, չէր թողնում դիրքերը, որովհետև հավատում ու իր հավատի համար էր կռվում, հավատում էր, որ երկրի ու ժողովրդի համար հոգևոր տարածքների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան երկրի սահմանների պաշտպանությունը:
…Դավադիր կրակոցի ձայնը շուտ չի լռում, ինչպես շուտ չի մակարդվում դավադիր վերքի արյունը: Այդ ձայնը շարունակվում է և շարունակվելու է այնքան, մինչև ջրի երես դուրս գա դավադրի անունն, ու թե՝ ինչո՞ւ էր դավադիր: Դա նրա «բացակա ներկայության» պահանջն է, որ երբեմն առիթ է տալիս մտածելու, թե մեզանից նրա հեռանալու պատճառը կրակոցը չէ, այլ Փոքր Մհերի պես՝ աշխարհից, մեր անարդարությունից ու անգործությունից հոգնած, ինքն է հեռացել ու փակվել քարայրի մեջ և դուրս կգա միայն… Սակայն դավադիր կրակոցները պարուրված են նույնքան դավադիր լռությամբ՝ հավերժորեն թաքցնելով ճշմարիտ իրողությունը:
Սամվել ԿՈՍՅԱՆ
«Գրական թերթ», ապրիլ, 2004 թ.
…1994 թվականի ապրիլի 15-ին «Երկիր Նաիրի»-ում տպագրվեց «Այդ քաղցր պատիժը՝ սեփական պետությունը» էսսեն, որն ավարտվում էր հետևյալ տողերով. «Չճկվենք: Դիմանանք: Որովհետև դարեր շարունակ երազել ենք, չէ՞, դեռ երեկ երազում էինք, չէ՞, հենց այսօր՝ մեր դժվար օրերի մեջ անգամ, երազում ենք, չէ՞, սեփական պետություն: Երազում ենք, որ նա կայանա, մերը լինի և նման լինի հազարամյա իր տեսիլքին: Ուրեմն, չճկվենք և դիմանանք, որովհետև, այո՛, քաղցր պատիժ է… սեփական պետությունը»:
Նույն օրը՝ ժամեր հետո, նա ընկավ դավադիր գնդակից իր բնակարանի շքամուտքում: Այդպես է. պատերազմում առաջինը խփում են առջևից գնացողին…
…Եթե Վարդգես Պետրոսյանն իր մահկանացուն կնքեր բնական ճանապարհով, իր հաստատուն տեղը կգրավեր Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Արժանի էր: Բայց հիմա ծննդավայրի հողը նրան ավելի է գուրգուրում:
Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ
«Դարձ», ապրիլ, 2009 թ.