Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՀԱՆՃԱՐԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ

Վաղ մանկությունից Հովհաննես Թումանյանը եղել է իմ կուռքը, իմ պաշտամունքը: Ժողովուրդները աշխարհ են բերում հանճարների, որոնց շնորհիվ ապահովում են իրենց անմահությունը:
Թումանյանը այդ հանճարներից է: Աքսիոմ է. որքան ապրի հայ ժողովուրդը, այնքան պիտի ապրի Թումանյանը, որքան ապրի Թումանյանը, այնքան պիտի ապրի հայ ժողովուրդը: Թումանյանի շնորհիվ աշխարհի քարտեզի վրա ավելացան Դսեղը, Դեբեդը, Լոռվա ձորը:
Ես տասնյակ հոդվածներ, էսսեներ, բանաստեղծություններ եմ նվիրել Հովհաննես Թումանյանին, որոնք լույս են տեսել հայերեն և այլ լեզուներով: Իմ «Թումանյանի հետ» ժողովածուն Թումանյանին նվիրված գրքերի մրցույթում շահել է առաջին մրցանակ և հրատարակվել պատկառելի տպաքանակով:
50 տարի առաջ Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթով ոգեշնչված՝ չափածո մշակել եմ այն, և կես դարից ավելի է պատվավոր տեղ է գրավում Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում:
«Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն»,- խոստովանել է Զորավար Անդրանիկը: Հայ ժողովրդի ամենաջերմ բարեկամներից մեկը՝ Պավլո Տիչինան հիացմունքով գրել է. «Ինչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի մի իսկական հումանիստ. ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը, ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը… Թող համաշխարհային պոեզիայի աստղերը իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ…»:
Իմ խոսքը ավարտեմ Թումանյանին նվիրված ձոներգով.

Հովհաննես Թումանյանին

Մանուկ էի թռվռուն,
մանուկ էի մի անգետ,
Դու՝ իմաստուն երեխա,
խաղում էիր միշտ ինձ հետ:

Ես երազուն պատանի,
դու՝ մտերիմ, հայրաբար
Լույս աստղ էիր իմ ճամփին,
ոգու թռիչք հրավառ:

Գլխիս եղյամն է իջել,
աշունն է դուռս թակում,
Դու՝ մի կախարդ ծերունի,
դու՝ մի հսկա ահարկու:

Ուղեկցում ես բոլորին
մանկությունից ծերություն,
Ինքդ մնում ես հավետ
Արարատի պես կանգուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։