Մեծերը ազգային կյանքում իրենց ոգեկերտ զորությամբ ու նշանակությամբ անգնահատելի են. նրանք մարդ-գերերևույթներ են ու նաև հողեղեն են և իրական, խիզախական՝ իրենց էությամբ, խոսքի զորությամբ ու գործով… Նրանք տիտանական մտքի տեր մարդիկ են, որոնց լինելիության ժամանակը եռաչափ համաձույլի մեջ է: Սա ճշմարիտ մեծերին տրված առանձնաշնորհն է, այն մեծերի, որոնց մեջ յուրաքանչյուր ազգ տեսնում է իր անփոփոխականի՝ նախաէի խտացումը և ժամանակից անկախ ու աննկատ՝ նրանց դասում իր հոգևոր արքետիպերի շարքը: Այդ մեծերից է Հովհաննես Թումանյանը:
Հովհաննես Թումանյանը անվերապահորեն Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Շնորհալու… հայոց բոլոր մեծերի կողքին է բազմած՝ Հայոց ամենայն բանաստեղծի պատվանունով: Ուրեմն չկան նրա լինելիության սկիզբն ազդարարող դարն ու տարին: Այն, որ նա բոլոր ժամանակներին է պատկանում, խորհրդանշական բանաձևում չէ, խորհրդանշականը 1869 թվականի փետրվարի 19-ն է, երբ նրա արքետիպային ոգեղենականը մարդեղացել է. դրանք թվեր են, որոնք կան, որպեսզի հուշեն հատկորոշված փառերգման օրը: Փառերգենք ու ինքներս փառավորվենք, որ Թումանյան ունենք: Եվս մեկ անգամ քառյակներից արտասանենք, մի քիչ իմաստնանանք և վայելենք իմաստնության իմաստությունը. իշխան Թաթուլի քաջությամբ հպարտանանք, ունայնության մասին մտորող Նադիր շահի հետ մտորենք-խորհենք ու դասեր առնենք. Անուշի համար ցավենք ու տխրենք. Գիքորի հետ մղկտանք. Մարոյի մոր ողբից սարսռանք. անարդարության բեռի տակ տնքացող ծերունու հետ հառաչենք… Ու մի քիչ էլ հեքիաթ ու բալլադ կարդալով՝ չարի պարտությամբ ուրախանանք, Փանոսի վրա խնդանք, Նեսոյի քարաբաղնիսի համար խնդալով զայրանանք, Անբան Հուռու, Քաջ Նազարի բախտը… երազենք… ու չերազենք: Ուղղակի նստենք ու Թումանյան կարդանք. կարդանք, որ կարողանանք «Աշխարհքին ու մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով»: Ու նաև անգիր արածի նման կրկնենք Կորնեյ Չուկովսկու խոսքը, թե՝ «Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել». ու այս դեպքում իրապես գլուխներս գովենք ու մի քիչ լոռեցիաբար ոգևորված՝ այլոց գնահատումներից էլ մեջբերենք և ինքնաբավ երջանկությունից մեզ լավ զգանք, որ Հովհաննես Թումանյան ունենք, ու դեռ հիշելով էլ հիշեցնենք, որ Պավլո Տիչինան էլ է այդ մասին ասել. «Ի՜նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք»:
«Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք», ու այս երեք գերերևույթների զորությամբ գոյավորված թումանյանական անզուգադրելի աշխարհը՝ գեղագիտական մի իրողություն, որը գնահատելու համար, փոքր իսկ չերկնչելով, թե կարող է գերագնահատում դիտվել, դիմափոխումով օգտագործենք Նարեկացու խոսքը՝ «ո՛չ նմանս ունեմ, ո՛չ էլ օրինակ». Թումանյանի ստեղծած գեղագիտական աշխարհը ո՛չ նմանը ունի, ո՛չ էլ օրինակ:
Իր օրինակը չունեցող է նաև Թումանյանի աշխարհայացքային համակարգը. այն բանաստեղծի կենսափորձով, ապրած կյանքի դասերով գոյավորված և տարիների ընթացքում հարստացած կուռ ամբողջականություն է, որն իր ինքնատիպ գեղարվեստական արտացոլումն է գտել նրա թե՛ չափածո, թե՛արձակ գործերում: Ինչպես Վահրամ Փափազյանն է ասում. «Ազատ հանճարը վերցնում է այն լավը, որ լսում է կամ տեսնում, և իր սեփական օրենքով ու արվեստով վերակառուցելուց հետո ծնունդ է տալիս նորին՝ սեփական ստեղծագործությանը»: Այդպես և Թումանյանը:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային կենսագրությունից, իրեն վիճակված ճակատագրից, դրանից բխող աշխարհաքաղաքական կենսադիրքորոշումից ու ձեռք բերած փորձից գոյավորված, որոշակիորեն բանաձևված պատվիրանների բարոյական համակարգ, որի բովանդակային տարրերը դարերով բյուրեղանում են հատկապես նրա գրականության էջերում:
Ըստ ֆրանսիացի փիլիսոփա, գրող Հիպպոլիտ Տենի համադրույթի՝ գրականության զարգացումը պայմանավորված է երեք «նախնական ուժերի»՝ «ցեղի», «միջավայրի» և «պահի» ներգործությամբ: Հայ ժողովրդի պարագայում ազգապահպան պատվիրանների բարոյական համակարգի դերն անգնահատելի է. դարերով ստեղծվող մեր գրականությունը այդ համակարգից է ստացել իր սնուցումը և զարգացել «երեք «նախնական ուժերի»՝ «ցեղի», «միջավայրի» և «պահի» ներգործությամբ»:
Հովհաննես Թումանյանը թե՛ իր անձնային, թե՛ իր ստեղծած գրականության ազգային բարոյական նկարագրով դիտարկման փայլուն հավաստումն է: Նա ամենայն մեծ էր, ճշմարիտ ազգասեր, ճշմարիտ նվիրյալ, ճշմարիտ մտավորական… Այս առումով հիշենք Գարեգին Նժդեհի բանաձևում-գնահատումներից մեկը, որը նաև, և առաջին հերթին, Թումանյանի նման անհատականություններին է վերաբերում՝ «Ճշմարիտ մտավորականը նա է, որ իր մտավոր կարողութեան, ամեն բանից առաջ, միացնում է խորապէս բարոյական նկարագիր, բարձր գաղափարականութիւն, ստեղծագործելու – նոր իդէալներ, արժէքներ, կեանքի ձեւեր ստեղծելու ընդունակութիւն, սրբազանի զգացում, տեսական խղճմտանք, հոգեւոր արիութիւն, ժողովուրդն իր ամբողջութեան մէջ սիրելու, նրա համար տառապելու անսահման կարողություն»:
Ժողովրդին իր ամբողջության մեջ սիրելու, նրա համար տառապելու անսահման կարողություն ունեցող Թումանյանը վկան է եղել իր ժամանակների հարափոխության մեջ տեղի ունեցող ազգային հոգեցնցումների, քաղաքական կյանքի անվերջանալի թվացող վերուվարումների, ազգային և մարդկային մեծ ողբերգությունների: Ինքն էլ անմասն չի մնացել. ամենայն խորությամբ զգացել է այդ վերուվարումների ընթացքում ժողովրդի ապրած անհանգստություններն ու տառապել սպասվող արհավիրքների սարսափներից: Եվ պետք է ասել, որ Ամենայն հայոց բանաստեղծը միշտ եղել է իր ժողովրդի կողքին, ապրել նրան պատած անամոք ցավը ու մեծին վայել իր վարք ու վարքագծով ամենադաժան իրավիճակներում անգամ մնացել արդար ու անբասրելի և հայրենանվեր գործունեությամբ մասնակցել ազգային պատմության իրօրյա ընթացքին:
Բանաստեղծի ապրած ժամանակները պատմական անցուդարձերի ներպահած իրենց բուն բովանդակությամբ մեծ չարիքներով էին հատկանշվում: Այդ չարիքներն իրենց սև գործն էին անում ոչ միայն ազգային, այլև անձնային կյանքում: Եղան չդիմացողներ, եղան չարիքի առջև ծնկողներ: Սակայն, բարեբախտաբար, մեծ անհատականությունների շեշտելի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրանք դիմակայող են ու անկոտրում, կարողանում են ժամանակի ընդերքից պեղել ոգեղենն ու ոգեշնչվել, ստեղծել հաղթանակած ապագայի տեսլականը, սևեռվել մարդկության առաջընթացն ապահովող մնայուն արժեքների վրա:
Թումանյանը՝ որպես ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ կրող մեծ անհատականություն, չէր կորցնում մարդկության առաջընթացն ապահովող բարոյականների ու կողմնորոշիչների նկատմամբ ունեցած հավատը: Եվ այդ հավատի ներշնչած տեսլականով էլ փորձում էր հայ մարդու հոգևոր աշխարհում արթուն պահել ազգային երազանքի իրականացման ձգտումը: Դա նրան հաջողվում էր, քանի որ, լինելով հմուտ խոսքասաց, անզուգական պատմող ու հրաշալի ստեղծագործող, նա կարողանում էր սոցիալական միջավայրի ու տեղական կոլորիտի ստեղծմամբ իր ստեղծագործություններում ապահովել հայրենիքի և ազգայինի անխաթար ներկայությունը: Այս հատկանիշը նրա ստեղծագործությունների կարևոր արժեքներից մեկը պետք է համարել, քանի որ այն ոչ միայն ապահովում է թե՛ արձակ, թե՛ չափածո գործերի գեղագիտական ազդեցությունն ու տպավորությունը, այլև ընթերցողի ազգային անհատականության և գեղարվեստական մտածողության կերպափոխմանը նպաստող կարևոր գործոններից է:
Սոկրատեսի հանրահայտ վերջին խոսքը՝ «Յուրաքանչյուր մարդու մեջ արև կա, թույլ տվեք՝ լուսավորի», եթե բացենք՝ Թումանյանին նկատի առնելով, ապա կարող ենք ասել, որ նա հրաշալի գրականություն է ստեղծել՝ նրանում դնելով իր մեջ եղած արևը, նրանով լուսավորելով ու կենսականացնելով հայոց՝ դարերով դավանած բարոյականների համահավաք ամբողջությունը:
Իր ապրած կյանքով, իր ինքնօրինակ անհատականությամբ Հովհաննես Թումանյանը ազգային դիմագիծը խորապես անխաթար պահող մարդ-երևույթ էր, որն իր ստեղծած գրականության ներքնատար տրամադրությունները հիմնականում աղերսում էր հայրենիքի, ազգային արժեքների ու հայոց հոգու մշտապես փյունիկվելու առեղծվածային հատկության հետ («Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող է կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ի՞նչ ես անելու…»):
Մեծ բանաստեղծը՝ որպես շատ հեռավոր անցյալից եկող իր ժողովրդի հավաքական բարոյականության լավագույն հատկանիշների կրողն ու նրա կենսագրության հոգեժառանգը, անասելի խոր վիշտ էր ապրում, երբ տեսնում էր, թե ինչպիսի դաժանությամբ էին իր ժողովրդին օտարում իր իսկ գոյից: Նա տառապում էր ամենքի հետ, ամենքի ցավն ու կորուստը զգում. նա ժողովրդային մարդ էր, ժողովրդական գրող: Եվ զարմանալի չէ, որ հայ ժողովուրդը ազգային ցավն ու տառապանքը սրտում կրող իր բանաստեղծին կերպարավորել և կոթողայնացրել է բոլոր ժամանակների համար: Դիտարկմանը հավելենք Նժդեհի հայեցումը՝ «Ճշմարիտ մտավորականութիւնը, որի գործն անընդհատելի է ազգի կեանքում – այն հոգեւոր ոյժն է, առանց որի ժողովուրդ անւան տակ ամբոխներ կապրին, առանց որի ազգութիւն չի ստեղծուի: Այդ տեսակէտից ճշմարիտ մտավորականութեան ստեղծագործութիւնը կրում է յաւիտենականի կնիք»:
«Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք…» / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ
