ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ՇԱՂԿԱՊՈՂ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԽՈՍՔ / Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ

21-րդ դարի քաղաքացին յուրաքանչյուր վայրկյան ենթակա է տեղեկատվական տարափի: Գիտության աննախադեպ զարգացման և ժամանակակից գերարագ տեխնիկական միջոցների շնորհիվ մարդուն հասանելի, նաև տեսանելի են դառնում աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք անընդհատ կարդում ու կարդում ենք… Հաճախ դժվարին է դառնում լուրերի շղթան կտրելը և մեծ կտավի գեղարվեստական գրականություն ձեռքն առնելը: Սակայն, ինչպես բոլոր ժամանակներում, 21-րդ դարում ևս ստեղծվում են գեղարվեստական երկեր. պոետները մուսավորվում են, արձակագիրները՝ խոհափիլիսոփայում՝ թղթին հանձնելով հոգեբուխ մենախոսություններ: Եվ երջանիկ է այն ստեղծագործողը, որը կարողանում է իր ասելիքի համար տեղ հայթայթել տեղեկատվական խելահեղ շղթայի մի հատվածում:
Ահավասիկ մեր սեղանին է Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» վեպը: Հաղթահարելով ժամանակի սղության մտավախությունը՝ ձեռքս եմ առնում երկու գրքերից կազմված ծավալուն այս վեպը: Ու այն բազմաշերտ ասելիքով, կերպարների բազմակերպությամբ ու բազմանունությամբ, նկարագրվող դեպքերի մերթ ընդ մերթ վարարող ընթացքով իր հորձանուտն է առնում ընթերցողիս: Ընթերցելը պահանջում է մտասևեռում, մտքի շարանն ընդհատող հաճախադեպ փակագծերում առկա ծանուցումների ունկնդրում, գործող անձանց ազգակցական կապերի և տոհմածառի ընձյուղների մտապահում, գեղարվեստական խոսքի պատկերավորման այլ միջոցների ու ենթածալքերի յուրացում և այլն:
«Այրված կենդանակերպ» վեպի գեղարվեստական արժեքի վերհանումը և ներկայացված կերպարների վերլուծությունը թողնելով գրականագետներին՝ կարելի է համառոտակի նշել մի քանի կարևոր առանձնահատկություններ, որոնք յուրովի են արժևորում այս ստեղծագործությունը:
ա) Վեպը, արտահայտելով համամարդկային գաղափարներ ընտանիքի, ազգակցական կապի, սիրո, հայրենի տան ու հարազատ միջավայրի մասին, բացառապես հայկական է և հայաշունչ:
բ) Վեպի ծալքերում հայ ժողովրդի պատմությունն է՝ իր վայրէջքներով ու անկախ պետականություն կերտած լինելու իր վերջնական հաղթանակով: Հընթացս վեպում նկարագրվող իրադարձությունների՝ հմտորեն մատուցվում է մեր ժողովրդի պատմությունը, որը նույնիսկ անծանոթ ընթերցողին կարողանում է մոտեցնել հայ տեսակի հոգեկերտվածքին:
գ) Վեպն ունի ազգագրական համառոտ հանրագիտարանի արժեք: Այն հայի կյանքի ու առօրյայի արտացոլումն է, և արտաքուստ մանրուք թվացող գործողությունների և կտրուկ վրձնումների ետևում տեսանելի են դառնում ազգային սովորույթներն ու բարքերը:
դ) Վեպի և ընթերցողի միջև անմիջական կապի ստեղծումը պայմանավորված է շարադրանքի լեզվական առանձնահատկություններով: Ժամանակակից գրական արևելահայերենը դրսևորված է ուրույն ճշտությամբ ու գունագեղությամբ, որին հմտորեն շաղկապվում են նաև ճիշտ ու տեղին օգտագործված գրաբարյան լեզվական կառույցները: Հեղինակային խոսքը հարուստ է ճաշակով ընտրված նկարագրական արտահայտություններով և լեզվաոճական առումով հետաքրքրություն ներկայացնող կառույցներով՝ մակդիրներով, համեմատություններով, փոխաբերություններով, դարձվածային միավորներով և գեղարվեստական խոսքի պատկերավորման այլ միջոցներով:
Այսպես, օրինակ՝ լինել-չլիներու սահմանագծում եղած-չեղած օր, մտքի անսահման տարածության մեջ արձակված ձայն, երկար կյանքում ամեն դառնություն փորձած մարդու հաշտվածություն, անհնազանդ արցունքի կաթիլ, կենսական բոլոր ուժերն անհայտության ճամփած կին, մահվան ձևեր առած դալուկ աշուն, աշնանահանգ մահ, վախկոտ մահ, բոթը՝ հեռախոսազանգի տեսքով հևիհև տուն ընկավ և այլն, և այլն:
Անհրաժեշտության դեպքում կերպարներն օգտագործում են խոսակցական ոճին բնորոշ պատկերավոր արտահայտություններ ու դարձվածքներ, որոնց շնորհիվ ասելիքը դառնում է ջերմ ու անմիջական՝ մտերմիկ կապ ստեղծելով գրողի և ընթերցողի միջև:
Վեպը կարող է նպաստել ժամանակակից ընթերցողի հոգևոր հարստացմանը, համամարդկային և ազգային արժեքների ճանաչմանն ու գնահատմանը, ինչպես նաև գրագետ խոսք կառուցելու հմտությունների ձեռքբերմանը:

Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան
լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.