Կյանքը՝ քարտեզագրում

 

Հոկտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Ալեքսան Գոմցյանի «Երկունք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ «Երկունք» ժողովածուն գրողի ապրած կյանքի քարտեզագրումն է, նկատեց, որ գրքում առկա բազմաթիվ տեղանունները՝ Ջավախք, Աբխազիա և այլն, ցավի նշանն են կրում: «Անմիջական իրադարձությունների նկատմամբ՝ բանաստեղծի արձագանք»,- այսպես բնորոշեց ժողովածուն Էդ. Միլիտոնյանը և միևնույն ժամանակ փաստեց. «Բանաստեղծության մեջ պիտի կարողանաս ինքնատիպության այն կնիքը ստեղծել, որ կարդացողը և՛ իրադարձությունն ընկալի, ինչի մասին գրել ես, և՛ քո բանաստեղծական էությունը զգա: Այս երկուսի ներդաշնակությունը շատ դժվար է, և Գոմցյանը փորձում է դա անել»:

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, տեղեկացնելով, որ Ա. Գոմցյանը աբխազա-վրացական պատերազմի բռնությունների ոչ միայն ականատեսն է եղել, այլև ենթարկվել է բռնությունների, ասաց. «Երբ եկավ Հայաստան, այն խարիսխը, որից կարող էր բռնվել, քանի որ հոգեբանորեն ծանր վիճակում էր, ԳՄ-ն էր, գրական աշխարհը»: Ապա անդրադառնալով ժողովածուին՝ նկատեց, որ գրքում գերակշռում են զարթոնքի, գարնան, վերընձյուղվելու թեմայով բանաստեղծությունները: «Իր մեջ անընդհատ ծխում, մխում է իր ծննդավայր Հեշտիայի կարոտը, մի երազանք ունի՝ բոլոր հեշտիացիները, ի վերջո, վերադառնան իրենց ծննդավայր ու նորից ապրեցնեն, շենացնեն հայրենի հողը»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:

«Հայկական հանրագիտարանի» խմբագիր Հովհաննես Այվազյանի կարծիքով, որոշ գործեր, որոնք վերաբերում են Գոմցյանի գերդաստանին, շատախոսության տպավորություն են թողնում, ի տարբերություն փոքրիկ բանաստեղծությունների, որոնք աչքի են ընկնում լիրիկականությամբ: «Գրում է ոչ թե ստիպելով, այլ՝ որովհետև գրվում է: Նա իրեն նեղություն չի տալիս մի բան գրելու, ինչ-որ տեղ ինչ-որ բան հայտնագործելու: Գրում է այն, ինչ գալիս է»,- ամփոփեց Հ. Այվազյանը:

Ելույթ ունեցան նաև «Երկունք» գրքի խմբագիր Անահիտ Տարոնցին, բանաստեղծ Արմենակ Ղազինյանը, Հեշտիայի դպրոցի նախկին տնօրեն Ներսես Սիմոնյանը և ուրիշներ: Ա. Գոմցյանի բանաստեղծություններից ընթերցեց Գայանե Սամվելյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ալեքսան Գոմցյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։