Հոկտեմբերի 19-ին ՀԳՄ-ում հյուրընկալվել էին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած միջազգային մանկապատանեկան գրականության լավագույն դեմքերը՝ IBBY-ի ղեկավար Լիզ Փեյջը (Շվեյցարիա), պարսիկ մանկագիր, Անդերսենի մրցանակակիր Ֆարհադ Հասանզադեն (Իրան), Միլանի BRAIDANSE ազգային գրադարանի «UFFICIO Ռիկերկա» երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին (Իտալիա) և IBBY փոխնախագահ Ալի Ալ Շեմարին (ԱՄԷ):
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով հյուրերին, նշեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր երկրում զբաղվում է աշխարհում մանկական գրականության տարածմամբ, նպաստում գրող-մանուկ հանդիպումներին: «Մանկապատանեկան գրականությունը, իմ կարծիքով, աշխարհի բոլոր ազգերին միավորող հարթակն է: Մանուկների այն ապրումը, թե կյանքը հեքիաթային է, ողողված է այդ գրողների, մեր ժողովուրդների հյուսած հեքիաթներով, և մեր պատասխանատվությունն ու պարտականությունն է վառ պահել մանուկների երազանքը»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը: Այնուհետև ներկայացնելով հանդիպմանը մասնակցող հայ գրողներին՝ նա ուրվագծորեն անդրադարձավ հայ մանկապատանեկան գրականության որոշակի պատմական շերտերին՝ տեղեկացնելով, որ այն դարերի պատմություն ունենալով՝ դրսևորվել է ամենատարբեր ժանրերով՝ ժողովրդական երգեր, բանահյուսություն, բալլադներ, հանելուկներ և այլն: Ապա կարևորեց Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Վախթանգ Անանյանի ներդրումը, որոնց գործերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով: «Մեր մանկապատանեկան գրականության մեջ հատկապես շեշտադրված է բնության ճանաչողությունը, որովհետև երեխան պետք է գիտակցի, որ ինքը բնության անբաժանելի մասնիկն է»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ գրականությունը միշտ էլ համարվել է մարդկանց ապրեցնող մագնիսական այն ուժը, առանց որի հայ ժողովուրդը չի պատկերացրել իր ներկան ու ապագան:
Մանկապատանեկան գրականության խնդիրների, թարգմանական փոխհամագործակցության և այլ հարցերի շուրջ ելույթ ունեցան նաև Լիզ Փեյջը, Ֆահրադ Հասանզադեն, Մասսիմո Ջենտիլի Տեդեսկին, Ալի Ալ Շեմարին, Գագիկ Խաչատրյանը, «Ցոլքեր» մանկապատանեկան հանդեսի խմբագիր Հռիփսիմէն, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենի խորհրդական Գայանե Կարապետյանը:
Ամփոփելով՝ Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը կլինի այն կայծերից, որը կկարողանա մանկագիրներին ոգևորել երեխաների համար նոր գործեր գրելու: