Տողի ամբողջականության գիտակցությամբ

 

Հոկտեմբերի 15-ին, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Վասն հոգու», «Ձմեռ պապիկն ու տղան» գրքերի շնորհանդեսը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Վասն հոգու» գրքում արժևորելով պատկերի ինքնատիպ ընկալումը, նկատեց, որ բանաստեղծական տարբեր ոճերի զուգորդումը շեշտում է բանաստեղծի ինքնատիպությունը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ժամանակակից կյանքի իրողությունները բանաստեղծություն դարձնելը մեծ ջանք է պահանջում: «Ընթացիկ կյանքի ամեն մի իրողություն պարզ արձանագրություն է, որը հաճախ, իմ կարծիքով, ավելի խորը վերլուծություն, բանաստեղծական ձև է պահանջում»,- նշեց նա:

Անդրադառնալով «Ձմեռ պապիկն ու տղան» գրքին՝ Էդ. Միլիտոնյանը ցավով նշեց, որ մանկական գրականությունը դուրս է մնացել աջակցության ծրագրերից, և այս առումով գնահատեց Հ. Նալբանդյանին (ԱՄՆ), որը աջակցել է գրքի լույսընծայմանը:

Գրականագետ Արմեն Ավանեսյանի հավաստմամբ՝ «Վասն հոգու» գիրքը ներաշխարհի՝ ապրումի և ոգու բանաստեղծումի ծնունդ է, ունի ներքին դրամա, որը գալիս է այն նվիրումներից, այն արժեքներից, որ բանաստեղծն ընդունում է: «Ժաննա Աբրահամյանը վերլիբր բանաստեղծության մեջ ունի տողի ամբողջականության գիտակցություն. տողն ինքնին միավոր է, իմաստակիր է, և տողից տող անցումը դառնում է այն ուլունքաշարը, որի շուրջ նա ստեղծում է իր բուն ասելիքը»,- նշեց Ա. Ավանեսյանը և հավելեց, որ ժողովածուում նկատելի է բանաստեղծի՝ անընդհատ դեպի անցյալի որևէ դիպվածը, դեպի կորցրածը, դեպի անցած ժամանակին միտված հայացքը, որն իմաստավորվում է հասուն տարիքում:

«Դժվար է մանուկների համար գրելը, որովհետև դրա համար պետք է մտնես նրանց հոգեբանության մեջ և վերստեղծես այն աշխարհը, որ հատուկ է մանուկներին»,- ասաց Էդվարդ Խաչիկյանը՝ վստահեցնելով, որ Ժ. Աբրահամյանը դա կարողացել է անել:

Ելույթ ունեցան նաև Անուշ Վարդանյանը, Արևշատ Ավագյանը, Վրեժ Սարուխանյանը, Հովսեփ Նալբանդյանը: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ Արսեն Համբարյանը: Շնորհանդեսի ավարտին խոսք ասաց նաև հեղինակը՝ Ժաննա Աբրահամյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։