Ապրիլի 7-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, ներկայացնելով Անուշ Վարդանյանի գրական գործունեությունը, նշեց, որ նա գրում է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, միաժամանակ խմբագրում «Ծիծեռնակ» ամսագիրը և ղեկավարում նույնանուն հրատարակչությունը` մեծ դեր ունենալով երեխաների գեղարվեստական դաստիարակության գործում: «Ինձ զարմացնում են նրա անվերջանալի ձգտումները և՛ իր աշխատանքային ոլորտի մեջ, և՛ ՀԳՄ-ում»,- ասաց նա և Ա. Վարդանյանին պարգևատրեց ՀԳՄ-ի «Գրական վաստակի համար» մեդալով և հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալը՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: «Գեղեցիկ պատկերներ, համարձակ, եռանդուն, լուսավոր, զրույցի նման անկեղծ ու բնական»,- այս խոսքերով բնութագրեց Ա. Վարդանյանի ստեղծագործությունը բանաստեղծ Սարգիս Կարեյանը` նշելով, որ նա արձակում ևս բանաստեղծ է:
Ըստ մանկագիր Սուրեն Մուրադյանի` Ա. Վարդանյանը բազմակողմանի մտածողություն ունի, անընդհատ ճանաչողական աշխարհներ է շրջում` երբեք չգնալով տրորված ճանապարհով: Նա հոբելյարի մեծագույն արժանիքներից համարեց կազմակերպչական աշխատանքը. «Ծիծեռնակը» դարձրեց տպագրության կենտրոն` իր շուրջը համախմբելով բոլոր մանկագիրներին:
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Վահան Եղիազարյանն ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի հրամանը բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» հրատարակչության, նույնանուն հանդեսի գլխավոր խմբագիր Ա. Վարդանյանին հայ մանկական գրականության զարգացման և տարածման գործում ունեցած երկարամյա վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրելու մասին:
Խնկո-Ապոր անվան գրադարանի ընթերցողները ներկայացրին Ա. Վարդանյանի ստեղծագործություններից մի գեղեցիկ փունջ:
Ա. Վարդանյանի հոբելյանի առթիվ ողջույնի խոսք ասաց նաև գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Անուշ Վարդանյանը: