ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ (Բաց նամակ Հրաչօյին՝ ծննդյան օրվա առթիվ) / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀրաչօՄեր՝ չափ ու չափանիշ կորցրած ժամանակներում հաճախ ենք շփոթում բարձրագույն կրթության վկայականը կամ պաշտոնը և «մտավորական» հասկացությունը: Այնինչ մտավորական ծնվում են, մտավորական լինում են ոչ թե կրթությամբ, այլ ծագումով, գենով, ապրելաոճով, երկրի, հողի նկատմամբ պատասխանատվությամբ:
Նա ժամանակների ու սերունդների կենդանի կապն է՝ անսկիզբ ու անվերջ…
Մտավորականը կարող է նաև «ոչ մտավորական» մասնագիտություն կամ զբաղմունք ունենալ. պարզապես ապրում, արարում է քաղաքացիական պատասխանատվությամբ, բաց նյարդերով: Նա միշտ այնտեղ է, որտեղ կա չլուծված հարց կամ լայն քննարկման անհրաժեշտություն պահանջող խնդիր, թեկուզ մեկի անհաջողություն կամ ցավ: Նա պատրաստի պատասխաններ չունի, բայց պատրաստ է փնտրել, տանջալից որոնման միջոցով գտնել լուծման այն տարբերակը, որը ենթադրում է հողի տիրոջ իրավունքն ու պատասխանատվությունը:
Մտավորականը յուրատեսակ փարոս է մյուսների համար, հաճախ, շատ հաճախ չի էլ նկատում իր կարիքները, կենցաղի դժվարությունները. հավիտենականի չափանիշներով ապրողի համար ժամանակավոր երևույթները պարզապես ծիծաղելի են, ու դրանցով կարելի է զբաղվել հետո, երբ հիմնական խնդիրները լուծված կլինեն: Թե ե՞րբ է գալու այդ «հետո»-ն, հայտնի չէ, կարևոր չէ:
Մտավորականը նախանձ չէ և մեկ ուրիշի հաջողությունն անպայման տեսնում, արժևորում է: Անգամ հիվանդությունը չի խանգարում, որ 1-2 տող գրի կամ զանգի, լիասիրտ շնորհավորի ու… շնորհակալություն ասի: Դա մյուսների՝ նախանձների, չարակամների չասած շնորհակալությունն է, բոլորի շնորհակալությունը, ժամանակի շնորհակալությունը, քանզի այս տեսակն անվրեպ է գնահատելիս, որովհետև ունի իսկական արժեքները գնահատելու համարձակություն, չափ ու չափանիշ, որոնց միշտ հավատարիմ է:
Մտավորականը երկրի աղն է, վաղվա հույսը, չար ու անհույս ժամանակներում՝ մեր հոգու սպեղանին, անզիղջ համառությամբ մեզ օրինակ ծառայողը:
Մտավորականը սովորաբար չի գնահատվում, ճիշտն ասած, չի էլ սպասում գնահատման. կարևորը գործն է, իսկ նրա գործը Հայաստան երկիրն է, հայ ժողովուրդը:
Թվում է՝ տարիքի հետ այս տեսակը պիտի մի քիչ «խելոքանա»՝ սովորի ապրել բոլորի պես, հաշտվի կատարվածի հետ ու սովորի լռել… Լռել, որովհետև կյանքը ցույց է տալիս՝ դժգոհողի անունը պիտակ է. նրան կարող է լսեն՝ հազիվ զսպելով դեմքի դժգոհ արտահայտությունը, ձևացնեն՝ շատ են շտապում, խոստանան ինչ-որ բան փոխել, բայց հին տաշտակը նորից իր տեղում կմնա: Կարծո՞ւմ եք՝ մտավորականը նահանջում է: Ո՛չ, հազար անգամ՝ ո՛չ. նա երբեք չի դավաճանում իրեն, իր տեսակին, հողին, երկրին, ժողովրդին, անգամ նրանց, ում համբերության պակասն ստիպել է լքել երկիրը:
Առանց այդ տեսակի մենք պարզապես անտեր ենք:
Ուրեմն՝ պահենք ու պահպանենք մտավորական տեսակի բացառիկ ներկայացուցիչներին, որ սերունդներից չամաչենք ու նրանց փոխանցելու երկիր, հող, պատմություն, ոգի ունենանք:
Հրաչօն՝ Հրաչյա Մաթևոսյանը մտավորական է:
Խոնարհվում եմ նրա տեսակի առաջ ու քաջառողջություն բարեմաղթում, որ երկրիս ու իմ կյանքում նրա գրաված տեղը հանկարծ թափուր չմնա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։