Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը շնորհվեց բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին

Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը 2008 թվականից շնորհվում է հայ գրողներին: Այս տարի Ռաֆայել Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» (2014) բանաստեղծությունների ժողովածուն մրցութային հանձնախմբի կողմից ճանաչվեց լավագույնը:
Մրցանակը բանաստեղծին հանձնվեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ հանձնաժողովի նախագահ Վահագն Սարգսյանի ձեռամբ: Նա գիրքը գնահատեց «խաչմերուկային» հրատարակություն, որում խաչաձևվում են գրողի թեմատիկ բոլոր «երակները»: Թեման պապերի Էրգրի կորուստն է, բայց իր ոգեղեն պաթոսով` ոչ երբեք կորուսյալը: Բանաստեղծին հաղորդված պատումներն էրգրայցերի ցնցող պատկերների, հիշողությունների և անանց վերապրումների ոգեկանչերով արարվեցին «Էրգիրը տեսա հորս աչքերով» մատյանում: Ըստ Վ. Սարգսյանի՝ հեղինակը դարասկզբի հայոց նախճիրը վերապրողների «հոգեբանական երակն է բերում», «Էրգրի իրական և հոգևոր քարտեզն է գծում»` հաստատելով հետդարձի լուսավոր հավատը և պահանջատիրոջ արդար իրավունքը: Բանախոսը նշեց նաև, որ Ռաֆայել Սահակյանն ակտիվ հրապարակախոս է, և որ նրա «սաղմոսաբույր պոեզիան» ընթերցելիս «կարծես մատուռ ես մուտք գործում»:
Գրող, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը և «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը ջերմորեն շնորհավորեցին Ռաֆայել Սահակյանին, ընդգծեցին նաև անվանական մրցանակի կարևորությունը՝ Մկրտիչ Սարգսյանի անուրանալի ծառայությունը հայ գրականության վերընթացի ճանապարհին:
«Վերջին հինգ ամիսների ընթացքում, ինչ Հայաստանում եմ,- ասաց սփյուռքահայ գրող Թորոս Թորանյանը,- 85 գիրք են ինձ նվիրել այստեղ, և ողջը կարդացել եմ: Սխալ կարծիք կա թե՛ մեզանում և թե՛ Սփյուռքում, թե մեծությունները վերջացել են: Մեծություններ կան, տեսնողներ չկան: Նրանց մասին, այդ թվում և Ռաֆայել Սահակյանի, պետք է բեմերից խոսել. նրանք կան ու միշտ կլինեն»: Սփյուռքահայ գրողը խոսեց նաև գրական գործընթացների շարունակականության մասին: Ասմունքով հանդես եկավ Գարեգին Էվոյանը: Ռաֆայել Սահակյանը, բարձր գնահատելով իրեն շնորհված պարգևը, հատկապես կարևորեց Մկրտիչ Սարգսյանի գրական ժառանգության մշտակա ներկայությունը, նրա հետ իր առնչակցությունն ու մտերմությունը:
Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։