Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ժամանակը միշտ էլ չի հերիքում: Առավել ևս հիմա, երբ ռետինաքուղի պես ձգված ժամանակի ծայրին ամրացված` մտածում ենք, թե նյութի ի՛նչ ոլորանում ենք հայտնվելու ճակատագրի էլի մի քանի պտույտից հետո… Նյութը զսպաշապիկի պես սեղմում է մեզ, խեղդում մեր ինքնությունը…

***
Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությունը ձևակերպելիս պնդում էր, որ բարձր արագությունների դեպքում մարմինների ֆիզիկական տվյալները (կշիռ, չափսեր…) փոփոխվում են: Բայց նա չէր ասել բարձր արագությունների ժամանակ հոգու, ոգեղեն արժեքների հարաբերականության մասին: Այս գերարագ ժամանակներում ոգին, ցավոք, փոքրանում է մեր աչքի առաջ օր օրի: Իսկ խեղճ Էյնշտեյնը որտեղի՞ց իմանար այս մասին, երբ իր ապրած ժամանակներում ոգեղեն արժեքները բացարձակ էին:
Եվ ահա հետևանքը. այսօր մարդը միտված է ինքնամեկուսացման…

***
Որքան հեռանում ենք հոգևորից, վերջինիս քաղցն այնքան ստիպում է մեզ բարձրանալ: Արդյոք սա չէ՞ պատճառը, որ այս ամլացող ժամանակի մեջ ծնվել է բանաստեղծական մի սերունդ, որը նորովի է պրպտում ամեն մի երևույթ, արտաքուստ անգամ ոչ բանաստեղծական:
Գյումրիում ձևավորվում է մեր երազած գրական սերունդը, որը գոտեպնդում է գրականության վաղվա օրվա հանդեպ մեր հավատը: Այս մասին ամբողջական պատկերացում կազմեցինք «Արարատ Մկրտումյան» հանրապետական գրական առաջին մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս:

***
Արարատ Մկրտումյան: Անցել է ուղիղ երեսուն տարի…
Անվանի շատ հեղինակներ իրենց երկրային կյանքից այսքան հետո արդեն չեն ընթերցվում, չեն հիշվում: Բայց Արարատը մնաց նույն արդիականը, ինչ երեսուն տարի առաջ էր: Նա սիրված է նաև երիտասարդների կողմից, այդ թվում նաև՝ «Արարատ Մկրտումյան» ամենամյա երիտասարդական հանրապետական մրցանակաբաշխության մասնակիցների: Արարատի բանաստեղծության հանդեպ սերն ու հետաքրքրությունը մշտապես զգացել ենք ու զգալու ենք հետո էլ… Վստահ եմ:

***
Բնությունը ինքնակարգավորվելու զարմանալի հատկություն ունի: Երբ ծառ են կտրում, տարիներ հետո այդ ծառի բնից տասնյակ ճյուղեր են վերընձյուղվում, որոնցից մի քանիսը դարձյալ ծառ են դառնում… Ինձ թվում է՝ Արարատ Մկրտումյան բանաստեղծի պոետական բնից են սկիզբ առնում Անուշ Հեքիմյանը, Լորետա Մուրադյանը (Գյումրի), Մանուշակ Քոչարյանը, Անահիտ Ղազախեցյանը (Վանաձոր) ու էլի շատերը…

***
Այսօր Գյումրու Գեղագիտական ազգային կենտրոնում (տնօրեն՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյան) գործում է գրական խմբակ, որտեղ գրականության այբուբենին են ծանոթանում, ապա նաև վարպետության դասեր առնում պատանի ու երիտասարդ տասնյակ ստեղծագործողներ: Տարիներ առաջ այս նույն խմբակը հաջորդաբար ղեկավարել են Լևոն Խեչոյանն ու Տանյա Հովհաննիսյանը: Այժմ այդ սրբազան գործը շարունակում է բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը: Այս աշխատանքի կարևորությունը դժվար է գերագնահատել:
Սակայն… մի փոքրիկ ալեբախություն, և գրականության նավը, դուրս գալով կառամատույցից, կսկսի նավարկել երազկոտ ջրերում: Իսկ պետական այրերը, հազար ու մի անհետաքրքիր ծրագրերի ստվերում թաքնված, չեն ուզում կամ չեն կարող գիտակցել գրականությանն աջակցելու կարևորությունը: Ինչևէ, արդեն մեկ ու կես տարի ու էլի հարյուր օր դադարեցվել է պետական աջակցությամբ գեղարվեստական գրքերի տպագրությունը (այդ թվում նաև՝ երիտասարդ տաղանդավոր գրողների):
Հրաշալի գրքեր կան ձեռագիր վիճակում, որոնց չտպագրված լինելու ծանրությանը չի դիմանում որևէ սիրո կարգախոս:
Եթե «սիրով» շարունակելու է դադարեցված մնալ պետական աջակցություն գրականությանը, ապա սա կլինի հիասթափության այն վերջին չափաբաժինը, որ կկազմալուծի մեր հավատն առհասարակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.