ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

– Ազատության հրապարակը հանկարծ չլինի թե նորից վերածվի թատերականի…
– Ազատության հրապարակի սահմաններն այնքան ընդարձակվեցին, որ վերաճեցին Ազատ, Անկախ Հանրապետության:
– Ազգային դիմագիծը կերտվում է ոչ միայն ազգի նպատակներից, այլև ճանապարհի ընտրությունից:
– Ազնիվ մետաղների անխարդախ լինելը համապատասխան կնիքն է վկայում. ինչպե՞ս տարբերակել ազնիվ զգացումները:
– «Աղմուկ է, ինչպես շուկայում». կա այսպիսի արտահայտություն. հիմա աղմուկ է… շուկայի համար:
– Աղն էժան էր, անհամ բաները շատ էին: Աղը թանկացավ, անհամությունները կվերանա՞ն…
– Աղջկա մեջ ամեն բան պետք է բնական լինի. և՛ շրթներկը, և՛ կեղծամը, և՛ դնովի թերթերունքերը…
– Աղվեսավեպեր (կամ թեկուզ աղվեսագրեր) հիմա չեն գրվում. ափսո՜ս, որքա՜ն աղվեսներ չեն «անմահանում»:
– Աղվեսներն են մատուցում… արջի ծառայություն:
– Աղուհաց. ձևական, խորհրդանշական կողմով չպետք է հիմա հասկանալ, այլ ճաշկերույթ՝ «ինչ որ լեզուդ կպտտի» մակարդակով:
– Այլանդակը ծնվում է, մեռնում, այլանդակությունը, թվում է, մահ չունի:
– Այլընտրանքը սիրո հարցում միշտ էլ եղել է, ինչպես, ասենք, սիրուհին (կամ սիրածը) կնոջ (կամ ամուսնու) փոխարեն…
– Այլևս զարմանալի չէ, թե Ն-ը ինչե՜ր է անում. զարմանք է պատճառում այն, թե դեռ ինչե՜ր չի անում…
– Այն, ինչ քթիդ տակ է, չես նկատում:
– Այն մարդն է զուսպ ու օրինապահ, ով հասկանում և ենթարկվում է սեփական ես-ին:
– Այնչափ միամիտ-մանկամիտ էր, որ պատասխանում էր նաև ճարտասանական հարցերին…
– Այնպես է ճառում՝ կարծես ինքն է գրել…
– Այնպես ներքաշվեց գործի մեջ, որ այլևս չկարողացավ դուրս ելնել:
– Այնպիսի կեցվածք է ընդունել, որ, համենայնդեպս, լավ բան չի խոստանում:
– Այնքան ընդլայնեց իր տեսադաշտը, որ մոտիկ բաներն արդեն չնկատեց:
– Այնքան խոր ճանաչեց ինքն իրեն, որ հիասթափվեց… մարդկությունից:
– Այնքան ծռմռվեց սրա-նրա առաջ, որ էլ չկարողացավ մեջքը շտկել:
– Այնքան շատ պահանջմունքներ ուներ, որ այդպես էլ հնարավորություն չունեցավ զարգացնելու իր՝ թեկուզ որևէ մեկ ընդունակություն…
– Անինքնասերի մի տեսակ էլ կա. նա, ով վարժվել-վարպետացել է վիրավորանք կուլ տալու մեջ:
Այո՛.
– հազար անգամ ճիշտ է, որ լավ ու բարի մարդիկ ավելի շատ են, քան… Բայց ինչո՞ւ առանձին դեպքերում նրանք փոքրամասնություն են կազմում:
– պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց կարող է հեռու գլորվել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։