Շարունակվող զրույց / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Ըստ հնագույն ավանդության՝ աստվածային Բուդդային հարցնում են. «Բուդդա, Աստված կա՞»: Բուդդան պատասխանում է. «Ես ասե՞լ եմ Աստված կա, ես ասե՞լ եմ Աստված չկա»: Ի՞նչ հասկանալ այս իմաստությունից: Փորձեմ հասկանալ. եթե մարդ ես բանական ու զգացմունքային և ոչ գող ու վայրենի, քո մեջ, քո հոգում Աստված կա, ուրեմն՝ նա գոյություն ունի տիեզերական անտես-տեսանալի տիրույթներում, իսկ եթե աստվածազուրկ ես, հետևաբար նա չկա ոչ մի տեղ, իզուր մի որոնիր, չես գտնի: Ասել կուզեմ, Աստծո մեկ ու միակ հանգրվանը մարդկային հոգին է:
Հոգին վերացական երևույթ չէ, այն ներառում է ազնիվ արյան մտածողությունն ու սիրառատ սրտի անհաշվելի թրթիռները: Գերզգայուն սարքերը չափակշռել են մարդուն մեռնելուց վայրկյան առաջ ու անմիջապես հետո, արդյունքում՝ մարմինը թեթևացել է մեկուկես գրամով: Հոգին է լքել մարմինը՝ հասնելու հավերժական աստղերին: Կարծում եմ՝ այդ մեկուկեսն ավելի ծանր է, քան ամբողջ մեռած մարմինը, բայց, ցավալի է խոստովանել, քչերն են սա գիտակցում՝ անտեսելով հոգին, և իրենց ամբողջ կյանքում ոգևորված ու անխտրական սնունդ տալիս մի օր անէացող մարմնի նյութեղեն պահանջմունքներին, գողանում են, խաբում են, կաշառում ու կաշառվում, քաղցրորեն ստրկանում են փողին, սատանայանում են, մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ՝ մոռանալով, որ մարդկությունը գոյատևեց Նոյան ջրհեղեղից հետո՝ շնորհիվ պայծառ հոգիների: Կա սև հոգի, կա և լուսավոր հոգի, որն Աստծո հանգրվանն է: Չեմ ուզում քարոզ կարդալ՝ դիմելով իմ ժամանակակիցներին՝ փայփայեք Աստծուն ձեր մեջ, մի եղեք այն ավազակի նման, ով աստվածաբանություն է դասավանդում, մի նմանվեք նրանց, ովքեր մոմ են վառում սրբապատկերի առջև, խաչակնքում, իսկ եկեղեցուց դուրս գալով՝ անմիջապես լծվում սեփական մարմնի անզուսպ շահառության կառքին: Բնավ մոմ վառելով չէ, ներսում վառիր մոմը, և Բարձրյալը հավատավոր լույսդ կտեսնի:
Մարդկությունը Գերագույնին երևակայեց իր պատկերով, ոչ բնության մեկ այլ կենդանու: Անառարկելի ապացույցը նրա Քրիստոս որդին է, նույն և նման իր հորը, նրա պատվիրանները հորենական հորդորներ են ապրողներիս, նա ու իր խաչափայտը խորհրդանշում են լույսի և խավարի ընդդիմությունը, որը կյանքն ուղեկցում է հավերժական ողբերգությամբ: Շեքսպիրի հանճարեղության՝ գուցե ամենագլխավոր հատկանիշն այդ գործող ողբերգության ցուցադրությունն է, որը վերջ ու սկիզբ չունի, մենք ենք, որ ավելի դժբախտ ենք, քան երջանիկ, և եթե որոշ պահերի երջանիկ ենք լինում՝ միայն Բարձրյալին մեր հոգեղեն մերձեցմամբ, երբ սիրում ենք, փրկագործվում մեղքերից ու ազատություն ձեռք բերում: Հիանալի բանաստեղծական տողեր ունենք՝ «Ազատն Աստված այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել…»:
Աստված բնավորվել է Շեքսպիրի մեջ, ավելի կամ պակաս չափով՝ բոլոր հռչակավոր գրողների, նկարիչների, երաժիշտների, ճարտարապետների հոգեղեն կառույցներում, որոնք մարդկության լույսի ու ազատության հանրագիտարան մատյանն են, հայերիս (և ոչ միայն) «Մատյան ողբերգությունը»: Վերջերս Գերմանիայի գողտրիկ քաղաքներից մեկում սուրճի բաժակի շուրջ, սիգարետ ծխելով զրուցում էի թոռանս հետ, որը կրում է իմ անունը: Նա զգայուն ու հոգեղեն մարդ է, կիթառահար, կապտաչյա, որ լույսի գույնն է: Հարցրի. «Նորայր, Աստված կա՞»: Ինձ թվաց՝ մի ամբողջ դար մտածեց ու ասաց. «Աստված Բախն է, Կոմիտասը»: Այո, Աստված մեզ ներկայանում է որպես Բախ և Կոմիտաս, ուրիշներ: Նրանք շատ չեն, բայց նրանք են մարդկությանը օծում լույսի շողերով, նրանք են մարդուն դարձնում բանական ու զգացմունքային, ի վերջո՝ հոգեղեն: Երբ լսում եմ Բախ ու Կոմիտաս, դիտում Վերածննդի նկարչությունը, կարդում Հովհաննես Թումանյանին, ուզում եմ մոմ վառել նրանց առջև, շշնջալ նրանց երաժշտությունը, տողերն ու պատկերները իբրև աղոթք: Ինչպե՞ս կարելի է աղոթք չասել Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամորը», մնալ սառն ու անտարբեր «Զվարթնոցի» ավերակներում:
Շեքսպիրը ճարտարագործեց Ռիչարդ Երրորդի ու Մակբեթի հոգեկառույցը և նրանց հակադրեց Համլետին, մարդկության երկու գլխավոր ճանապարհները՝ դեպի խավար և լուսեղեն հանգրվան: Հետևելով պատմության ընթացքին՝ տխրորեն տեսել ու գիտակցել եմ, որ շատ շատեր, նույնիսկ ոգևորությամբ, գնում են խավարի ետևից, քան՝ դեպի լույսը: Օրինակները բազմաթիվ են՝ աշխարհակործան պատերազմները, ժողովուրդների ստրկացում… Մի օրինակ էլ մերոնքական է. թավշյա լուսավոր հեղափոխության կողմից հանցագործությունների անպարագիծ բացահայտումները մեր երկրում, որտեղ ինչին ձեռք ես տալիս, տակն աղբ է ու խավար, որ փորձում է մարել մեր ժողովրդի հավատն առ Աստված, խաթարել նրա հազարամյա լուսեղեն առաքինությունները: Լսում եմ Աստծո որդու ձայնը. «Հայր, ներիր նրանց, նրանք չգիտեն ինչ են անում»: Իսկ ես ասում եմ՝ հայր, մի՛ ներիր, ղեկավարվիր ոճրի ու պատժի տրամաբանությամբ, խոնարհաբար խնդրում եմ:
Մեզ դժբախտություն եղավ ունենալու կարճաժամկետ մի վարչապետ: Հետո նրան անէացրին: Այժմ ուզեց դառնալ Ազգային ժողովի երեսփոխան: Հարցրի՝ ինչի՞ համար, ընկեր: Առանց ամաչելու ասաց. «Ուզում եմ ապահովել երեխաներիս ու թոռներիս բարեկեցիկ կյանքը»: Եվ հաջողությամբ ապահովում է առ այսօր: Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին, որ աշակերտել էր Արիստոտելի մոտ, մեռնելուց առաջ ցանկություն հայտնեց դագաղում պառկել՝ ձեռքերն աջ ու ձախ տարածած, որ ողջերը տեսնեն՝ այս երկրից ոչինչ չի տանում հանդերձյալ աշխարհ: Իսկ մեզանում տանող տանողի է ժողովրդից թալանված հարստությունը՝ փողի վերածված անտառներ, դաշտ ու ձոր, հանքերը, գյուղ ու քաղաքներ, նաև իրենց ապագա հարազատ հանգուցյալների կեցությունն ապահովելու մեռելի մտահոգությամբ:
Ավարտեմ, թեև այս զրույցը վերջ չունի: Սա կյանքային ու գրական ռոմանտիզմ չէ: Առարկայորեն ես եմ և իմ ու ձեր ժամանակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.