ՄԵԿԴԱՐՅԱ ԿՅԱՆՔ – ՄԵԿԴԱՐՅԱ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մոտենում է մեր գրականության վիթխարի հսկայի, մեծերից ամենամեծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Համազգային տոնին ընդառաջ արդեն լույս են տեսնում գիտական ու գրական հրապարակումներ: Ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյան-Թումանյանի «Օլգա Թումանյան» մենագրությունը («Էդիթ Պրինտ» հրատ., Եր., 2018, 232 էջ): Աշխատությունը ռուսերեն է՝ խմբագրված բազմամյա հմուտ և տաղանդավոր խմբագիր, նաև Թումանյանի երկերի թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի կողմից:
Իրմա Սաֆրազբեկյանը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է Թումանյանի կյանքի հավատարիմ ընկերուհու՝ Օլգայի մասին այս ուշագրավ աշխատությունը:
Գրքի հեղինակը սերում է մեծ բանաստեղծի ազնվական տոհմից, ավելին՝ նրա ընտանիքի անդամն է, հանգամանք, որն առավել մեծ նվիրյալ է դարձրել հեղինակին: Նա գրքի հերոսուհու կյանքի 30 տարիների ականատեսն ու վկան է: Ի. Սաֆրազբեկյանը իր անձնական տպավորությունների, տասնամյակներ շարունակ ընտանիքի անդամներից, մերձավոր հարազատներից իր լսածների, վավերագրական նյութերի, Թումանյանի գերդաստանի անդամների հուշագրության հիման վրա ստեղծել է մեծ բանաստեղծի կնոջ, նրա թիկունքը միշտ ամուր պահող, ամուսնուն ու զավակներին անմնացորդ նվիրված հպարտ, ուժեղ և լուսավոր հայուհու կերպարը:
Օլգայի բնավորությունը, կամքի վիթխարի ուժը որոշիչ ու առաջնորդող է եղել հեղինակին, և նա կարողացել է Օլգայի կյանքը ներկայացնել իբրև քաղաքական հեղաբեկումներով գերբարդ ժամանակի բաղադրիչ: Սա գրքի գլխավոր արժանիքներից է: Ընթերցողի առջև կանգնում է Օլգան՝ իր հոգեբանության ու հոգեկերտվածքի յուրահատկություններով:
Առաջին անգամ չէ, որ Իրմա Սաֆրազբեկյանը հայ ընթերցողի դատին է ներկայացնում Թումանյանի ընտանիքի պատմությունը, ընտանիք, որի ճակատագրում բեկվեց հայ ժողովրդի ճակատագիրը, ընտանիք, որին չշրջանցեց 20-րդ դարում հայությանն ու մարդկությանը պատուհասած և ոչ մի աղետ ու փորձություն, ընտանիք, որն իր տված անմեղ զոհերի քանակով կարող է «հաղթել» յուրաքանչյուր ընտանիքի: Թումանյանի որդի Արտավազդը՝ Վանի վերջին հայ պարետը, դարձավ Մեծ եղեռնի զոհ (1918), մյուս երեք որդիները՝ մեկը մեկից տաղանդավոր ու օժտված, արտասահմանում կրթություն ստացած, ժամանակի լավագույն մտավորականության սերուցքի մաս կազմող Մուշեղը, Համլիկն ու Արեգը, դարձան 1937 թ. ստալինյան բռնաճնշումների զոհեր, իսկ Մուշեղի որդի Վիգենը՝ միակը թոռներից, որ պիտի պատվով փոխանցեր Թումանյան ազգանունը հաջորդ սերունդներին, զոհվեց հենց 1941-ին. կամավոր նետվեց Մեծ հայրենականի առաջնագիծ, որ հանկարծ չասեն ժողովրդի թշնամու զավակ է, որ հանկարծ բիծ չմնա իր սրբասուրբ ազգանվան վրա, և հենց այդտեղ էլ հատվեց Մամիկոնյան տոհմածառի Թումանյանների ազնվական գերդաստանի ամենաազնվական հայի՝ Ամենայն հայոց բանաստեղծի ճյուղը: Օլգան ողջ կյանքում սպասեց լավ թե վատ որևէ լուրի, պայքարեց հանիրավի ամբաստանված անշիրիմ տղաների բարի անունը վերականգնելու համար, կորցրեց 29-ամյա դստերը՝ Անուշին, իր իսկ պահած թոռներին՝ 26-ամյա Հովհաննեսին և 21-ամյա Վիգենին, փորձեց մխիթարել մինուճար որդուն կորցրած դստերը: Մի կյանքի ընթացքում կորցնել ամուսնուն, 10 զավակներից 7-ին, երկու թոռներին…
Իրմա Սաֆրազբեկյանը, ով իր արյան բաղադրության մեջ է կրում այդ գերդաստանի անասելի ցավն ու վիշտը, դարձավ թոռներից միակը, ով, ընտրելով բանասերի մասնագիտությունը, կարողացավ թումանյանագիտությունը մի շարք արժեքավոր աշխատություններով հարստացնել: Երիտասարդ տարիներին նա զբաղվում էր հայ և ռուս գրական-մշակութային կապերով, Վ. Բրյուսովի, Վ. Ստասովի, Ա. Վեսելովսկու, Ա. Լունաչարսկու, Մ. Գորկու և Ս. Գորոդեցկու աշխատությունների ուսումնասիրությամբ, համաշխարհային գրականության ու Թումանյանի ստեղծագործության աղերսներով և այլն: Այդ նրա շնորհիվ Գորոդեցկու արխիվից հայի ու Հայաստանի մասին յուրաքանչյուր տող հասավ Հայաստան: Սակայն տարիների հետ արյան կանչը ստիպեց փոխել գիտահետազոտական կյանքի ուղին, սակայն ոչ կյանքի թեման՝ Թումանյանը: Այս անգամ Իրմա Սաֆրազբեկյանը ձեռնամուխ եղավ մի գործի, որ միայն ինքը կարող էր անել, մեկ էլ Նվարդը (բանաստեղծի դուստրը): Միմյանց հաջորդեցին հեղինակի «Թումանյանի ընտանիքի նամականին» (2002, 2009), «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» (հայերեն և ռուսերեն. 2009, 2010), արժեքավոր գրքերը: Եվ ահա հեղինակը թումանյանագիտությունը հարստացրեց ևս մի աշխատությամբ, որը նոր լույս է սփռում Թումանյանի ընտանիքի պատմության վրա, այն դարձնում առավել ամբողջական: Այստեղ Օլգան ներկայանում է իբրև զարմանալի ուժեղ ու աներեր բնավորությամբ մի կին:
Թումանյանը մեծ կարևորություն էր տալիս հանճարեղ մարդկանց կյանքում կնոջ ունեցած դերին: Բանաստեղծի խոսքերով, «Կինը կյանքի հիմքն է, կյանքի աղբյուրը, ամենամեծ ուժը… Մեծ ու վճռական դեր է խաղում կինը բանաստեղծի կյանքում, և… հաճախ մի կնոջ պատճառով բանաստեղծի կյանքը խորտակվում է կամ փրկվում»: Թումանյանի կինը նրան «փրկում» էր, նրա ամուր թիկունքն ու հենարանն էր:
Գրքի առաջին մասում՝ վերնագրված «Մեկդարյա կյանք, մեկդարյա սեր» («Век жизни, век любви»), հեղինակը նախընտրում է Թումանյանի և Օլգայի համատեղ կյանքի ողջ պատմությունը ներկայացնել հենց Օլգայի հուշերով: 19-ամյա պոետը և 17-ամյա Օլգան ամուսնացան 1888 թ. դեկտեմբերի 1-ին, միմյանց հետ համատեղ ապրեցին 35 տարի, ունեցան 10 երեխա: Ընտանիքին և ամուսնուն անմնացորդ նվիրված Օլգայի համար Թումանյանը առաջին հերթին սիրելի ամուսին էր, ընտանիքի հայր, տան գլխավոր, որի հյուրամոլությանը, նաև ընտանիքի բարեկեցության հաշվին ամենքին օգնության ձեռք մեկնելու, եղածը շռայլելու բնավորությանը անտրտունջ հնազանդվում էր: Այս իմաստով, պետք է արժանին մատուցել Օլգա Թումանյանին, որին պարտական է նաև մեր գրականությունը՝ «Վերնատուն» ունենալու, հազարավոր հայ մշակույթի գործիչների, օտարերկրյա դիվանագետների, հարյուրավոր որբերի պատվով ընդունելու, տասնյակ որբերի իր տանը տարիներով խնամելու և ամեն ամեն օր հյուրամոլ ամուսնու պատճառած նեղությունները անտրտունջ տանելու համար: Նույնիսկ ամուսնու բացակայության ամիսներին նրա տունը հյուրատուն էր ժամանակի բոլոր անվանի գրողների ու մշակութային, ազգային գործիչների համար: Հայ ոչ մի գրողի ընտանիք այդքան գրող ու արվեստագետ, քննադատ ու մտավորական, պետական և ազգային գործիչ չի հյուրընկալել իր հարկի տակ, որքան Թումանյանինը:
Գրքի երկրորդ մասում՝ «Նրա հոգու ջերմությունը. Օլգա Թումանյանի նամակները» («Тепло ее души: письма Ольги Туманян»), ներկայացվում են Օլգա Թումանյանի 50-ից ավելի նամակները, որոնցից 2 տասնյակը հրապարակվում են առաջին անգամ: Առհասարակ, Իրմա Սաֆրազբեկյանը առաջինն է ի մի բերել, ուսումնասիրել Թումանյանի ողջ ընտանիքի, մասնավորապես՝ Օլգայի նամակագրական (էպիստոլյար) ողջ ժառանգությունը: Օլգայի նամակներում ոչ միայն ընտանիքի պատմությունն է, այլև ժամանակի հասարակական-ազգային, մանավանդ գրական-մշակութային կյանքի առօրեականությունը: Դրանցում պահպանվել են Թումանյանի մտերիմ բարեկամների, պարզապես նրա տան բազմաթիվ հյուրերի կյանքի մանրամասներ: Առհասարակ, արվեստագետի կին լինելը հեշտ բան չէ, բայց առավել բարդ ու դժվարին էր Թումանյանի պես բազմազբաղ, տասնյակ վարչությունների նախագահ և այդ վարչությունների նիստերը իր տանը գումարող, տասնյակ որբերի իր տանը տարիներով պահող, ամենահյուրամոլ հայի կին լինելը:
Նույնիսկ պոետի՝ քաղաքից բացակայելու պայմաններում նրա տունը ապրելու վայր էր, ապահով և հյուրասեր տանիք, հարազատ օջախ շատերի համար: Օլգան ամիսներով հոգ էր տանում իր տանը հյուրընկալած Ղ. Աղայանի ընտանիքի, Դ. Դեմիրճյանի, Ավ. Իսահակյանի, Կ. Գալֆայանի և այլոց համար: Երբ Թումանյանն Աբասթումանում էր, Շանթը 4-5 ամիս ապրում էր բանաստեղծի տանը, ու թեև Օլգան անհանգստանում էր և ամուսնուն ուղղված նամակում հարցնում, թե «հարևանները ինչ կմտածեն», բայց լուռ ու մունջ ենթարկվում էր ամուսնու կամքին: Պոետի ընկեր-բարեկամները կատակով Օլգայի անունը դրել էին նահատակ, իսկ Թումանյանինը՝ «ընտանեկան աղետ»: Այս բնորոշման մեջ թեև կատակով, սակայն բացահայտ ճշմարտություն կար: Խրիմյան Հայրիկն էլ Օլգային խոստացել էր, դարձյալ կատակով, ցանկության դեպքում ապահարզան տալ: Հյուրասեր տանտիրուհին ուշադիր էր յուրաքանչյուր հյուրի նկատմամբ, սակայն առանձնահատուկ հոգածություն էր դրսևորում Կոմիտասի հանդեպ. «Իմանալով նրա լռակյաց ու ամոթխած բնավորությունը,- գրում է Սաֆրազբեկյանը,- տատիկը ձգտում էր նրա շուրջը ստեղծել ջերմ, անկաշկանդ մթնոլորտ: Թումանյանների տանը Կոմիտասն իրեն զգում էր ազատ և անկաշկանդ» (էջ 68): Ամուսնու մահից հետո Օլգան ապրեց 48 տարի և արեց այն, ինչ ասել էր որդին՝ Համլիկը, Թումանյանի մահից երկու օր անց. «Գրկում եմ քո տղամարդ սիրտդ, դու հերոսաբար տարար Արտիկի կորուստը, դու պետք շարունակես քո հերոսությունը մինչև վերջ: Ծանր է եղել քո խաչը… Մայրիկ ջան… Քեզ են նայում բոլորը: Չէ՞ որ դու ես փոխարինում քաղցր հայրիկիս, եղիր զգաստ»: Եվ Օլգան շարունակեց իր հերոսությունը, տարավ իր ծանր խաչը, նրան նայեցին բոլորը, և նա եղավ զգաստ, եղավ տան հիմքը, «Մեծ Մայրը»:
Անհնար է առանց հուզմունքի ընթերցել նաև գրքի վերջին ենթագլուխը՝ «Տատիկ. թոռների և ծոռների հուշերը» («Татик: Воспоминания внуков и правнуков») խորագրով: Այստեղ տեղ են գտել թոռնուհիներ Սուրմայի և Իրմայի, ծոռներից Կարինեի, Տատյանայի և Ռուբենի սրտաբուխ խոսքերը: Հիշելով տարբեր դրվագներ՝ նրանք ամբողջացնում են այդ հերոսական կնոջ այն կերպարը, որն ստեղծել է գրքի հեղինակ Իրմա Սաֆրազբեկյան-Թումանյանը: Այստեղ իր հանգամանալից շարադրանքով առանձնանում է բանաստեղծի թոռնուհու՝ Սուրմայի սրտի խոսքը՝ «Ես նրան համարում էի իմ երկրորդ մայրը» խոսուն վերնագրով: Երբ Օլգան իր տանը պահում էր Ալեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին, երբ գրեթե ամեն օր կերակրում էր ամուսնու ղեկավարած գրողների ընկերության որդեգիր որբերին՝ Վ. Նորենցին, Մ. Թութունջյանին և Ն. Դաբաղյանին, անշուշտ, չգիտեր, որ իր 10 երեխաներից ունենալու էր ընդամենը 7 թոռ, ու նրանք որբանալու էին մանուկ հասակում, և ինքն արդեն առանց ամուսնու պահելու էր իր որբ թոռներին, մասնավորապես Սուրմային՝ Արեգի աղջկան, ում մայրիկին աքսորել էին, իսկ հայրիկին՝ գնդակահարել: Եվ 66-ամյա տատիկը ստանձնում է 7-ամյա Սուրմայի խնամքը՝ փոխարինելով նրա ծնողներին հենց այն օրերին, երբ նա միանգամից կորցրել էր երեք որդիներին: Նա երկար տարիներ սպասելու էր անորոշության ու վշտի մեջ, դիմելու էր զանազան ատյանների և մնալու անպատասխան: Նա պիտի իր որբերին պահեր և իբրև նեցուկ ունենար միայն հոգատար դուստրերին: Սուրման խոստովանում է. «Տատիկը փրկեց ինձ, քանի որ մանկատանը ես չէի կարող գոյատևել» (էջ 200): Նա փրկեց և սերունդներին նվիրեց այն ամենը, ինչ մնացել էր Թումանյանից հետո. նրա ձեռագրերը, անձնական գրադարանը, բնակարանի ողջ կահավորանքը: Պատերազմի օրերին ամեն ահազանգի պահին նա ստիպում էր ամենքին իջնել նկուղ, իսկ ինքը մնում էր տանը՝ իբրև ամուսնու իրերի պահապան, «Նա պահպանում էր պապիկի կաբինետը» (էջ 208): Առհասարակ, Օլգան իբրև մասունք պահում էր յուրաքանչյուր առարկա՝ կապված ամուսնու հետ, և նրան չսասանեցին ո՛չ սկիզբ ու վերջ չունեցող զրկանքները, ո՛չ քաղցի ու ստալինյան ահաբեկչության տարիները: «Տատիկի կերպարն ինձ թվում էր վիթխարի և հերոսական» (էջ 221),- ասում է Տատյանան և զարմանում. «Որտեղի՞ց էր նա ուժ գտնում, ինչի՞ մեջ էր նրա նեցուկը այդ սարսափելի ժամանակներում» (էջ 221): Իսկ Կարինեն պատմում է՝ ինչպես Օլգան թույլ չտվեց իրեն Անուշ անվանել՝ Թումանյանի պոեմի հերոսուհու, Անուշ անունով իր դստեր ողբերգական ճակատագիրը նկատի ունենալով: Ռուբենը մանկությունից Թումանյանի գրադարանի լավագույն ընթերցողն էր և պարգևատրվեց իր մեծ տատիկից սրբությամբ պահպանվող Թումանյանի անձնական գրադարանի «Կենդանիների աշխարհը» գրքով:
Օլգան ողջ էր իր ամուսնու հարյուրամյակին: Աննախադեպ հոբելյանական հանդիսությունների պահին Օլգային հուզում էին իր անդառնալի կորուստները: Ժամանակին Թումանյանն ասում էր, որ պատրաստ է կրակին տալ իր բոլոր ստեղծագործությունները, միայն թե իրեն վերադարձնեին իր Արտավազդ որդուն: Նույն տրամադրությունն ուներ և Օլգան: Այդ օրը Թումանյանի թանգարանին մոտենալն անհնար էր. Բաղրամյան և հարակից փողոցներն ամբողջությամբ ասեղ գցելու տեղ չկար, տրանսպորտի աշխատանքը դադարեցված էր: Կարինեն, մի կերպ ճեղքելով բազմությունը, հասնում է թանգարան և տեսնում է 98-ամյա տատիկին տխուր, առանձնացած մի անկյունում. «Լավ կլիներ,- ասում է Օլգան,- որ չկազմակերպեին այսպիսի ճոխ հանդիսություն …բայց ձեռք չտային իմ երեխաներին, նրա որդիներին» (էջ 220):
Մենագրությունն ավարտվում է հեղինակի վերջերգով, որտեղ նա, թերթելով Օլգա Թումանյանի հերոսական կյանքի էջերը, գրում է. «Մարդու, Կնոջ, Մոր այդ հավաքական կերպարը արժանի է ընդօրինակման: Այդ 100 տարիների ընթացքում նրան բախտ վիճակվեց շատ բան տեսնել ու վերապրել, հնարավոր է՝ մի կյանքի համար չափից դուրս շատ: Չնայած ճակատագրի ծանր հարվածներին՝ նա կարողացավ դիմանալ. կյանքի ամենաողբերգական պահերին չկորցրեց սիրելու և իր սրտի ջերմությունը մարդկանց փոխանցելու ունակությունը» (էջ 228):
Իրմա Սաֆրազբեկյանի գրքում օրինակելի հայուհին՝ Օլգան, կանացի հոգու առողջության, ամրության ու անսահման բարության խորհրդանիշ է: Նրա «Օլգա Թումանյան» մենագրությունը, որը շուտով կներկայացվի նաև հայ ընթերցողին, թումանյանագիտության մնայուն երկերից է, ուշագրավ ներդրում ոչ միայն թումանյանագիտության, այլև հայ հուշագրական, միաժամանակ նամակագրական (էպիստոլյար) գրականության պատմության մեջ և գրված է թումանյանական անսահման ջերմությամբ ու սիրով, բարությամբ ու լույսով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.