ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ (նովել խաղաղ ավարտով) / Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արա ՆազարեթյանՑերեկվա հասանելիքն արած, վաղվանը՝ օրը բացվի բարին հետը, արեգակը թեքվել, մոլորակն իր սովոր պտույտով, ամենքինն իրեն, այդպես ահա, իրիկնամուտը պարտաճանաչ բերել, հասցրել էր մինչև պուրակամերձ մայրուղի: Հնդկացիական հանդերձանքով նվագածուն, անհայտ քամիներից քշված, իր ժողովրդի դարավոր խոհերն է փռել պուրակում ու կարծես արձան լինի, դեմքին մկան չի շարժվում… Չհիշվող ժամանակներից արևածաղիկ վաճառող կինը ձուլվել է մայթեզրին հիմնավոր դրած գլաքարի պես. ի՞նչ իմանաս՝ ինչ հոսանքների միջով ինչ ջրեր են հղկել, հիմա այդպես ողորկ գլաքարի պես կա, այլևս աչք չի ծակում… Օրվա ողջ լուսավոր մասը անցուդարձողներին օրհնանքներ շռայլող տատիկը (-…առողջ լինեք… հաջողություն ձեզ… քեզ էլ հաջողություն… ոտքդ քարին չառնի… ոչինչ, հիսունա՝ հիսուն տուր, մյուս անգամ հարյուր ունենաս՝ հարյուր կտաս, Աստված էլ թող տվողին տա… բախտիդ արժանանաս… ձեզ էլ հաջողություն… մուրազդ կատարվի… ձեզ էլ հաջողություն… սպիտակ ձիավորդ քեզ հասնի…), որ միշտ ու պարտաճանաչ իր տեղից անպակաս է, իրենով արած նստարանից կամաց հավաքում է ունեցվածքը… Անժամկետ նստացույցավոր ազատամարտիկի մոտ մի քանի լրագրող, արտառոց մի միջադեպի ակնկալիքով, անհավես, ժամանակ են սպանում… Հրապարակի կողմից ինչ-որ մարդիկ, երևի կարևոր մի բանից ուշացող, Նիկոլին են կանչում… Աստծո ամեն օր, արև թե մթամած, վիճակախաղի տոմս վաճառողը ժամացույցին է նայում, տուն գնալու ժամն է… Քթին ու սև հոնքերին անհարիր շեկացրած մազերով մեկը անորոշ սեռի, նորահայտ դավանանքակիր մի այլ շնատիրոջ հետ, խստապայման, մաքրացեղ զուգավորման են բերել իրենց ազնվազարմ խնամարկյալներին: Մերձեցման ծեսն արդեն հոտոտելու դրվագում է… Չինգաչկուկի հեռավոր զարմիկի մոտով, ծաղիկ օրերը երևի անպտուղ զվարճանքների տված, մեծ գերդաստանի հարգված տատը լինելու երանելի իր ճակատագիրը չկայացած արևածաղիկ վաճառողի ու բնազդական մղումով ծիսահանդեսի ելած ազնվացեղ շների կողքով… արդեն խորասույզ, կենտրոնացած, օրվա հասույթը հաշվող, բարեմաղթանքներ վաճառած կնոջ օրհնանքից բաժին չստանալով… ազատամարտիկի շուրջ հերթապահող լրագրողների պահընթաց առկայծող, թերահավատ հայացքների ներքո, Նիկոլ-Նիկոլ կանչողների ահագնացող աղմուկի ուղեկցությամբ, շահող տոմսերն սպառելուց օրվա շահածը վաճառողին թողնելով, ու նաև, ահա, երկտեղանի մանկասայլակը շրջանցելով… Արդեն երեկոյացող օրը տերևների սկսված շարժով դիմավորող ծառերի ստվերներն սկսել են երկարել: Փողոցում մի անգամ փաղաքշած կատվի ձագի պես, օրավարտը փաթ է ընկնում, կախվում ոտքերից: Աջ ոտքն սկսել է երբեմն տակից փախչել հանկարծ: Ու ճիշտ այդ պահին երևի պիտի խանութի ցուցափեղկում հենացուպը նկատվեր… Ներսում, խանութի մեջ, լրիվ այլ տեսք ուներ: Ձիգ, ոլորանախշ, մատներով մանրակրկիտ զննելու մղող, ոլորվելով-գալարվելով մինչև փարթամագեղմ գագաթը՝ կոր, աղջկական նազանքով խոնարհուն… հասարակ ձեռնափայտ չէր: Կարծես հենվելու համար չի, ծանրության կդիմանա՞… Առնել, ման տալու համար է, ի ցույց, պարծենալիք: Իսկը արվեստի գործ: Այդպիսին ինքը հենարանի պետք ունի, շոյելու, փաղաքշելու համար է, պիտի տերն ամուր, իրեն արժան, ապավեն լինի:
– Հավանո՞ւմ եք:- Սրահի վարսավեժ աշխատակցուհու ժպիտը մեղմ, պսպղուն-չարաճճի երբեմն, ծիկրակում է, իբր անփույթ սանրվածքի ճեղքերից, պատրաստակամ, մի բանի դրդող, բայց և անհանդուրժելիի իր գծած սահմանին աչալուրջ, երբեմն գլուխը թռչնաթեք՝ ուշադիր-սևեռուն, հաճախ՝ փախուսիկ…
Թե՞ այդ պատկերի շաղվելը իրենից չէ, նայում էիր ու մեկ էլ… Կար այդ պատկերն ախր՝ պսպղուն, չարաճճի աչքերը ճկուն պարանոցից վերև, ասես քամուց տարուբերվող փողոցային լուսասյան վրա թարթվող լապտերներ: Կար ու… չկա: – Հրա՜շք…
Խաղացկուն կանգնել է հավաք պրկված ոտնամատների վրա, պատրաստ ցատկի կամ փախուստի: Խնձորաժպիտ դեմքից վար, կզակի ուղղությամբ, ճիշտ զույգ ծիծեռաբույն քիվի տակ, լորաթպիրտ տարուբերվում են հորիզոնական մի գծի վրա ու աներևույթ թռչունը մե՛րթ, ասես տագնապած լոր, զգուշավոր, տնքոցի նման խուլ, խլրտում է բնում, մե՛րթ ծիծեռնակի պես մեկեն թևածում է ճախրածիծաղ…
Սուր աչք ունեք, գեղեցիկը գնահատող… Հավանեցի՞ք: – Հոպար, կողմնորոշվեք, հենակը գնո՞ւմ եք: – Հենակը… Երևի… – Երևի այո՞, թե՞ երևի ոչ: Կրկին հայտնված պատկերը, վերջին քայլն օդում պահած մտրուկ, ժպտում է դավադիր: Կարծես տեսիլք լինի… Քայլը տակավին չէր դրել, ասաց. – Գեղեցիկով միայն հիանալը քիչ է: Օգտվելու պահանջը պիտի լինի…- ժպտում է, կարծեց՝ քայլն արել է: – Դեռ վաղ է: – Վա՞ղ, թե՞ ուշ… Ակնակկոց կարկամած ու, ոնց որ ոտքը գետնին խփի, ասաց. – Նայած ինչը: …Փաստորեն, պահ կա, երբ մի բան վաղ է, մեկ այլ բան՝ ուշ: Բայց դա միանգամից չի գալիս: Դեռ լինելու է անխուսափելին ցանկալիից զատորոշելու ընթացքը: Մինչև խաղաղ անդորր, ափիբերան փաստի հետ հաշտվելու արանք լինում է: Մայրամուտից առաջ ստվերները երկարում են ոչ միանգամից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։