Հիշողությունը՝ Ռոբերտ Եսայանի ներհայեցողությամբ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հրեշտակները մաքրության և ազնվության խորհրդանիշեր են: Ո՞վ կարող է դուրս գալ իր հրեշտակի դեմ, որքան էլ դժվարանցանելի լինի նրա լուսեղեն մաքրության հետ հարաբերվելու ճանապարհը: Անշուշտ, նրանք, ովքեր երբևէ չեն ճաշակել լույսի համը:
Ռոբերտ Եսայանի բանաստեղծական խոսքը քաոսի վրա բացվող լույսի մասին է, այլ խոսքով՝ իր իսկ հրեշտակի մասին, որին կարող ես հանդիպել ընթերցանության պահին, եթե «ետ տանես տողը»: Մի մաքրամաքուր հրեշտակ է անցնում Ռոբերտ Եսայանի տողերի միջով, տողատակով ու տողերի գլխավերևով՝ պահպանելով առաջ ընթացող ճանապարհի լուսավոր անշեղությունը.
Ետ տար տողը, ինչպես կափարիչը քաոսի,//Եվ կտեսնես, թե ինչպես է ծնվում ճանապարհը…
Առջևում ձգվող ճանապարհը բռնելուց առաջ բանաստեղծին հարկավոր է ճշտվել, սեփական եսը մաքրել նրա շուրջը վխտացող քաոսային թափթփուկներից, որի մասին նա այսպես է խոստովանում.
Հրեշտակի թևը բարձրացնում եմ//Եվ նայում իմ ապագային:
Այսպես, հրեշտակաթև հովանու ներքո է պարփակում իր բանաստեղծական աշխարհը, այդ հովանու հետ համաձայնեցնում, զուգահեռում, ոգեզարդում իր կյանքը Ռոբերտ Եսայանը՝ միևնույն ժամանակ բացելով հրեշտակի թև ունենալու գաղտնիքը:
Ծխում եմ հուշերիս ածուխը կարմիր,//և հոգուս խորքից բարձրանում է վեր//ցավերիս լո՜ւյսը-//հրեշտակի՜ թև…
Ահա, թե ինչի կարող է փոխակերպվել ցավից բարձրացող լույսը, այլ խոսքով՝ տառապանքի լույսը: Փիլիսոփայական հայեցողության մի հրաշալի օրինակ է սա, որ հատուկ է Ռոբերտ Եսայանի պոեզիային: Վաղուց ի վեր և մշտապես մարդկային խոնարհումով արված «տառապանքի ծաղիկ» արտահայտությունն այստեղ զիջել է իր տեղը՝ ընդունելով չմարող հույսերով լի և առավել լուսավոր որակներ: Ցավերի թողած հետքը ոչ թե մխիթարող ու նրբագեղ ծաղիկ է, այլ նոր, թարմ ու մաքրամաքուր թևաբախումների կոչող հրեշտակի թև:
Բանաստեղծական ներհայեցողության պահին ադամանդի կարծրությամբ ու խտացված շողերի յուրահատուկ փայլով ծնվում է բանաստեղծի խոսքը, որպես բանաստեղծական տողերում խտացված փորձառության իմաստուն ձևակերպում.
Եթե հիշողությունների միջև կամուրջներ//չկան, ուրեմն//դեռ չի՜ ծագել տարածության աստղը:
Իսկ եթե կամուրջներ կան, հենց նրանք են տարածության վրա բացված աստղերը, որոնք իրար փոխանցվող շողերով զարդարում են ողջ տարածությունը:
Հիշողությունը որպես տարածություն ընկալելու ներհայեցողական ապրումի վարպետ ներկայացում է «Հայաստանի ջուրը»: Հիշողության ջրով ծարավը հագեցնելու բավականություն է նույն բանաստեղծությունը:
Հիշողության ջրերի վրա նույն հիշողությանը նվիրյալ վարպետ նավավարի նավարկություն է «Հայաստանի ջուրը»:
Հիշողությունը ետևում թողնված տարածություն չէ, այլ կամուրջ առ կամուրջ կանգառելու և կամրջի գլխից «տարերքն աստղերի» ու աստղի ծագումն ըմբոշխնելու հնարավորություն:
Ահա մի կամուրջ՝ հիշողության հոսող ջրերի վրա, որտեղ հայրենի եզերքում հոսող ջրի յուրաքանչյուր ումպի հետ՝
…քարն իր խորքերի ծիածանն է բացում//Բողբոջի կապույտ երակի վրա:
Եվս մի կամուրջ, որտեղ՝
…երկնքի կեղևից ծիլ է տալիս հորիզոնը՝//Ներշնչանքի ճի՜չ:
Հիշողությունը հոսող ջրերի տարածք է, իսկ եթե հայրենիքի ջուրն է, ուրեմն՝ խմածդ «ոգին է կայծքարի», «տարե՜րքն աստղերի», «հո՜ւյսը ընթացքի», «շո՜ւնչը երազի»…
Ու տող առ տող շարունակվում է ծարավն ու հագեցումը, ու շարունակվում է՝ «ցողուններում Անսահմանի»:
Ծարավը հուշերով հագեցնող տարածության մեջ բանաստեղծն իրեն այնպես է զգում, ինչպես մեղուն՝ ծաղկի լուռ համաձայնությամբ, նրա կենտրոնում նեկտար է հավաքում:
Հուշարձանի կարմիր լռությո՜ւնն է հառնում//Ծաղիկների քարե ճիչերի միջից://Ժամանակի ափից//ջո՜ւր է խմում հիշողության լույսը:
Ռոբերտ Եսայանի խոհը, որ պտտվում է հիշողության շուրջը, նրա միայն մի անկյան վրա չէ, որ կանգ է առնում: Մի տեղ այն կամուրջներ ունեցող և հոսող ջրերի տարածք է, մի տեղ՝ տարածություն է, որ արմատներ ունի: Ժամանակն ինքը պտտվող հիշողություն է, և ժամանակային բոլոր ձևերը, իրենց հերթին, պտտվում են հիշողության շուրջը.
Հո՜ւյսն եմ համբուրում//Ես արմատներով հիշատակների://Ես հո՜ւնդն եմ վաղվա…
Ոգեղեն բարձունքում լինելու գոյության ձև է ժամանակի հոսքն իր ներսում ամբողջացնելու ապրելաձևը: Ոգեղեն բարձունք, որին հասնելու համար ողջ ճանապարհին պետք է լույսը զատել քաոսից և կյանքը՝ մահից:
Օ՜, ոգու տարածքից աքսորված արշալույս,//օ՜, արմատի ճիչ,//հիշողության փշրված դռներ՝//արմատներիս տրոփող երկինքների մեջ,//կամուրջների հեկեկանք՝//թաշկինակի պես հորիզոնի ձեռքերից սահող…
Ահա մի տառապանք, որի գլխավերևում չի կարող չհայտնվել նոր թևաբախումների կոչող հրեշտակի թևը.
Ես ուղղում եմ//Քայլս//Անհունի շնչառությամբ//և իշխում//մահի//ունայնության վրա:
Ռոբերտ Եսայանի բանաստեղծական ընդհանրացումը հավքի կերպարանք ունի, որը յուրաքանչյուր թռիչքի հետ կարոտի մի փետուր է թողնում հիշողության գետնին: Անցյալում մնացած այդ կարոտներն էլ զատվում են քաոսից և լուսավոր հույսերի դռներ բացում ապագայի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։