ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Կոմի Ինքնավար Հանրապետություն: Խիստ ռեժիմի ճամբար: 28 հոգուց բաղկացած հայկական բրիգադը տաժանակիր աշխատանքից հետո վերադառնում է բարաք: Բարաքը երկհարկանի է: Առաջին հարկում տարեցներն են՝ 45-50 տարեկանները, ջահելները երկրորդ հարկում են տեղավորվել:
…Ձայներ են հնչում.
– Ա՜խ, ինչպես եմ հոգնել, ինչպես եմ ուզում տնական համեղ մի բան ուտել:
– Այ, թե հիմա մի ձվածեղ լիներ… վա՛խ,- նկարիչ Աշոտն է:
– Ինչո՞ւ ոչ, հիմա թավան կդնենք կրակին, կարագը հենց տժժա՝ հինգ ձու կջարդենք:
– Ոչ թե հինգ, այլ տասը,- վերևի տախտամածից արձագանքեց ուսանողը:
– Թող լինի տասը: Հետո մեջը լավաշ կբրդենք, պոմիդորները կկտրատենք… Աստված իմ, ինչ համեղ է: Նաև՝ օղին: Այ, սա կյանք է: Եթե վերադառնամ, ամեն օր ձվածեղ եմ ուտելու:
Խոսակցությանն է խառնվում ասպիրանտը, նույնպես վերևի տախտամածից.
– Մայրս կոտլետ էր սարքում՝ համից չէիր կշտանա: Հիմարի պես երկու կամ երեք հատ էի ուտում: Իսկ մայրս ասում էր. «Բալիկ ջան, ինչո՞ւ այդքան քիչ, համեղ չէ՞ր»: «Մամ ջան, շատ համեղ էր, բայց կուշտ եմ»: Տարօրինակ է, այն ժամանակ ես միշտ կուշտ էի, հիմա միշտ սոված եմ: Հիմա այդ կոտլետներից մի տասը հատ կուտեի, ու էլի քիչ կլիներ:
– Վաղ առավոտյան մեզ՝ տղամարդկանց, հրավիրում են խաշի: Բայց հետաքրքիր է, ինչո՞ւ վաղ առավոտ ու ինչո՛ւ՝ միայն տղամարդկանց: Ու մենք, ութ հրավիրվածներս, նստում ենք սեղանի շուրջ: Սեղանին լավաշի դեզն է, սխտորն ու օղին՝ ինչքան սիրտդ ուզի: Մեծ, խոր ափսեների մեջ բերում են խաշը: Ուտում-ուտում ենք, խմում-խմում ենք,- ասողը գիտնական էր:
– Վա՛խ, մոռացել ենք խորովածի մասին: Խորոված ու օղի: Առանց օղու ի՞նչ խորոված: Առաջ, ապուշի պես, երկու-երեք կտոր էի ուտում, հիմա տասը կիլո կուտեի:
– Հիշում եմ մանկությունս, սիրելի քաղաքս՝ Վանը… Դուք չգիտեք՝ այնտեղ ինչ այգիներ են, ինչ մրգեր, ինչ բուրմունք է օդում: Հիշում եմ տապակած խոճկորը Նոր տարվա սեղանին, կանաչին էլ՝ բերանից ցցված: Զարմանում եմ, ամբողջ ընտանիքով ուտում էինք, ու չէր պրծնում: Հիմա, անկեղծորեն եմ ասում, տվեք ինձ այդ խոճկորը, կուտեմ ու ձեզ չեմ տա,- Գուրգեն Մահարին է:
Լսվում է ծիծաղ, քրքիջ…
– Գուրգեն ջան, բարով ուտես, մենք կուշտ ենք, մենք ուտել չենք ուզում:
Գուրգենը շարունակում է.
– Ես գիտեմ, թե ինչու չէինք կարողանում լրիվ ուտել այդ խոճկորը: Սեղանին այնքան բազմազան ուտելիք կար՝ մորս ձեռքերով պատրաստած, որ այդ ամենը ուտել անհնար էր: Ես բանաստեղծ եմ, բայց գրել չեմ կարողանում, ես պոեզիայի մասին էլ մտածել չեմ կարող, մտածում եմ միայն համեղ ուտելիքի մասին, որովհետև գայլի պես սոված եմ: Ես միշտ սոված եմ: Երազանք ունեմ՝ եթե վերադառնամ Երևան, պետք է գրեմ դժոխքի մասին, որի մեջ գտնվում ենք… որպեսզի աշխարհն իմանա:
– Հիշում եմ մեր Նոր տարին… Ճիշտ է, սեղանին խոճկոր չէր լինում, բայց տապակած հավերն անպայման էին: Սեղանը հարուստ էր, մենք շատ լավ էինք ապրում,- երիտասարդ ասպիրանտն է:
Իր խոսքն է ասում նաև իրավաբանը:
– Եթե երբևէ վերադառնամ, ամեն ինչ կանեմ, որ գնամ Սովետական Միությունից, գնամ այնտեղ, որտեղ ինքը չկա:
– Իսկ որտե՞ղ չկա: Ես էլ եմ ուզում այնտեղ լինել: Ու՝ ‘‘Прощай, немытая Россия, страна рабов, страна господ’’,- ինչպես գրել է Լերմոնտովը:
Այս զրույցն ընթանում էր մաքուր գրական հայերենով, ինչը վկայում էր բարաքում հավաքված կալանավորների մտավորական լինելու մասին: Բայց նրանց զրույցի թեմաներն ու բովանդակությունը առավել հարիր էին խոհարարական դասընթացներին, որտեղ հիմնականում խոսում են կերակրատեսակների մասին…
Այո՛, նրանք հոգեպես ճզմված էին, անկարող՝ անդրադառնալու վեհ թեմաների: Նրանց երազանքն էր դարձել կուշտ ուտելը, որից հետո մեռնելն անգամ սարսափելի չէր: Եվ այդպես՝ տարբեր ազգությունների լավագույն, հանճարեղ, տաղանդավոր միլիոնավոր մարդիկ զոհվում էին բանտերում ու ճամբարներում՝ հոգեպես դատարկված ու միակ երազանքով՝ կուշտ ուտել… Գուրգենը տխրությամբ ու ցավով էր հիշում այդ ամենը և չէր կարողանում զսպել արցունքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։