Ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը

Ալավերդու մշակույթի կենտրոնում ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» հանրապետական-երիտասարդական գրական ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին Լոռու մարզի մինչև 31 տարեկան բանաստեղծները:
Հանձնախմբի անդամներն են՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, բանաստեղծներ Գագիկ Սարոյանը, Սոնա Անտոնյանը, Ռոզա Հովհաննիսյանը, գրականագետներ, բան. գիտ. թեկնածուներ Արքմենիկ Նիկողոսյանը, Արմեն Ավանեսյանը, Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը:
Մինչև մրցանակաբաշխության արարողությունը հանձնախմբի անդամները, Ա. Մկրտումյանի հարազատները, մտավորականներ Սանահինի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցեցին վաղամեռիկ բանաստեղծին, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրմին:
Միջոցառմանը ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Ավանեսյանը, արձակագիր, հրատարակիչ Վան Արյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, մտավորականներ, գրասերներ:
Ցերեկույթը վարում էր արձակագիր, դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանը: Միջոցառման կազմակերպիչների թվում էր Ալավերդու մշակույթի կենտրոնի թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Հրաչյա Պապինյանը:
Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ մայիսի 1-ը Արարատ Մկրտումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 61 տարեկան, և ներկայացրեց մրցանակաբաշխության նախապատմությունը:
Էլֆիք Զոհրաբյանը մեջբերումներ արեց հայտնի բանաստեղծների և գրականագետների խոսքերից, ովքեր բարձր են գնահատել Ա. Մկրտումյանի պոեզիան:
Մշակույթի կենտրոնի թատրոնի արտիստները ներկայացրին թատերականացված կոմպոզիցիա վաղամեռիկ բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը իր խոսքում նշեց. «Մեր պոեզիան դարերի ընթացքում իր մեջ է ամփոփել երկրի ուժն ու գաղափարը»,- ապա անդրադառնալով նաև երիտասարդ բանաստեղծներին, ովքեր ավագ սերնդի արժանի փոխարինողն են լինելու, հավելեց. «Շնորհակալ եմ Արթուր Մկրտումյանին, ում շնորհիվ գրական մթնոլորտ է ստեղծվում, ճանապարհ է բացվում նոր սերնդի համար»: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ գլխավոր մրցանակակրի համար հնարավորություն կընձեռվի 5 օր անվճար հանգստանալ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը:
Մանվել Միկոյանը ներկայացրեց մրցանակաբաշխության կազմակերպման ընթացքը, ինչպես արդեն մամուլում տպագրվող երկու հեղինակների, այնպես էլ մյուս 6 մասնակիցների հետ իրականացված աշխատանքը: «Այն, ինչ հապաղում է, ավելի ճիշտ՝ զլանում է անել պետությունը, անում են գրասեր, բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ` ի դեմս Արարատի եղբայր Արթուր Մկրտումյանի: ՀԳՄ-ն մշտապես անում է ամեն ինչ տաղանդավոր գրողների, այդ թվում՝ երիտասարդների գրքերը հրատարակելու գործում: Սակայն վերջին տարիներին պետությունը գրեթե դադարեցրել է ժամանակակից գրականության հրատարակման աջակցությունը: Այս պայմաններում երիցս կարևորվում է անհատ բարերարների աջակցությունը հայ գրականության զարգացմանը»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ Արթուր Մկրտումյանը՝ իր պարտքը համարելով այս նախաձեռնության շարունակականության ապահովումը:
Ապա Մ. Միկոյանը հրապարակեց մրցանակաբաշխության արդյունքները:
Գլխավոր մրցանակի արժանացավ ծնունդով ահնիձորցի Մարինե Թաթոյանը:
Խրախուսական մրցանակներ ստացան վանաձորցի բանաստեղծուհիներ Մանուշակ Քոչարյանը, Իրմա Հակոբյանը, Հրաչուհի Լոռեցյանը, Անահիտ Ղազախեցյանը, Լիլիթ Անդրիասյանը, ալավերդցի Գևորգ Արշակյանը և Վիոլետա Լապտևան՝ Պրիվոլնոյե գյուղից:
Առանձին գրքով «Արմավ» հրատարակչությունը տպագրել է Մարինե Թաթոյանի բանաստեղծությունների «Առավոտի թևեր» ժողովածուն, իսկ մյուս 7 հեղինակների գործերը հրատարակվել են «Բառի եզրագծեր» անթոլոգիայում: Մրցանակները և տպագրված գրքերի փաթեթները երիտասարդ բանաստեղծներին հանձնեցին Մ. Միկոյանը և Ա. Մկրտումյանը: Էդ. Միլիտոնյանը Մ. Թաթոյանին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով:
Լևոն Հարությունյանի նվագակցությամբ կատարումներով հանդես եկավ օպերային երգիչ Արտակ Ստեփանյանը: Խոսք ասաց գրքերի հրատարակիչ և հրատարակչության խմբագիր Ա. Ավանեսյանը՝ իր հերթին շնորհակալություն հայտնելով Ա. Մկրտումյանին:
Երգերի կատարումներով հանդես եկավ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ուսանողուհի Աննա Մեջլումյանը:
Վաղամեռիկ Արարատ Մկրտումյանի գործերից ասմունքեցին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Գաբոյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև Է. Զոհրաբյանը:
Միջոցառումը վերածվեց գրական տոնի:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։