– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմազան գրքեր են հրատարակվում, սակայն դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելուն:
Գրականության հասարակական նշանակությո՞ւնն է նվազել, թե՞…
– Բոլորին է հայտնի, որ այսօր գեղարվեստական գրականության հրատարակչական ոլորտում քաոսային իրավիճակ է տիրում: Բացառությամբ մի քանի լուրջ հրատարակչությունների, Հայաստանում տպագրում են հազարավոր գրքեր, որոնք գեղարվեստական արժեք չունեն: Իսկ այն հեղինակները, ովքեր ստեղծում են լուրջ գրականություն, հիմնականում մնում են ստվերում, շատերը նույնիսկ իրենց գրքերի շնորհանդեսները չեն կազմակերպում:
Անժխտելի է, որ այսօր Հայաստանում կան գրողներ, ովքեր ստեղծում են նոր, մրցունակ գրականություն: Խորհրդային տարիներին նրանք հաստատ ճանաչված և հասարակության կողմից սիրված կլինեին:
Վերջին երեք տասնամյակում մեր երկրի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ քաղաքացիական ամուր դիրքորոշում և ծանրակշիռ ասելիք ունեցող գրողները, մտավորականները մնան ստվերում, ապրեն աղքատության մեջ և լինեն վերահսկելի ու սոցիալապես անպաշտպան:
Իռլանդացի գրող Բրենդան Բիանն ասել է. «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»:
Երկրի իշխանությունները սխալ են հասկացել կամ ընդհանրապես չեն հասկացել այդ արտահայտությունը, եթե, իհարկե, կարդացել են (նրանք չեն սիրում կարդալ, նրանք միայն մտածում են հարազատ ժողովրդին թալանելու և երկրից քշելու մասին):
Իսկական հայրենասեր գրողը, մտավորականը նա է, ով գրում է երկրում կատարվող անարդարությունների մասին, մտահոգվում է ամեն թերության համար, փորձում օգնել՝ վերացնելու այդ ամենը և ոչ թե քծնանքի ու ստորաքարշության ճանապարհն է բռնում:
Ընթերցողների ակտիվ խմբին մեծապես հետաքրքրում է նաև գրողի, մտավորականի քաղաքացիական թեմաներով գրած գրքերը, հոդվածները:
Ապրիլի 20-ին ես դրանում համոզվեցի Լոռու մարզային գրադարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, երբ բոլոր բանախոսներն ու ներկաների մեծ մասը խոսեցին և հետաքրքրված էին «Ստվերներից անդին» գրքիս քաղաքական-քաղաքացիական բանաստեղծություններով:
Սակայն սա խնդրի մի կողմն է միայն:
Ամենամեծ խնդիրն ընթերցողների անտեղյակությունն է: Նրանք ուղղակի հնարավորություն չունեն զանազանելու թացը չորից:
Միայն գրական մամուլը և համացանցը բավական չեն՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում գրական աշխարհում:
Շատ կարևոր է, որ արժեքավոր գրքերը գովազդվեն, արժանանան օբյեկտիվ գնահատականների նաև հեռուստատեսությամբ: Այս առումով շնորհակալ գործ է անում Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (Հ1)՝ «Առավոտ լուսո» թողարկման մեջ ընդգրկելով «Գրադարակ» հաղորդաշարը:
Մշակութային տարբեր հաղորդումներ կան նաև այլ հեռուստաընկերությունների ծրագրերում:
Մեկուկես ամիս առաջ ՀՀ մշակույթի, արդեն նախկին, նախարար Արմեն Ամիրյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում էր ունեցել, որի ժամանակ խոսել էր թատերարվեստից, երաժշտությունից, թանգարաններից, իսկ գրականության մասին համառորեն ոչինչ չէր ասել:
Տպավորությունն այնպիսին էր, որ գրականությունը մշակույթ չէ, իսկ Հայաստանում և ամբողջ աշխարհում գրողների անուններով անվանակոչված փողոցները, հրապարակները, կրթօջախներն ու մշակույթի այլ օջախներն ուղղակի թյուրիմացության արդյունք են:
Այս հակամշակութային մտայնությունը կարծես թափանցել է նաև հեռուստաալիքներ, որոնք հանդիպման և հարցազրույցի են հրավիրում երաժիշտների, նույնիսկ սերիալների՝ ոչինչ չասող անուն ունեցող դերասանների, իսկ գրողները մնում են ստվերում: Այս ամենին ավելանում է նաև մի արատավոր երևույթ: Իրենց գրող համարող որոշ գրամոլներ հայտարարում են, թե այսօր Հայաստանում չկա լուրջ գրականություն: Ամերիկյան գիտնականները պարզել են, որ գրամոլությունը շիզոֆրենիայի մի տարատեսակ է: Հետևաբար, նման կանխատեսելի շիզոֆրենիկներին ոչ միայն չպետք է լսել, այլև չի կարելի նրանց ձայն տալ:
Հայաստանում իրականացվել է թավշյա հեղափոխություն: Իշխանության են գալիս գրագետ, ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող մարդիկ: Նրանք չեն առաջնորդվի բոլորին հայտնի «Պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ական լինի» ասացվածքով՝ ՀՀՇ-ի տեղը «Ելքական» ասելով:
Շատերին կարող է թվալ, թե գրողներն իրենց հիմնախնդիրների մասին չեն բարձրաձայնել: Հանրապետության առաջին դեմքից մինչև Մշակույթի նախարարը, բոլորին ասվել է ամեն ինչ, ասվել է բազմիցս, սակայն նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ էլ նրանց պետք չի եղել, որ հասկանան:
Մնում է սպասել երկրի երիտասարդության ընդվզման և պայքարի արդյունքում իշխանության եկողներին: Համոզված եմ, որ նրանք մեր երկրում կվերականգնեն բարձր չափանիշները բոլոր բնագավառներում, նաև արվեստի և գրականության ոլորտում:
Մարդիկ դուրս կգան նախկին իշխանությունների ստեղծած գարշահոտ ճահճից և հանգիստ խղճով, արժանապատվության բարձր զգացողությամբ կապրեն: Այդ ժամանակ արդեն աստիճանաբար կլուծվեն նաև գիր ու գրականության խնդիրները, իսկ ժողովուրդը վերջապես կճանաչի հայ գրականության առաջատար դեմքերին, և նրանց գրքերը պահանջված կլինեն: