ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ
ԽՈՍՔԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հարգարժան պարոն Թորանյան,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքը Ձեր 90-ամյա փառահեղ հոբելյանի առթիվ:
Հաճելի է մեզ համար լինել ժամանակակիցը մի մարդու, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է հայ համայնքին, մարդկանց առողջությանը, գրականությանն ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների բարձրաձայնմանը:
Այնուամենայնիվ, մեր իրականության մեջ Թորոս Թորանյանն առավելապես ճանաչելի է որպես գրող:
Սփյուռքահայ գրականությունը հարուստ է մնայուն գործերով: Յուրաքանչյուր գրող, լինի կարոտի կամ նահանջի գրականության ներկայացուցիչ, առանձնանում է իր գրչի յուրահատկությամբ և դառնում անցյալի ու ներկայի խաչմերուկում հայտնված մի ժառանգորդ, որը չի կարող ետ չնայել, չի կարող ապրել միայն գալիք օրվա սպասումով, որում համոզվում ենք` կարդալով սփյուռքահայ վեպերը, պատմվածքները, բանաստեղծությունները և դրանով հանդերձ՝ փորձում հասկանալ, թե ինչպիսին է գրողի աշխարհատեսությունը, գրական դավանանքը: Գրականությունն արտահայտում է մարդկային հոգու ամենատարբեր զգացողությունները, ազգային մտածողությունն ու ձգտումները, որոնցից ծնվում են գրական արժեքներ: Դրանցում առկա են մարդկային ապրումն ու տառապանքը, կորուսյալ Հայրենիքն ու տան տաքուկ անկյունը, սիրելի մարդիկ և այլն, որոնք դառնում են ազգային արժեքների գնահատման և դրանց վերարժևորման անցյալի և ապագայի ճանապարհ:
Այս առումով, Դուք ունեք Ձեր ուրույն տեղը հայ գրականության անդաստանում: Ձեր ստեղծագործություններն ունեն գիտական, գրական և ճանաչողական արժեք: Հատկապես ուզում եմ ընդգծել նրանցում արտահայտված Հայրենիքի, ծննդավայրի նկատմամբ Ձեր ունեցած անզուսպ կարոտը, որն, ի վերջո, ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ողջ գերդաստանը բերեց Մայր Հայրենիք՝ «թափառ չըլլալու համար եկայ անկախ Հայաստան ու հիմա տանս պատշգամբէն ամէն օր, կը դիտեմ Արա լեռն ու սրբազան լեռն Արագած»,- գրում եք Դուք: Այստեղ ուզում եմ ընդգծել Ձեր «Հուշագրությունը», որը երիտասարդ տարիներին Հայրենիքի հետ անքակտելիորեն կապվելու, մեկ միասնություն դառնալու վկայագիր է և ամփոփում է Ձեր բոլոր խոհերը, ապրումները, սպասելիքն ու հավատն ապագայի հանդեպ, հաստատում է համայն հայության համախմբմամբ Հայրենիքը զորացնելու տեսլականը: Եվ, իսկապես, Հայրենիքը Ձեզ չի պատկերանում գույնով ու ձևով. քանզի Ձեզ համար այն արմատն է, որից պիտի սկիզբ առնի ու վերընձյուղվի այսօրվա Հայաստանը:
Ապրելով Հալեպում և Ձեր գործունեությամբ ծառայելով հայապահպանությանը՝ Դուք հասել եք Սփյուռքի գրեթե բոլոր գաղթավայրերը, հանդես եկել դասախոսություններով: Թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի գրասեր հասարակությունը բազմաթիվ առիթներ է ունեցել ունկնդրելու Ձեզ և հիանալու գրականության Ձեր խորքային իմացությամբ:
Բարձր գնահատանքի է արժանի նաև Ձեր նախանձախնդրությունը հայ մշակույթի, գրականության զարգացման գործում: Դուք ամենազգայական մտավորականներից եք, ով շարունակ արձագանքել է գրական ցանկացած իրողության՝ անկախ իր մեծությունից ու նշանակությունից: Եվ Ձեր այս տեսակը գնահատելի է եղել թե՛ Հալեպում, թե՛ Սփյուռքում ընդհանրապես և թե՛ Հայաստանում:
Շնորհավորելով Ձեր տարեդարձը՝ մաղթում եմ առողջ երկարակեցություն:
Թող հայրենի հողն առավել նպաստավոր լինի ստեղծագործական նոր ձեռքբերումների առումով՝ հարստացնելով հայ գրականության մերօրյա ժառանգությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։